Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-983-09.12.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.1. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝

1) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինների մասով.

2) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերի՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.

3) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) պարտատոմսերից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսների կամ մարելիս զեղչի ձեւով ստացված եկամուտների մասով.

4) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) պարտատոմսերի՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.

5) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հաշվետու ժամանակահատվածներին վերաբերող եկամուտների մասով, պայմանով, որ տվյալ փոխառությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է համարժեք պայմաններով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ ու հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց, իսկ այդ պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում թույլատրված են առեւտրին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.:

«4) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված)՝

ա. բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինները,

բ. պարտատոմսերից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձեւով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց,

գ. պարտատոմսերի՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց.

2. 2-րդ մասի 4-րդ կետից հանել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունների գործող ժամկետների հստակեցումը եւ արտոնությունների գործողության ժամկետի երկարաձգումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.  2020 թվականի հունվարի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-82-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, որի շրջանակներում, մասնավորապես, արժեթղթերի գծով ստացվող եկամուտների մասով հարկային արտոնություններ են սահմանվել ոչ ռեզիդենտների իրավաբանական անձանց համար, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց համար: Միաժամանակ, նշյալ օրենքով սահմանվել է, որ արտոնություններ նախատող դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակվել (առեւտրին թույլատրվել) են ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Խնդիրն այն է, որ արտոնությունների գործողության ժամկետի առումով նշյալ կարգավորումները բավար չափի հստակ չեն եւ անհրաժեշտություն է առաջացել Հարկային օրենսգրքով տրվող ձեւակերպումների շրջանակում հստակեցնել արտոնությունների գործողության ժամկետները: Բացի այդ, առաջարկվող փոփոխություններին զուգահեռ, առաջարկվում է նաեւ երկու տարով հետաձգել արժեթղթերից ստացվող եկամուտների մասով գործող հարկային արտոնությունների գործողության ժամկետները:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունների գործողության ժամկետները: Միեւնույն ժամանակ, վերոգրյալով պայմանավորված՝ ներդրողների համար լրացուցիչ կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակով առաջարկվում է եւս երկու տարով երկարաձգել այդ արտոնությունների գործողության ժամկետները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտներն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման նպատակով Հարկային օրենսգրքով սահմանված գործող արտոնությունների ժամկետները:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն