Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 462. Վարժական հավաքից խուսափելը
1. Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսեւորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որեւէ այլ եղանակով խուսափման ձեւով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել եւ ներգրավվել է վարժական հավաքին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու եւ մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության խնդիրները եւ լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով սահմանվել է վարժական հավաքից խուսափելու համար քաղաքացու պատասխանատվությունը: Գործող ձեւակերպման մեջ օգտագործվում է «վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում» հասկացությունը, սակայն վարժական հավաքների կազմակերպման եւ անցկացման հարաբերությունները սահմանող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածը չի նախատեսում վարժական հավաքից ազատման իրավունք, այլ սահմանում է վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը, միաժամանակ, նշված հիմքերը սահմանված են բացառապես նշված հոդվածում, որոնք ներառում են նաեւ «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված՝ զորահավաքային զորակոչին կանչվելու ոչ ենթակա դեպքերը: Այսինքն՝ վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը սահմանված են բացառապես օրենքով:
Բացի այդ, վարժական հավաքների կանչվող քաղաքացիների կողմից տարբեր ձեւաչափերով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն չանցնելու կամ որեւէ այլ եղանակով վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու դեպքերի օրենսդրորեն չամրագրված լինելու պատճառով շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը եւ, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների եւ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձեւական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման: Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերը: Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ինչը մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը գործող ՀՕ-528-Ն ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասով հանգեցնում էր ավելի խիստ պատասխանատվության, որը սակայն առկա չէ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում: Այդ նպատակով, համապատասխան վարքագիծը կանխելու նպատակով, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:
«Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքն (այսուհետ՝ օրենք) ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 21-ին: Անցած 17 տարիների ընթացքում դրսեւորվեցին ինչպես օրենքի կենսունակությունն ու հասարակական անհրաժեշտությունը, այնպես էլ ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնց վերացումը կբարձրացնի օրենքի կիրառելիությունը եւ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից կատարվող աշխատանքների արդյունավետությունը: Գործող օրենքով ռազմական ոստիկանության խնդիրներից է զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը: Նշված ձեւակերպումից պարզ է դառնում, որ հանցագործությունների փաստերի հայտնաբերումը եւ բացահայտումը ռազմական ոստիկանության խնդիրների մեջ չի մտնում: Մինչդեռ.
Հայտնաբերումը վերաբերում է նախապատրաստվող եւ արդեն իսկ կատարված հմտորեն թաքնված, քողարկված եւ իրավապահ մարմիններին հայտնի չդարձած հանրորեն վտանգավոր արարքներին կամ իրավախախտումներին, որոնք ունեն բարձր լատենտայնություն եւ տարբեր պատճառներով դուրս են մնում քրեական վիճակագրությունից:
Բացահայտումը դա օպերատիվ ծառայողի գործունեությունն է, ուղղված օպերատիվ հետախուզական ուժերի եւ միջոցների օգնությամբ փաստական տվյալների ձեռքբերմանը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել հանցագործություն կատարած անձին: Տվյալ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումն էական նշանակություն ունի ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների բացահայտման համար, երբ հանցագործության հետքերը քողարկված կամ թաքցված են եւ առաջնային տեղեկությունը չի պարունակում տեղեկատվություն այն կատարած կամ կատարող անձանց մասին:
Միաժամանակ գործող օրենքի 11-րդ հոդվածում նշված է, որ իրավապահների հետ համագործակցության շրջանակներում ռազմական ոստիկանությունն աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ դատավարական գործողությունների անցկացմանը, զինծառայողների նկատմամբ կատարվող հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխման, նախականխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաեւ իրավապահներին տեղեկացնում է ռազմական ոստիկանության կողմից բացահայտված պետության, հասարակության կամ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այստեղից կարելի է հետեւություն անել, որ մի դեպքում գործող օրենքով ռազմական ոստիկանության վրա չի դրվում հանցագործությունների եւ այլ իրավախախտումների հայտնաբերման եւ բացահայտման լիազորությունը, իսկ մյուս դեպքում դրվում է պարտականություն իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում աջակցելու վերջիններին՝ հանցագործությունների եւ այլ իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման աշխատանքներին:
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ռազմական ոստիկանությունը իրավունք ունի անցկացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ քրեական վարույթի շրջանակներում՝ օրենքին համապատասխան ապահովում է զինված ուժերում հետաքննության իրականացումը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Սրանից ելնելով կարելի է արձանագրել, որ ռազմական ոստիկանությունն իրավունք չունի իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քանի որ հանցագործությունների եւ այլ իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման աշխատանքները ռազմական ոստիկանության լիազորությունների մեջ չեն մտնում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարել փոփոխություն: Վերը նշված խնդիրների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում օրենքի 8-րդ հոդվածում եւս կատարել փոփոխություններ: Միաժամանակ, վերը նշվածի լույսի ներքո, ինչպես նաեւ քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր եւ զորահավաքային զորակոչերի, պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներին) եւ զորավարժությունների (զորախաղերի) կազմակերպման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել այդ գործընթացում ռազմական ոստիկանության աջակցության ցուցաբերումը զինվորական կոմիսարիատներին:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաեւ հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Օրենքների նախագծերը կապված են ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 5-րդ կետի հետ, ի դեմս՝ Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաեւ «5. Իրավունք եւ արդարադատություն» բաժնի 5.4-րդ կետի հետ, ի դեմս` առավել ինտենսիվ կշարունակվեն իրականացվել հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, որը հնարավորություն կընձեռի ապահովելու հանցագործության դեպքերի բացահայտման առավել բարելավված ցուցանիշներ, ինչպես նաեւ կբարձրացնի հանցավորության կանխարգելման աշխատանքների արդյունավետության մակարդակը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում