ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և րացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-687-23.10.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և րացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերում «այն» բառն առաջարկում ենք փոխարինել «գույքը» բառով՝ Նախագծի 1-ին հոդվածում լեզվական հասկացությունների միասնականությունն ապահովելու նպատակով:
2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «սահմանված դեպքերում» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «և կարգով» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացվող նոր՝ 25.1-ին հոդվածի 4-րդ մասով Կառավարությանը վերապահված է նաև շուտ փչացող գույքի ոչնչացման կարգը սահմանելու լիազորություն:
3. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը կարող են հաշվեգրվել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստում՝ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Նշված առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական գույքի կառավարման մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» օրենքներում, համապատասխանաբար, 11.12.2023թ. ՀՕ-403-Ն և 11.12.2023թ. ՀՕ-400-Ն օրենքների հիման վրա «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի իմաստով պետական գույք են համարվում և նշված օրենքով են տնօրինվում նաև թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը: Այս կանոնից բացառություն են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստում հաշվեգրվող թանկարժեք քարերը և մետաղները, որոնք տնօրինվում են «Թանկարժեք մետաղների մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքով» բառից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:
6. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «մարտի 1-ը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հունիսի 30-ը» բառերով՝ Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետ նախատեսելով 2024 թվականի հունիսի 30-ը՝ հաշվի առնելով Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման, ընդունման՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետները, ինչպես նաև Նախագծի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ժամկետները:
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Առաջարկում ենք շտկել Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը:
2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում ««4-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով» բառերն առաջարկում ենք փոխարինել ««1-ին և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին և 3-րդ կետերով» բառերով» բառերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում «4-րդ» բառը կիրառված է երկու անգամ՝ «4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով», և առկա ձևակերպումից պարզ չէր, թե նշվածներից որն է առաջարկվում փոխել:
3. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:
4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի» բառերն առաջարկում ենք հանել, իսկ 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:»:
Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով հիշատակվող՝ ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն արդեն ընդունվել են, և այլևս առկա չէ Նախագծի որոշ դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետն այդ ակտերի ընդունման հետ կապելու անհրաժեշտություն: Միաժամանակ, Նախագծի հիման վրա առաջանալու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերը հիշատակված որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
«Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝
Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը համարակալել որպես հոդվածի 1-ին մաս, ինչպես նաև առաջարկում ենք հանել 2-րդ Նախադասությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով հիշատակվող՝ ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն արդեն ընդունվել են, և այլևս առկա չէ Նախագծի որոշ դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետն այդ ակտերի ընդունման հետ կապելու անհրաժեշտություն:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ