Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետից հանել «եւ կենդանիների» բառերը.
2) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25) պեստիցիդ՝ բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է բույսերի հիվանդությունների, որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց եւ կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացները խոչընդոտող վնասատուների), բույսերի եւ սնկերի անցանկալի տեսակների տարածման ու զարգացման կանխարգելման կամ ոչնչացման համար: Պեստիցիդների հիմնական խմբերից են միջատասպանները (ինսեկտիցիդները), տզասպանները (ակարիցիդները), կրծողասպանները (ռոտենդիցիդները), սնկասպանները (ֆունգիցիդները), մանրէասպանները (բակտերիոցիդները), նեմատոդասպանները (նեմատոցիդները), մոլախոտասպանները (հերբիցիդները), բույսերի աճի կարգավորիչները, բույսերի պատվաստանյութերը, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները, ֆումիգանտները.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-38-րդ կետերով.
«29) ազդող նյութ՝ պեստիցիդի պատրաստուկային ձեւի մեջ առկա կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը.
30) ֆերոմոն՝ կենդանի օրգանիզմների ներզատիչ եւ արտազատիչ գեղձերի գործունեության արգասիք հանդիսացող բուրավետ նյութերի համանման սինթետիկ քիմիական պատրաստուկ, որը պեստիցիդ է եւ կիրառվում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարելու, դրանց տարածումը, զարգացումը կանխարգելելու, նվազեցնելու, ինչպես նաեւ վնասակար օրգանիզմների զարգացմանը, թռիչքի շարժին հետեւելու եւ դրանց դեմ միջատասպանների կիրառման ժամկետները որոշելու համար: Ֆերոմոնները վնասակար օրգանիզմների կենսաքիմիական պրոցեսների վրա ազդելու փոխարեն խաթարում են դրանց զուգավորման բնական ցիկլը.
31) դեֆոլիանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որը բույսերի շրջանում առաջացնում է արհեստական տերեւաթափ: Որոշակի չափաքանակով կիրառելու դեպքում բույսերի կենսունակությունը դրանից չի նվազում եւ գյուղատնտեսության մեջ օգտագործվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.
32) դեսիկանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որն արագացնում է մշակաբույսերի հասունացումը, չորացումը, կիրառվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.
33) ֆումիգանտ՝ պեստիցիդ հանդիսացող գազային վիճակով քիմիական նյութ, որը կիրառվում է վնասակար օրգանիզմների (միջատների) դեմ պայքարելու համար, եւ այն դրանց օրգանիզմ է թափանցում շնչուղիների միջոցով.
34) վարակազերծում՝ բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների նկատմամբ իրականացվող գործողությունների համալիր, որն ուղղված է կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացմանը.
35) արտադրող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրացման նպատակով իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի եւ այլ կարգավորվող առարկաների, ինչպես նաեւ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն.
36) արտադրական տարածք՝ արտադրամաս, որտեղ անմիջապես արտադրողի կողմից կամ արտադրողի պատվերով եւ նրա կողմից սահմանված համապատասխան բաղադրությամբ իրականացվում է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն.
37) առեւտրային անվանում՝ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանում, որի ներքո պեստիցիդը կամ ագրոքիմիկատը մակնշվում է, գրանցվում, գովազդվում եւ օգտագործվում է տվյալ արտադրանքը նույնատիպ ազդող նյութ կամ սննդատարր պարունակող այլ պեստիցիդներից կամ ագրոքիմիկատներից տարբերելու նպատակով.
38) քաղաքականություն մշակող լիազոր մարմին՝ բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականություն մշակող պետական կառավարման համակարգի մարմին:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետից, 6-րդ հոդվածի 1-ին մասից, 7-րդ հոդվածի 2-րդ մասից, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետից, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «կամ հատուկ» բառերը:
Հոդված 3. Օրենքի՝
1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 13-րդ հոդվածի 3-րդ մասում, 14-րդ հոդվածի 1-ին մասում, 16-րդ հոդվածի 6-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում, 6-րդ գլխի վերնագրում, 18-րդ հոդվածի վերնագրում եւ 2-րդ, 3-րդ մասերում «կարգավորվող այլ առարկաների» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաների» բառերով.
2) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ կետերում, 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերում եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «կարգավորվող առարկաների» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաների» բառերով.
3) 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում «, կարգավորվող առարկաներն» բառերը փոխարինել «եւ այլ կարգավորվող առարկաներն» բառերով, իսկ նույն հոդվածի 23-րդ կետում «, կարգավորվող առարկա» բառերը՝ «եւ այլ կարգավորվող առարկա» բառերով.
4) 13-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «, կարգավորվող առարկաներ» բառերը փոխարինել «եւ այլ կարգավորվող առարկաներ» բառերով.
5) 14-րդ հոդվածի 2-րդ մասում «կարգավորվող այլ առարկաներն» բառերը փոխարինել «եւ այլ կարգավորվող առարկաներն» բառերով.
6) 18-րդ հոդվածի 1-ին մասում «կարգավորվող այլ առարկաները» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով.
«8.2) բուսաբուծության ոլորտում աշխատանքի անվտանգության կանոնների հաստատումը.»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Պեստիցիդների պետական գրանցումը եւ վերագրանցումը
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող պեստիցիդները պարտադիր ենթակա են պետական գրանցման (այսուհետ՝ գրանցում), բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների:
2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով: Կառավարությունը սահմանում է պեստիցիդների պարզեցված ընթացակարգով գրանցման իրականացման դեպքերը:
3. Պեստիցիդների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:
4. Լիազոր մարմինը պեստիցիդների ընդհանուր ընթացակարգով գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հայտում կամ հայտին կից՝ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքերում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները երկարաձգվում են 10 աշխատանքային օրով:
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների գրանցումն իրականացվում է ընդհանուր ընթացակարգով: Պեստիցիդների գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են հետեւյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.
1) պեստիցիդի առեւտրային անվանումը, ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում եւ թույլատրելի շեղումները, համագործիչ եւ օժանդակ նյութերը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, պատրաստուկային ձեւը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն եւ արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն եւ արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը).
2) պեստիցիդի ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը եւ առանձնահատկությունները, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.
3) պեստիցիդի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը եւ թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում).
4) պեստիցիդի քիմիական փորձաքննության, ազդող նյութի մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, պեստիցիդների ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը), եթե տվյալ նյութի փորձաքննության մեթոդիկաներով բյուրեղային տիպօրինակն անհրաժեշտ է.
5) պեստիցիդի թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի միկրոօրգանիզմներ եւ այլն).
6) պեստիցիդի ազդեցությունը վերարտադրողականության վրա.
7) պեստիցիդի մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին եւ մաշկագրգիռ, տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները.
8) պեստիցիդի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը.
9) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ պեստիցիդի պիտակի նկարագիրը.
10) տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում դրանց երկու տարվա անընդմեջ դաշտային եւ լաբորատոր փորձարկման արդյունքների մասին, որը տրամադրում են քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտով սահմանված գիտական եւ կրթական կազմակերպությունները՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի հաստատած ձեւին համապատասխան:
7. Օտարերկրյա պետություններում արտադրված պեստիցիդները գրանցվում են հետեւյալ ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով.
1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝
ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի եւ գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ.
2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝
ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-4-րդ եւ 9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի եւ գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
8. Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կայացնում է տվյալ պեստիցիդը գրանցելու եւ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում եւ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճորեն տեղեկացնում է հայտատուին:
9. Լիազոր մարմինը պեստիցիդների գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում պեստիցիդների գրանցման փաթեթը վերադարձնում է հայտատուին: Գրանցումը մերժվում է, եթե՝
1) պեստիցիդի ազդող նյութը կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում.
2) հայտատուն սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները.
3) պեստիցիդը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդի:
10. Պեստիցիդի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
11. Պեստիցիդները ենթակա են վերագրանցման, եթե գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել, եւ պեստիցիդի ազդող, համագործիչ, օժանդակ նյութերի բաղադրությունը եւ դրանց տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել: Պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդների դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան, իսկ ընդհանուր ընթացակարգով գրանցված պեստիցիդների դեպքում՝ ընդհանուր ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին պեստիցիդը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդի:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ հոդվածներով.
«Հոդված 6.1. Ագրոքիմիկատների գրանցումը եւ վերագրանցումը
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են գրանցման, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված ագրոքիմիկատների:
2. Հայաստանի Հանրապետությունում ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով: Կառավարությունը սահմանում է պարզեցված ընթացակարգով ագրոքիմիկատների գրանցման իրականացման դեպքերը:
3. Ագրոքիմիկատների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:
4. Լիազոր մարմինը ընդհանուր ընթացակարգով ագրոքիմիկատների գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հայտում կամ հայտին կից՝ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքերում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները երկարաձգվում են 10 աշխատանքային օրով:
6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ագրոքիմիկատների գրանցումն իրականացվում է ընդհանուր ընթացակարգով: Գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են հետեւյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.
1) ագրոքիմիկատի առեւտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում եւ թույլատրելի շեղումները, պատրաստուկային ձեւը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն եւ արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն եւ արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը).
2) ագրոքիմիկատի կիրառման եղանակները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.
3) աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային քանակը.
4) ագրոքիմիկատի սննդատարրերի քիմիական փորձաքննության մեթոդիկան.
5) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի.
6) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ագրոքիմիկատի պիտակի նկարագիրը:
7. Օտարերկրյա պետություններում արտադրված, փորձարկված եւ գործածության մեջ գտնվող ագրոքիմիկատները գրանցվում են հետեւյալ ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով.
1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝
ա. սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի եւ գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ.
2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝
ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-3-րդ եւ 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի եւ գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
8. Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կայացնում է տվյալ ագրոքիմիկատը գրանցելու եւ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում եւ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պատշաճորեն տեղեկացնում է հայտատուին:
9. Լիազոր մարմինը ագրոքիմիկատների գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում ագրոքիմիկատների գրանցման փաթեթը վերադարձնում է հայտատուին: Գրանցումը մերժում է, եթե՝
1) ագրոքիմիկատի սննդատարրերից որեւէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում.
2) հայտատուն սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները:
10. Ագրոքիմիկատի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
11. Ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել, եւ ագրոքիմիկատի սննդատարրերի կազմը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել: Պարզեցված ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատների դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան, իսկ ընդհանուր ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատների դեպքում՝ ընդհանուր ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան:
12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին ագրոքիմիկատը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատի:
Հոդված 6.2. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, փորձարկումը, գրանցման ժամկետը եւ դրանց գրանցումից հանումը
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ եւ 6.1-ին հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրի արտադրողը:
2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք պետական գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են հինգ տարի ժամկետով, իսկ ագրոքիմիկատները՝ տասը տարի ժամկետով, եւ գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջը տրվում է գրանցման վկայական:
4. Պեստիցիդները եւ ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե՝
1) լրացել է գրանցման ժամկետը, սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչեւ պիտանիության ժամկետի ավարտը.
2) գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ.
3) պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից եւ ագրոքիմիկատի սննդատարրերից որեւէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում.
4) գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ տեղեկություններ կամ անհամապատասխանություններ օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
5) առկա են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցումը անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ հիմքեր:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցման ներկայացված պեստիցիդները եւ ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր թունաբանահիգիենիկ գնահատման, բացառությամբ սույն օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգով պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման եւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունները:
3. Գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների եւ օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցումը կատարվում է առանց թունաբանահիգիենիկ գնահատման:
4. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացվում է փաստաթղթային եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա: Ընդ որում, կարող են նաեւ հիմք ընդունվել այլ երկրներում իրականացված փորձարկման արդյունքները: Երկրների ցանկը հաստատում է Կառավարությունը:
5. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Թունաբանահիգիենիկ գնահատման սկզբունքներն են՝
1) թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացությունների գիտական հիմնավորումը.
2) գնահատող փորձագետների անկախությունը լիազորությունների իրականացման ժամանակ.
3) թունաբանահիգիենիկ գնահատման ամբողջական իրականացումը.
4) հետազոտվող նյութերի գաղտնիության ապահովումը:»:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունը եւ վաճառքը օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության տեսակներ են:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Օրենքի 6-րդ հոդվածի 11-12-րդ եւ 6.1-ին հոդվածի 11-12-րդ մասերի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Օրենքի 6.2-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: