ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1198-28.11.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը(փաստաթղթային կոդ` Կ-1198-28.11.2025-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անվանումն անհրաժեշտ է շտկել. մասնավորապես  «2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն» բառերն ավելորդ են, քանզի Նախագծի վերնագրում անհրաժեշտ է հղում կատարել Օրենքի կրճատ անվանմանը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթներից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքի սահմանված կրճատ անվանումը:», իսկ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ « (...) Այն ինքնակամ կառույցները, որոնք Կադաստրի կոմիտե հաշվառման են ներկայացվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետների խախտմամբ, սակայն գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում արտացոլված են որպես ինքնակամ կառույց, համարվում են հաշվառված Կառավարության սահմանած կարգով՝ Կադաստրի կոմիտեի կողմից վերջինիս հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելու դեպքում: (...)»  Վերոնշյալ  իրավակարգավորման ձեւակեպումից կարող է տարընկալում առաջանալ իրավակիրառողի համար, որ Կադաստրի կոմիտեն տեղեկանք տրամադրելիս ղեկավարվելու է հայեցողական լիազորությամբ, ինչը կարող է դրսեւորվել տեղեկանք տրամադրելու կամ չտրամադրելու իրավունքի իրացմամբ, ուստի այս համատեքստում առաջարկում ենք, Կադաստրի կոմիտեի հնարավոր հայեցողական լիազորությունը  բացառելու համար հստակեցնել եւ լրամշակել հիշյալ իրավակարգավորումը:


Եզրահանգում 

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

                      Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248)

09.12.2025թ 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 

                  Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248)

09.12.2025թ 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է եւս մեկ հնարավորություն ընձեռելու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը եւ համայնքին պատկանող: Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թվականի օրթոլուսանկարներում արտացոլված լինելու վերաբերյալ տեղեկատվության առկայությունը, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանության ներքո, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է:

Նախագծով հստակեցվում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա օրինականացված ինքնակամ կառույցները ենթակա չեն օտարման կամ այլ իրավունքներով տրամադրման, կարող են հանդիսանալ բացառապես պետական, համայնքային կամ պետական, համայնքային 100 տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների կամ պետության, համայնքի կողմից հիմնադրված կազմակերպությունների սեփականություն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.12.2025թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում: 

Ներկայացված Նախագծով առաջարկվող լրացումներով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ եւ վերջին անգամ երկարաձգելու առումով: 

Առաջարկվող կարգավորումը քաղաքացիներին լրացուցիչ ժամանակ կտրամադրի ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը հաշվառման նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու եւ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում` դրանց վերաբերյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացնելու համար: 

Նախագծի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կապահովվի քաղաքացիների սեփականության եւ այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը: Ակնկալվում է նաեւ, որ հնարավորություն կստեղծվի օրինականացնելու պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունները:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

03.12.2025թ.