Հոդված 1.
1.«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքը լրացնել նոր՝ 4.1-րդ գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 4.1
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ
Հոդված 11.1. Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի օտարումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման կամ փորձարկումների իրականացման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասից բխող պայմանագրերը կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով իրավական հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության համար իր որոշման համաձայն օտարել ռազմական նշանակության արտադրանքը ՀՀ Կառավարության 2016 թվականի N 920-Ն որոշմամբ սահմանված ամփոփ ցուցակում գրանցված սուբյեկտներին: Օրենքի փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում զենքի, զինամթերքի արտադրություն, նորոգում եւ այս ոլորտում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական մշակումներ իրականացնող սուբյեկտներին պարբերաբար տարբեր նպատակներով տրամադրել զենք, զինամթերք, սակայն օրենսդրությամբ կառավարության համար կոնկրետ լիազորող նորմ սահմանված չէ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար:
Ներկայացվող նախագծով սահմանվում է իրավահարաբերությունների ծագման հիմքը, բնույթը:
3. Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող նախագծով իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար, ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման հնարավորությունն առավել լայն ծավալով կազատականացնի տեղական ռազմարդյունաբերության պոտենցիալը եւ միաժամական կկանոնակարգի այն:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում:
5. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում եւ արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում: