Armenian ARMSCII Armenian
Կ-9521-25.10.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետում «գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական եւ փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ» բառերը փոխարինել «գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումների աշխատանքներ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «գիտահետազոտական աշխատանքների» բառերը փոխարինել «գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքների» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում «եւ «բ4»» բառերը փոխարինել «, «բ4» եւ «բ5»» բառերով եւ նույն կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ5» ենթակետով.

«բ5. բացառապես Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող եւ տվյալ հարկային տարվա ընթացքում մինչեւ 50 (ներառյալ) վարձու աշխատողների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց միջին տարեկան քանակ հայտարարագրած առեւտրային կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ստացած նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Որեւէ հարկային տարվա ընթացքում առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հայտարարագրված վարձու աշխատողների եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց միջին տարեկան քանակը 50-ը գերազանցելու դեպքում դրամական միջոցների՝ դեռեւս եկամուտ չհամարված մասը եկամուտ է համարվում միջին տարեկան քանակը 50-ը գերազանցելու հարկային տարում:

Սույն ենթակետի պահանջների պահպանմամբ սույն ենթակետը կիրառվում է նաեւ այն առեւտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք, հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի, ստացել են նաեւ այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը:

Սույն ենթակետի կիրառության նպատակով աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում ամբողջական ամիսների յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով ամբողջական ամիսների թվի վրա, իսկ եթե առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել (հաշվառվել է) դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում այդ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ առկա աշխատողների քանակը:

Ամբողջական ամիսների մեջ չեն ներառվում առեւտրային կազմակերպության գրանցման (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման) ամիսը, պետական ռեգիստրի գործակալության կողմից առեւտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) լուծարման (հաշվառումից հանելու) գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրվանից մինչեւ լուծարումն (հաշվառումից դուրս գալու) ընկած օրը ներառող ամիսները, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու ամիսները:

Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ տվյալ հարկային տարվա ընթացքում առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման ամբողջական ամիսներ առկա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետական գրանցում է ստացել (հաշվառվել է) դեկտեմբեր ամսին,»:

Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) Կառավարության սահմանած՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակների մասով շրջանառության հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների եւ ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող եւ Կառավարության ձեւավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքների շրջանակներում անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներմուծվող, ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) կամ լիզինգով (տարատեսակներով) ստացվող հիմնական միջոցների (բացառությամբ հիմնական միջոց համարվող անշարժ գույքի) ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի:

Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը եւ կազմը, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից աշխատանքները որպես գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումների աշխատանքներ որակվելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Սույն կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:».

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտը նվազեցվում է անմիջականորեն շահութահարկ վճարողի կողմից կամ նրա պատվերով իրականացվող՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքների վրա կատարվող ծախսերի չափով՝ այդ ծախսերի կատարման հարկային տարվա ընթացքում ամբողջովին:»:

Հոդված 6. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաեւ՝

1) ստացվող շահաբաժինները.

2) բացառապես Կառավարության սահմանած՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներով զբաղվող՝ անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսը:

Սույն կետով սահմանված նվազեցումը կատարվում է՝ անկախ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

Սույն կետի պահանջների պահպանմամբ սույն կետը կիրառվում է նաեւ այն ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ, որոնք, հարկային տարվա ընթացքում բացառապես Կառավարության սահմանած՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից բացի, ստացել են նաեւ այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը.

3) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող եւ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտություններում եւ փորձարարական մշակումների աշխատանքներում անմիջականորեն ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմի (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) համար մասնագիտական աշխատանքի մասով հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 200 տոկոսը: Սույն կետով սահմանված նվազեցումը կատարվում է՝ անկախ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

Սույն մասի 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով սահմանված նվազեցումները կամ դրանց հանրագումարը տվյալ հարկային տարվա համար չի կարող գերազանցել սույն բաժնով սահմանված կարգով (առանց սույն մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված նվազեցումների) հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը, բացառությամբ սույն մասի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:

Անկախ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթներից՝ համախառն եկամտից նվազեցման ենթակա գումարի՝ հարկման բազայի 50 տոկոսը չգերազանցելու սահմանափակումը չի տարածվում սույն մասի պահանջների պահպանմամբ գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումների աշխատանքներ իրականացնող այն ռեզիդենտ շահութահարկ վճարողների վրա, որոնք եկամուտներն ստացել են բացառապես գիտական հետազոտություններից եւ փորձարարական մշակումների աշխատանքներից կամ միաժամանակ ստացել են այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10 տոկոսը:

Oրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:»:

Հոդված 7. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «2-15-րդ մասերով» բառերը փոխարինել «1.1-15-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հարկային գործակալը Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող եւ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների աշխատանքներում (այդ թվում՝ սեփական կարիքների համար) ներգրավված՝ Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված զբաղմունքներով զբաղվող անձնակազմին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:

Oրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված մասնագիտական հանձնաժողովի տրամադրած դրական եզրակացությունը չեղյալ ճանաչվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:»:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2031 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ նույն մասի երկրորդ պարբերության գործողությունը տարածվում է նաեւ 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: