ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1197-25.11.2025-ԱՍ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-11971-25.11.2025-ԱՍ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1197-25.11.2025-ԱՍ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-11971-25.11.2025-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նույն օրենքին հղում կատարելիս առկա չէ միատեսակ մոտեցում, մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետում կիրառվում է «Ժամանակվոր անաշխատունակության եւ մայրության նպասների մասին» օրենք» ձեւակերպումը, իսկ Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերում՝ «Ժամանակվոր անաշխատունակության եւ մայրության նպասների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» ձեւակերպումը: Այս համատեքստում հարկ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծում վերը նշված օրենքին հղում կատարելիս ապահովել վերջինիս անվանման միատեսակ կիրառությունը: 2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր բովանդակությամբ, իսկ Նախագծի 6-րդ հովածով նախատեսվում է Օրենքի 24-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 24.1-ին հոդված: Հարկ է նկատել, որ Նախագծի 5-րդ հոդվածով կատարվող փոփոխության եւ 6-րդ հոդվածով կատարվող լրացման արդյունքում Օրենքի 24-րդ եւ 24.1-ին հոդվածները դառնում են նույնաբովանդակ՝ եւ՛ վերնագրի, եւ՛ իրավական կարգավորումների առումով: Նման պայմաններում Նախագծով նախատեսվող համապատասխան կարգավորումները կհանգեցնեն դրույթների անհիմն կրկնության եւ զուգահեռ կիրառման, ուստի առաջարկում ենք վերանայել վերոնշյալ դրույթները: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառեով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգավորումն առ այն՝ փոփոխությունը կատարվում է բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի այլ դրույթներում առկա «շարադրել հետեւյալ բովանդակությամբ» բառերին: 3. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝» բառերը լրացնելու, իսկ 2-րդ մասից «, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ)» բառերը հանելու արդյունքում այդ մասերն ունենում են հետեւյալ բովանդակությունը. «1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար տարածքային կենտրոն են ներկայացվում դիմումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ անհրաժեշտ փաստաթղթերը: 2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Վերոգրյալից բխում է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմում ներկայացնելիս փատաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունը լիովին չի վերանում (վերապահվում է Կառավարության հայեցողությանը, թե երբ պետք է ներկայացվի), սակայն Կառավարության՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու իրավասությունը վերացվում է: Ինչի արդյունքում այս դրույթն անորոշ է, քանի որ հասկանալի չէ, թե ում կողմից եւ ինչպես է այդ ցանկն այսուհետ սահմանվում: Առաջարկում ենք վերոնշյալ դրույթները հստակեցնել՝ հիմք ընդունելով սույն դիտարկումը: Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների համարակալումը չի կատարվել Նախագծի մյուս բոլոր հոդվածների համարակալման սկզբունքով: Անհրաժեշտ է Նախագծում ապահովել համարակալման միատեսակ մոտեցում բոլոր հոդվածներում: 4. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 6.1-ին գլխի 26.3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը 6 ամիս անընդմեջ չվճարելու դեպքում: Հատկանշական է, որ վերոնշյալ դեպքը բավականաչափ հստակ չէ, մասնավորապես՝ նշված չէ, թե ինչ հիմքով նպաստը չվճարելը կարող է հիմք հանդիսանալ նպաստի իրավունքի դադարման։ Միաժամանակ նշենք, որ այս կարգավորումն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք, քանի որ հասկանալի չէ, թե քննարկվող հիմքով նպաստի իրավունքի դադարեցնելն ինչ նպատակ է հետապնդում: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք հստակեցնել քննարկվող նորմը: 5. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 6.1-ին գլխի 26.3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝ անձին սույն օրենքի խախտմամբ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակված լինելու դեպքում: Գտնում ենք, որ նշված դեպքում անհրաժեշտ է հստակեցնել, որ նպաստի իրավունքը դադարում է նպաստ ստանալու համար դիմած անձի կողմից սույն օրենքի խախտման արդյունքում նպաստ նշանակվելու դեպքում: 6. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Օրենքի 28.4-րդ հոդվածի 20-23 մասերն ուժը կորցրած են ճանաչելու արդյունքում խնամքի նպաստը լիազորագրի հիման վրա վճարվելու վերաբերյալ կարգավորումներն այլեւս չեն գործելու: Այս համատեքստում հարկ է նկատել, որ Օրենքի 28.5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում դեռեւս պահպանվում է խնամքի նպաստը ստանալու համար տրված լիազորագրի ժամկետը լրանալու հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը: 7. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 37-րդ հոդվածի 1.2-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում այն ունի հետեւյալ բովանդակությունը. «Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին եւ 2.3-րդ մասերում նշված դեպքերի, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ), այդ թվում? սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով պետական նպաստ ստացող անձին կամ ընտանիքին ավել վճարված պետական նպաստի գումարները ենթակա են հետգանձման կամ վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման? սույն օրենքով սահմանված կարգով, եթե նպաստի? ավել վճարված լինելու հանգամանքը հայտնաբերվել է նպաստը նշանակելուց հետո? 12 ամսվա ընթացքում»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթի բովանդակությունից բխում է, թե դատական կարգով բռնագանձումն իրականացվում է Օրենքով սահմանված կարգով, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսդրությունը կարգավորող օրենսդրական ակտերին: 8. Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ մասով Օրենքի 37-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասում «նպաստառու» բառը կիրառվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, մայրության նպաստի, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք ունեցող անձանց իմաստով, մինչդեռ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «նպաստառու» բառն Օրենքում այսուհետ կիրառվում է այդ դրույթում նշված ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց իմաստով. «Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, եւ նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաեւ նպաստառու):»: Առաջարկում ենք վերացնել Նախագծի եւ Օրենքի միջեւ առկա անհամապատասխանությունը: Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծի 15-րդ հոդվածի 7-րդ կետում գործածվող «Լիազոր նշանակող մարմին» տերմինը միանշանակ չէ, մասնավորապես, պարզ չէ, թե որ մարմնին է վերաբերում այդ ձեւակերպումը։ Վերոնշյալը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգավորումների տեսանկյունից: Հետեւաբար նպատակահարմար է հիշյալ ձեւակերպումը հստակեցնել՝ բացառելու իրավակիրառ պրակտիկայում հնարավոր անորոշությունները։ 9. «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջները: 10. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ մասում փոփոխություն է կատարվում, մինչդեռ նույն հոդվածի 4-րդ կետով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նույն 2-րդ մասը նոր խմբագրությամբ է շարադրվում: Առաջարկում ենք նշված նախագծում կատարվող փոփոխությունները համակարգել միմյանց հետ: 11. «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2026 թվականի հունվարի 1-ը, հետեւաբար համապատասխան ժամկետ սահմանելիս առաջարկում ենք հաշվի առնել «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը միմյանց, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248), Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 15.12.2025թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248), Լ.Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 15.12.2025թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է` 1. սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, լուծել այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները, 2. ստեղծել իրավական հիմքեր երեխայի ծննդյան միանվագ նպաստի համահարթ չափ (նախատեսվում է 500,000 դրամ) սահմանելու համար (նպաստի չափը չի տարբերակվի նոր ծնված երեխայի կարգաթվով), 3. սահմանել, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի նպաստ նշանակվում է անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի եւ շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը (պահպանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում կիրառվող կարգավորումների տրամաբանությունը), 4. ուժը կորցրած ճանաչել Պետական նպաստների մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8.1-ին գլուխը, 5. հստակեցնել Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված՝ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված նպաստի գումարները պետական բյուջե վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման առնչվող հարաբերությունները: 6. հստակեցնել Օրենքում եւ հարակից օրենքներում կիրառվող եզրույթները, 7. ուժը կորցրած ճանաչել Օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են կենսաթոշակների, անապահովության նպաստի, հրատապ օգնության եւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարմանը՝ միաժամանակ Կառավարությանը լիազորելով սահմանել այս նպաստների վճարման կարգն ու եղանակը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել փաթեթի կազմում ընդգրկված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) որոշ դրույթների վրա: 1. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 6.1.րդ գլխի 26.2.-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետով սահմանվում, որ. «7. Տարածքային կենտրոնը մերժում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելը, եթե՝ ... 5) տվյալ շահառու երեխայի համար նշանակվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ, եւ այդ նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ:»: Խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկվող տեքստի բառացի բովանդակությունից բխում է, որ այդ դեպքում Տարածքային կենտրոնը ոչ թե պետք է մերժի, այլ պարտավոր է նշանակել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, քանի որ այն արդեն իսկ «նշանակվել է» եւ այդ իրավունքն էլ «դադարեցված չէ»: Կարծում ենք, տվյալ դեպքում Նախագծի հեղինակը նկատի է ունեցել այն դեպքը, երբ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվել է, բայց ինչ-ինչ պատճառներով այդ իրավունքը դադարեցվել է, ինչն էլ առաջարկում ենք հստակեցնել: 2. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 6.1.րդ գլխի 26.3.-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում, որ. «1. Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝ ... երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը 6 ամիս անընդմեջ չվճարելու դեպքում.», ինչը նույնպես հստակեցման կարիք ունի, քանի որ տեքստից անհայտ է մնում, թե ո՞ւմ կողմից եւ ի՞նչ պատճառներով նպաստը չվճարելու մասին է գնում խոսքը: Կարծում ենք, տվյալ դեպքում կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է պետական մարմինների կողմից նպաստը չվճարելու մասին, քանի որ դրանք նպաստ նշանակող եւ վճարող միակ մարմիներն են, ուստի մնում է միայն պարզաբանել, թե ի՞նչ պատճառներով չվճարելու դեպքում է, որ նպաստառուն կորցնում է նպաստ ստանալու իրավունքը: Հարկ է նկատի ունենալ, որ նպաստառուն որեւէ կերպ չի կարող միջամտել նպաստի վճարման գործընթացին եւ չի կարող ունենալ որեւէ մեղք՝ իր նպաստի չվճարման հարցում, ուստի տվյալ պարագայում միանգամայն անտրամաբանական կլինի պետական մարմիններ մեղքով նպաստի չվճարման համար նպաստառուին զրկել նպաստ ստանալու նրա իրավունքից: Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակ հղում կատարել Օրենքի այն դրույթներին, որոնց ուժով պետք է դադարեցվի նպաստի ստացման իրավունքը, կամ էլ (որպես տարբերակ) «6 ամիս անընդմեջ չվճարելու դեպքում» բառերը փոխարինել «6 ամիս անընդմեջ չստանալու դեպքում» բառերով՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Օրենքը զուգահեռաբար հստակ կարգավորում է հարգելի պատճառներով չստացված նպաստի իրավունքի վերականգնման եւ փաստացի ստացման հնարավորությունը: Եզրահանգում Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի՝ ներկայացված հիմնահարցերի լուծման եւ սահմանվող ընթացակարգերի հստակեցման տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 28.11.2025թ.
1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
2. Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ընդունումը, մեր կարծիքով, կարող է դրական ազդեցություն ունենալ: Սակայն, Նախագծերի փաթեթում ներառված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաեւ Նախագիծ) վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 2.1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, որի արդյունքում «խնամակալության նպաստ»-ը այլեւս չի համարվի պետական նպաստի տեսակ: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 8?1-ին գլուխը (տե՛ս Նախագծի 14-րդ հոդված), որը վերաբերում է տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձանց խնամակալության նպաստ ստանալու իրավունքին եւ դրա տրամադրման ու դադարեցման հիմքերին: Այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը եւ Օրենքի 8?1-ին գլուխը լրացվել են 2020 թվականի մարտի 4-ին՝ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-356-12.11.2019,10.02.2020-ԱՍ-011/0) ընդունմամբ: Նշված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում խնամակալության ինստիտուտը թերի է եւ ընտանիքում խնամքի կարիք ունեցողների խնամակալները որեւէ աջակցություն չեն ստանում եւ չեն կարողանում ունենալ նորմալ կենսագործունեություն: Վերջինիս նպատակը եղել է ունենալ սոցիալական պետությանը հարիր սոցիալական աջակցության ծրագրեր: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունները հիմնավորման կարիք ունեն, քանի որ դրանց վերաբերյալ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) մեջ որեւէ պարզաբանում տրված չէ, թե ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունների անհրաժեշտությունը: 2.2. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող) եթե՝ 1) ծնողը եւ նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, 2) նոր ծնված երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին), 3) նոր ծնված երեխան չի գտնվում շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն), 4) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, 5) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել), 6) օտարերկրյա քաղաքացի ծնողը նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել), 7) չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին:»: Այս առումով հարկ է նշել, որ նույնաբովանդակ կարգավորումներ են սահմանված նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի նոր լրացվող 24.1-ին հոդվածում՝ ներառելով իր մեջ նաեւ Օրենքի 24-րդ հոդվածի 1.3-րդ, 2-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերը: 2.3. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել 6.1-ին գլխով, որի 26.3-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «11. Ծնողի մահվան պատճառով չվճարված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի գումարը վճարվում է ծնողի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող 6 ամսվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չի եղել:»: Վերոգրյալի հետ կապված անհրաժեշտ ենք համարում նշել, որ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշման համաձայն՝ ծնողի մահվան պատճառով չվճարված դրամական աջակցության գումարը վճարվում է ծնողի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող 12 ամսվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցված չի եղել: Այսինքն, Նախագծով նախատեսվում է ավելի կարճ ժամկետ, քան Կառավարության որոշմամբ, ինչը, կարծում ենք, վերանայման կարիք ունի (այս մասով Հիմնավորման մեջ որեւէ հիշատակում չկա), քանի որ, այս ֆինանսական աջակցության նպատակը, ըստ մեզ, երեխաների սոցիալական պաշտպանությունն է եւ այն տրվում է ընտանիքի ֆինանսական կայունությունը ապահովելու (դժվարությունները հաղթահարելու), ինչպես նաեւ երեխաների կենսամակարդակը պահպանելու համար: 2.4. Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 37-րդ հոդվածի նոր 5-րդ մասում «Լիազոր նշանակող մարմնի» բառերն անհրաժեշտ է փախարինել «Լիազոր մարմնի» բառերով: 3. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները, կարծում ենք, որ Նախագծերի փաթեթում ներառված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման եւ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 05.12.2025թ.
|