Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մշակութային ժառանգության ասիական դաշինքը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը, նպատակ ունենալով զարգացնել մշակութային ժառանգության պահպանության եւ օգտագործման կարողությունները եւ համակարգել մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունը ողջ Ասիայում՝ տնտեսության, հասարակության, մշակույթի, զբոսաշրջության եւ շրջակա միջավայրի պահպանության զարգացմանը համընթաց, խթանել մարդկանց ուղիղ հաղորդակցությունն ասիական երկրների միջեւ, դյուրացնել ասիական քաղաքակրթությունների փոխանցումը եւ ձեւավորել Ասիայի համար ընդհանուր ապագա ունեցող համայնք:
Մշակութային ժառանգության ասիական դաշինքն իրականացնում է հետեւյալ գործունեությունը.
1. աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության եւ կառավարման ոլորտում՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով հետեւյալ ոլորտներով՝ հնագիտություն, ժառանգության օբյեկտների պահպանություն եւ վերականգնում, միջթանգարանային փոխանակում, Համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգում, պահպանություն եւ կառավարում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման եւ արտահանման կանխարգելում եւ մշակութային արժեք հանդիսացող կորած օբյեկտների վերադարձի եւ փոխհատուցման դյուրացում,
2. համաժողովների, ֆորումների եւ մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում,
3. մասնագիտական վերապատրաստման եւ կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանում,
4. փոխանակման ծրագրերի եւ համագործակցության արդյունքների եւ ձեռքբերումների տարածում:
Ակնկալվում է, որ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարում Մշակութային ժառանգության ասիական դաշինքի կանոնադրությանը միանալը:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը սահմանում է բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման եւ միջազգային համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ նպատակաուղղված Հայաստանի կայուն զարգացմանը: Որպես բազմակողմ համագործակցության տարածաշրջանային հարթակ՝ Մշակութային ժառանգության ասիական դաշինքի (այսուհետ՝ Դաշինք) կանոնադրությանը (այսուհետ՝ Կանոնադրություն) միանալը կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ անդամ երկրների մշակույթների պահպանման եւ զարգացման նպատակի իրականացման համար:
Կանոնադրությանը միանալը կարող է նպաստել հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, ինչպես նաեւ նոր հարթակ դառնալ լավագույն փորձի փոխանակման համար:
Մշակութային ժառանգության պահպանության ասիական դաշինք նախաձեռնության առաջին հանդիպումը տեղի է ունեցել առցանց՝ 2021թ.-ի հոկտեմբերի 27-ին: Նախաձեռնության հիմնադիր անդամներ են դարձել Չինաստանը, Հայաստանը, Կամբոջան, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Իրանը, Ղրղզստանը, Պակիստանը, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եմենը: Կանոնադրությունը հաստատվել եւ ուժի մեջ է մտել ս.թ. ապրիլի 25-ին կայացած հիմնադիր ասամբլեայի ժամանակ: Նույն միջոցառման ժամանակ Դաշինքին անդամակցել են նաեւ Ադրբեջանը, Մյանմարը եւ Շրի Լանկան:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից համարում է նպատակահարմար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կանոնադրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Կանոնադրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կանոնադրությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մշակութային ժառանգության ասիական դաշինք» Կանոնադրությունում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Մշակութային ժառանգության ասիական դաշինք» Կանոնադրությունում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2023 թվականի հունիսի 16-ի թիվ 34/15.3/15040-2023 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի հայտնում ենք, որ «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» Կանոնադրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում