Հոդված 1. «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում՝ Ծառայության լիազորությունները, կառուցվածքը, կառավարման եւ ղեկավարման հետ կապված այլ հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) պետական վերահսկողություն՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված սույն օրենքով սահմանված գործունեություն.
2) վերահսկողություն՝ Ծառայության կողմից ուսումնասիրությունների (այդ թվում՝ հանդիպակաց), մշտադիտարկումների իրականացում.
3) արդյունավետություն՝ նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար օգտագործված նյութական եւ ոչ նյութական միջոցների համարժեքությունը ձեռք բերված արդյունքին.
4) օրինականություն՝ վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ կնքված գործարքներով սահմանված պահանջներին.
5) պետական միջոցներ՝ վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձեւավորվող կամ ձեւավորման ենթակա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերը եւ ելքերը, նյութական ու ոչ նյութական ակտիվները.
6) պետական միջոցների կառավարում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի եւ ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինում, տիրապետում կամ օգտագործում.
7) պետական միջոցների ձեւավորում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի եւ ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքում, հասցեագրում.
8) վերահսկվող օբյեկտ՝ սույն օրենքով սահմանված մարմիններ, հիմնարկներ եւ իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ Ծառայության կողմից, սույն օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան, իրականացվում է վերահսկողություն.
9) ուսումնասիրություն՝ վարչապետի հանձնարարությամբ կամ վարչապետի հետ համաձայնեցված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայությունում կամ վերահսկվող օբյեկտում սույն օրենքով Ծառայությանը վերապահված իրավասությունների իրականացման ամբողջություն.
10) մշտադիտարկում՝ Ծառայությանը հասանելի կամ Ծառայությունում՝ սույն օրենքով սահմանված կարգով ստացված տեղեկությունների հիման վրա ուսումնասիրություն (այդ թվում՝ հանդիպակաց) սկսելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու նպատակով՝ Ծառայության ղեկավարի հրամանով սահմանված առանձին հարցերի պարզաբանման համար Ծառայությունում սույն օրենքով Ծառայությանը վերապահված իրավասությունների իրականացման ամբողջություն.
11) պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն՝ պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերի կարգադրիչ հանդիսացող, ինչպես նաեւ բյուջետային եկամուտների հավաքագրման պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների, այդ թվում՝ ենթակա պետական մարմինների (այսուհետ՝ մարմիններ)՝ օրենքներով եւ այլ իրավական ակտերով բյուջեի կատարման ոլորտում վերապահված լիազորությունների պատշաճ կատարման ճշտությունը պարզելուն ուղղված գործառույթ, որի նպատակն է՝
ա) պարզել մարմինների՝ բյուջեի եկամուտների (մուտքերի) ձեւավորմանը եւ ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, մարմիններում հաշվապահական հաշվառման վարման եւ բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման ու ներկայացնելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը.
բ) ուսումնասիրել բյուջեի կատարումը, հայտնաբերել այն թերությունները, որոնք ծագել են բյուջեի կատարման ընթացքում:
Հոդված 3. Պետական վերահսկողական ծառայությունը
1. Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով սահմանված՝ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է վարչապետի վերահսկողական լիազորությունները՝ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման միջոցով:
2. Ծառայության կողմից վարչապետի վերահսկողական լիազորություններն իրացվում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունների իրականացմամբ:
ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Պետական վերահսկողական ծառայության գործունեության խնդիրը
1. Ծառայության գործունեության խնդիրը՝ պետական միջոցների եւ պետական սեփականության օրինական ու արդյունավետ կառավարման, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտում օրինականության պահպանման նպատակով վարչապետին, սույն օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անկողմնակալ եւ ամբողջական տեղեկատվություն կամ մասնագիտական դիրքորոշում ներկայացնելն է:
Հոդված 5. Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները
1. Սույն օրենքով սահմանված նպատակով Ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով՝
1) պետական կառավարման համակարգի մարմիններում, տարածքային կառավարման մարմիններում (մարզպետ, մարզպետի աշխատակազմ) եւ պետական հիմնարկներում իրականացնում է վերահսկողություն՝
ա) Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների կամ հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում՝ hակակոռուպցիոն ծրագրերի կամ միջոցառումների կատարման նկատմամբ,
բ) դրանց գործունեության, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման կամ ձեւավորման օրինականության կամ արդյունավետության նկատմամբ.
2) վարչապետի աշխատակազմում իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ.
3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողություն տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության կամ դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով.
4) հարյուր տոկոս Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն դրանց գործունեության օրինականության նկատմամբ.
5) իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող եւ լիազոր մարմնի, ինչպես նաեւ կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների կատարման նկատմամբ.
6) Հայաստանի Հանրապետության կամ պետական ոչ առեւտրային կազմակերպության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ, իսկ գործարքի կողմ հանդիսացող անձի իրավունքները եւ պարտականություններն այլ անձի վերապահված լինելու դեպքում՝ վերջինիս մոտ, իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության կամ պետական ոչ առեւտրային կազմակերպության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող եւ դրանց պայմանների կատարման նկատմամբ, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով: Ընդ որում, օտարերկրյա իրավաբանական անձանց եւ օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների դեպքում վերահսկողություն իրականացվում է համապատասխան կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված (հաշվառված) մասնաճյուղի կամ ներկայացուցչության մոտ՝ դրանց առկայության դեպքում.
7) պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց կամ այլ անձանց (այդ թվում՝ մարմինների. մոտ իրականացնում է վերահսկողություն դրանց շրջանակներում կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ.
8) տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կամ համայնքային հիմնարկներում իրականացնում է վերահսկողություն՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
9) պետական կառավարման համակարգի մարմինների, ինչպես նաեւ դրանց ենթակա կազմակերպությունների կողմից տրամադրված հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների եւ նվիրաբերությունների նպատակային օգտագործման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
10) վերահսկվող օբյեկտների կողմից, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման կամ ձեւավորման, հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի կամ հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով իրավասու է առաջարկելու կասեցնել գործողությունները, գործարքների կատարումը, ինչպես նաեւ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները.
11) իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.
12) ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ եւ իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
13) ստացված դիմումները, բողոքները կամ առաջարկություններն, ըստ անհրաժեշտության, հասցեագրում է իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին.
14) համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների հետ.
15. կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում:
2. Սույն օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում սույն օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
Հոդված 6. Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը
1. Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են վարչապետի գրավոր հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա:
2. Ուսումնասիրության իրականացման հանձնարարագրով, ի թիվս իրավական ակտի համար օրենքով սահմանված վավերապայմանների, սահմանվում են նաեւ՝
1) ամսաթիվը, ամիսը, տարին եւ համարը,
2) վերահսկվող օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը,
3) ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը,
4) ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը,
5) ուսումնասիրություն կատարելու ժամկետը՝ օրերով եւ վայրը,
6) ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց), այդ թվում՝ խմբի ղեկավարի տվյալները (պաշտոնի անվանումը, անունը եւ ազգանունը), սույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ՝ ուսումնասիրությանը մասնակցող այլ անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոն (կարգավիճակ).:
3. Ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարագրում փոփոխությունները, լրացումները կատարելիս սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերի փոփոխությունները կատարվում են վարչապետի գրավոր համաձայնությամբ:
4. Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով: Տեղեկանքի նախագիծը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին Ծառայության կողմից սահմանված ժամկետում՝ դրա վերաբերյալ Ծառայությանը կարծիք ներկայացնելու նպատակով: Վերահսկվող օբյեկտի կողմից սահմանված ժամկետում կարծիք չտրամադրելը դիտարկվում է որպես դրա բացակայություն: Կարծիքի տրամադրմամբ, ըստ անհրաժեշտության, տեղեկանքի նախագիծը կարող է լրամշակվել: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը, կարծիքի առկայության պարագայում՝ դրա հիման վրա կազմված ամփոփաթերթը, անհրաժեշտության դեպքում նաեւ այլ հիմնավորող փաստաթղթերը զեկուցվում կամ ներկայացվում են վարչապետին, եւ կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու համար:
5. Ծառայության կողմից մշտադիտարկումներն իրականացվում են Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա:
6. Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքով եւ կարող են ներկայացվել վարչապետին՝ համապատասխան հանձնարարականներ տալու համար, որը կարող է հիմք հանդիսանալ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ ուսումնասիրություն իրականացնելու համար:
7. Ուսումնասիրության եւ մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են ՀՀ վարչապետի որոշմամբ:
8. Վերահսկվող օբյեկտների տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին հասանելիության ստացումն ապահովվում է վարչապետի սահմանած կարգով:
9. Ուսումնասիրության իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ դրա իրականացման նպատակահարմարության բացակայության դեպքում՝ վարչապետի գրավոր համաձայնությամբ ուսումնասիրությունը կարող է դադարեցվել, որի դեպքում կազմվում է տեղեկանք՝ անկախ խախտումներ կամ անհամապատասխանություններ հայտնաբերված լինելու հանգամանքից:
Հոդված 7. Պետական վերահսկողական ծառայության իրավասությունները
1. Ծառայությունն ուսումնասիրություններ, այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ, իրականացնելիս, սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝
1) վարչապետի սահմանած կարգով ստանում է անհատույց եւ ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող եւ իրականացվող ուսումնասիրությանն առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին եւ փաստաթղթերին.
2) իրավասու է պահանջելու նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղեկատվություն, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում՝ առանց վերահսկվող օբյեկտի բնականոն գործունեությունը խաթարելու.
3. ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ՝ առանց վերջիններիս ներքին իրավական ակտերով սահմանված սահմանափակումների.
4) իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու եւ ստանալու Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ բացառությամբ այլ օրենքներով սահմանված առանձնահատկությունների.
5) իրավասու է վերահսկողությանը մասնակից դարձնելու վերահսկվող օբյեկտի վերահսկողության ենթակա ոլորտի կամ համապատասխան բնագավառի հանրային ծառայողների (վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ եւ միայն տեխնիկական աջակցության նպատակով), ներքին աուդիտորների (տվյալ վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ), մասնագետների, փորձագետների եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ կազմավորելու ժամանակավոր աշխատանքային խմբեր.
6) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքում է տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաեւ առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին վարչապետի սահմանված կարգով առցանց հասանելիության միջոցով ստանում եւ դասակարգում է հավաքված տեղեկությունները.
7) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփում եւ համադրում է վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երեւույթի փաստացի վիճակի հետ՝ առկա իրողությունները պարզելու եւ դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով.
8) կատարում է այցելություններ երեւույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման եւ գնահատման նպատակով, բացառությամբ հանդիպակաց ուսումնասիրությունների իրականացման դեպքերում.
9) կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարահանում, տեսաձայնագրառում, ձայնագրառում, փաստաթղթերի պատճենահանում, բացառությամբ հանդիպակաց ուսումնասիրությունների իրականացման դեպքերում.
10) կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված՝ նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաեւ ապրանքների՝ օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզելուն ուղղված ձեռքբերումներ կամ հարցումներ.
11) հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնում է փորձաքննության իրականացում՝ անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով առարկաներ, փորձանմուշներ եւ փաստաթղթեր վերցնելու միջոցով.
12) կատարված եւ ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ:
2. Մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունն իրավասու է՝
1) վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու եւ ստանալու իրականացվող մշտադիտարկմանն առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք համարվող՝ բացառությամբ այլ օրենքներով սահմանված առանձնահատկությունների.
2) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքել տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաեւ առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին վարչապետի սահմանված կարգով առցանց հասանելիության միջոցով ստանալ եւ դասակարգել հավաքված տեղեկությունները.
3) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփել եւ համադրել վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երեւույթի փաստացի վիճակի հետ՝ առկա իրողությունները պարզելու եւ դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով.
4) կատարել այցելություններ երեւույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման եւ գնահատման նպատակով:
3. Պետական կառավարման համակարգի մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում վերահսկողական գործառույթներ իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ծառայությունն այդ մասին հայտնում է վարչապետին, որը կարող է հիմք հանդիսանալ համապատասխանաբար հանձնարարության կամ առաջարկության իրավասու մարմին՝ իրականացնելու տվյալ մարմնին օրենքով վերապահված եւ իր լիազորություններից բխող վերահսկողություն՝ արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով Ծառայությանը:
4. Վերահսկողության արդյունքների ամփոփման, ինչպես նաեւ գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների եւ թերությունների վերացման վերաբերյալ վերահսկվող օբյեկտներին ներկայացվում են առաջարկություններ: Անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան առաջարկություններ կարող են ներկայացվել նաեւ վարչապետին:
5. Ծառայության կողմից վերահսկողության արդյունքում կազմված տեղեկանքը տրամադրվում է վարչապետին, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրավասու մարմիններին, ինչպես նաեւ՝ վարչապետի համաձայնությամբ այլ անձանց:
6. Ծառայության կողմից պահանջվող տեղեկատվությունը ներկայացվում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ առանձին դեպքերում կարող է տրամադրվել ավելի ուշ ժամկետներում՝ Ծառայությանը դրա մասին նախապես տեղեկացնելով:
7. Ծառայության գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:
Հոդված 8. Հանդիպակաց ուսումնասիրություն
1. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրություններն իրականացվում են Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնեցնելով վարչապետի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններն իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել վերահսկվող օբյեկտի կողմից ուսումնասիրվող գործարքի կատարում կամ վերահսկվող օբյեկտի գործունեության օրինականությունը կամ արդյունավետությունը:
2. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնեցնելով վարչապետի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություն տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ պետական կառավարման համակարգի մարմիններում եւ տարածքային կառավարման մարմիններում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող պետական կառավարման համակարգի մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների գործունեության օրինականությունը կամ արդյունավետությունը:
3. Հանդիպակաց ուսումնասիրությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանափակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտավորությունների փաստացի կատարման պայմանների նկատմամբ, փաստաթղթերի եւ այլ կրիչների ուսումնասիրմամբ եւ այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվություն ու պարզաբանումներ, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով եւ ստանալով՝ առանց այդ անձանց բնականոն գործունեությունը խաթարելու:
ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 9. Ծառայության կառուցվածքը
1. Ծառայության կառուցվածքին վերաբերող հարցերը կարգավորվում են օրենքով եւ Ծառայության կանոնադրությամբ:
2. Ծառայությունն ունի հիմնական մասնագիտական եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, գլխավոր քարտուղար:
Հոդված 10. Ծառայության կառավարումը եւ ղեկավարումը
1. Ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը:
2. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը: Ծառայության ղեկավարն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է վարչապետին:
3. Ծառայության ղեկավարը՝
1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.
2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.
3) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգեւներով պարգեւատրելու նպատակով.
4) խրախուսում է սույն օրենքով նախատեսված մարմինների կամ պետական հիմնարկների աշխատակիցներին, ինչպես նաեւ Ծառայության գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրով, հուշանվերով, պատվոգրով կամ կրծքանշանով.
5) կասեցնում կամ դադարեցնում է իրեն անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերի գործողությունները.
6) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, կանոնադրությունը, կառուցվածքը, ինչպես նաեւ դրանցում կատարվող փոփոխությունները.
7) ձեւավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
8) ընդունում է անհատական եւ ներքին իրավական ակտեր, հանձնարարագրեր, տալիս հանձնարարականներ, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, ապահովում է Ծառայության աշխատակիցների գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքների հետագա ընթացքը.
9) պետական միջոցների կառավարման եւ ձեւավորման ընթացքում ի հայտ եկած առերեւույթ հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի եւ հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում՝ նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով ներկայացնում է գործողությունները, գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ.
10) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից, ինչպես նաեւ տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով.
11) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում.
12) այլ մարմիններից, կազմակերպություններից դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն եւ նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ օրենքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ.
13. սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
14) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ.
15. իրականացնում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին օրենքով վերապահված այլ լիազորություններ:
4. Ծառայության ղեկավարի բացակայության դեպքում իր առաջարկությամբ եւ վարչապետի գրավոր համաձայնությամբ Ծառայության ղեկավարի պարտականությունները կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը, իսկ առաջարկության կամ համաձայնության բացակայության դեպքում՝ վարչապետի որոշմամբ Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Մինչեւ սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունումը գործում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նույն հարցի վերաբերյալ ընդունած իրավական ակտերն այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին, իսկ այդպիսի իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունը լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:
3. Ծառայության ղեկավարի կողմից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված հանձնարարագրերը շարունակում են գործել:
4. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ նաեւ՝ Ծառայություն) գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերացմամբ, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/127-2022 արձանագրության 3-րդ կետի 10-րդ ենթակետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
1. Ծառայության շուրջ 7 տարվա գործունեության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝
1) Օրենքով հստակ բնորոշված չեն վերահսկողական գործառույթները, դրանց իրականացման շրջանակը:
2) Օրենքով կարգավորված չեն ուսումնասիրության հանձնարարագրում փոփոխություններ կատարելու կարգավորումները:
3) Օրենքով կարգավորված չեն նաեւ ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում դրա դադարեցման հետ կապված հարաբերությունները:
4) Օրենքում Ծառայության ղեկավարի կողմից ընդունվող մի շարք հրամանների ընդունման իրավական հիմքերը որոշակի չեն:
5) Օրենքով կարգավորված չեն նաեւ մի շարք այլ, այդ թվում՝ օրենսդրական տեխնիկային վերաբերելի հարցեր:
6) Ծառայության կողմից իրեն վերապահված լիազորությունների ամբողջական եւ առավել արդյունավետ իրականացման նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում տիրապետել բժշկական գաղտնիք համարվող տվյալների, որի անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.
Առողջապահության ոլորտի զարգացումը Կառավարության հիմնական առաջնահերթություններից է, եւ քաղաքականությունն ուղղված է անհատի եւ հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը՝ ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում:
Առողջապահության ոլորտը եւ հատկապես պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման իրականացումը պետության ներքին քաղաքականության ամենազգայուն ուղղություններից մեկն է:
Ուստի պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայությունների որակի եւ ծավալի վերահսկման, ֆինանսավորման եւ դրանց հետ կապված այլ գործառույթների օրինականության եւ արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը չի կարող դուրս մնալ Ծառայության գործունեության շրջանակներից:
Ավելին, նշված ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Ծառայության կողմից արձանագրվել են ընդհանուր շուրջ 590 մլն ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել շուրջ 210 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր շուրջ 14 մլն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումներից եւս շուրջ 12 մլն ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ: Այս փուլում ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա նախաձեռնվել են թվով 4 քրեական վարույթներ:
Միաժամանակ, նշված լրացումը կատարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ երբեմն Ծառայությունը ստիպված է լինում որոշակի գործողություններ պատվիրակել այն մարմիններին, որի լիազորությունների/իրավասությունների շրջանակում է այդպիսի տեղեկատվության տիրապետումը, ինչն այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ:
2. Նախագծով նախատեսվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը Ծառայությանը վերապահելու գործընթացի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ:
Մասնավորապես, Նախագծով սահմանվում է, որ Օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում Օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների միջոցով՝ հաշվի առնելով Օրենքով սահմանված առանձնահատկությունները:
Այս կապակցությամբ Նախագծով սահմանվում է «պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն» հասկացությունը, իսկ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում, ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ Օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների, որոնց մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Լրացում է կատարվում նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում՝ հստակեցնելով վարչապետի վերահսկողական լիազորությունների հասկացությունը եւ ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտից հանելով ֆինանսաբյուջետային վերահսկողության ոլորտը:
3. Նախագծով հստակեցվել են Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները:
4. Նախագծով նախատեսվել է ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում այն դադարեցնելու իրավական հնարավորությունը:
5. Նախագծով նախատեսվել է նաեւ, որ Ծառայությունն իրավասու է վերահսկողությանը մասնակից դարձնելու վերահսկվող օբյեկտի վերահսկողության ենթակա ոլորտի կամ համապատասխան բնագավառի հանրային ծառայողների՝ վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ եւ միայն տեխնիկական աջակցության նպատակով: Գործնականում հաճախ հնարավոր են իրավիճակներ, երբ վերահսկվող օբյեկտների տեղեկատվական համակարգերին եւ տվյալների շտեմարաններին հասանելիության ապահովման համար անհրաժեշտ կլինի վերահսկվող օբյեկտի աշխատակից համարվող համապատասխան հանրային ծառայողի տեխնիկական աջակցությունը, ինչը թույլ կտա վերահսկողությունն իրականացնել ավելի արդյունավետ եւ առավել պակաս ռեսուրսների օգտագործմամբ, այդ թվում աշխատաժամանակի առումով: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում տեխնիկական հրատապ աջակցություն, որն ապահովելու համար Նախագծով նախատեսվում է երաշխիքային նորմ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող:
6. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվել է նաեւ վարչապետի աշխատակազմում պետական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման հնարավորություն, որը բխում է նաեւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասից:
7. Նախագծով վերացվել են Օրենքի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի հետ ունեցած անհամապատասխանությունները, լուծվել են մի շարք, այդ թվում՝ տեխնիկական բնույթի հարցեր:
8. Օրենքի նոր խմբագրությամբ շարադրելու պայմաններում անհրաժեշտություն է առաջացել՝
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսել վարչական պատասխանատվություն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար.
- փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում.
- փոփոխություն կատարել նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում՝ նախատեսելով, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են տրամադրվել նաեւ Ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:
3. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել Ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը փոխանցել Ծառայությանը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերը մշակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ (բյուջեի կատարման նկատմամբ հսկողության մասով):
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու ընդունել այլ իրավական ակտեր:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի՝ 2,7 կետից (ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ուղղակի հսկողության (ստուգման) գործառույթի՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը փոխանցման վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակում եւ ՀՀ կառավարության հավանությանը ներկայացում):
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում