Armenian ARMSCII Armenian
Կ-9504-25.10.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Գլխավոր դատախազի տեղակալների վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության եւ այլ սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:»:

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Գլխավոր դատախազի տեղակալի կարգապահական պատասխանատվության հիմք է նաեւ նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաեւ շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում եւ իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:»:

Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գլխավոր դատախազի տեղակալների վրա տարածվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագիրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված՝ վարքագծի կանոնները, ինչպես նաեւ շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի վրա, եթե չեն լրացել պատասխանատվության ենթարկելու՝ Օրենքով սահմանված ժամկետները: