Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1039-01.04.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 47.16. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում արտադրողի եւ ներմուծողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին:

2.Սույն հոդվածի 1-ին մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո  առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

3. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացումն առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողին սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

5. Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված տուգանքների չափերը կազմում են իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան գործունեության իրականացման ժամանակահատվածի հասույթի նկատմամբ նույն մասերով նախատեսված տոկոսները:

6. Ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի եւ խեժի՝ տեխնիկական կանոնակարգերով թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

8. Հայաստանի Հանրապետությունում ծամախոտի մեծածախ եւ մանրածախ վաճառքը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածի 8-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 47.17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվտանգության տեխնիկական կանոնակարգերով» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակների եւ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա: