Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 3-րդ կետում «դրոշմապիտակների» բառից հետո լրացնել «կամ նույնականացման միջոցների» բառերը,
2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ճշտությունը.»:
Հոդված 2. Օրենսգիրքի 381-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ եւ 19-րդ կետեր.
«18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների):»,
2) 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1-ին եւ 3.2-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ՝
«3.1. Բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքերի՝ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են hսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցները սկանավորելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տպագրելու միջոցով:
3.2. Կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 3. Օրենսգիրքի 396.1-ին հոդվածի 1-ին մասում «համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով» բառերից հետո լրացնել «(Օրենսգրքում՝ նաեւ նույնականացման միջոցներով)» բառերը:
Հոդված 4. Օրենսգիրքի 416-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 416.1-ին հոդված՝
«Հոդված 416.1. Նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելը կամ փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելը
1. Յուրաքանչյուր նույնականացման միջոցը շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 300 հազար դրամը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է 30 հազար դրամի չափով: Սույն մասով սահմանված տուգանքների հանրագումարը յուրաքանչյուր ստուգման ակտով չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը:
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:»:
Հոդված 5. Օրենսգիրքի 419-րդ հոդվածի՝
1) 9-րդ մասից հանել «համալիր», «կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության» եւ «կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության նախագծի» բառերը,
2) 11-րդ մասում «հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության» բառերը փոխարինել «թեմատիկ հարկային ստուգման ակտի» բառերով:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ եւ 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպումը, բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը եւ նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
1) ՀՀ հարկային օրենսգրքի՝ մինչեւ 05.04.2024թ. գործող խմբագրության համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրությունների տեսակներից էր հսկիչ գնումը: 28.02.2024թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-95-Ն օրենքով ուժը կորցրած են ճանաչվել հսկիչ գնման՝ որպես ուսումնասիրության տեսակ կարգավորումները, միաժամանակ, սահմանվել է, որ թեմատիկ հարկային ստուգման մի շարք հարցերի ստուգման դեպքում հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ): Ընդ որում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 244.2-րդ հոդվածի համաձայն՝ հարկային մարմինը քննում է նույն օրենսգրքի, մասնավորապես՝ 165-րդ հոդվածով (Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի խախտումները) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը ` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում: Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ թեմատիկ հարկային ստուգման հարցերի ցանկում կիրառվում է «արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտություն» ձեւակերպումը, որը լիարժեք չի արտացոլում իրականացվող ստուգման հարցերը:
Միաժամանակ, նույն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում հսկիչ գնման արդյունքում կազմվում է ոչ թե հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրություն, այլ հսկիչ գնումը կատարվում է թեմատիկ ստուգման ընթացքում եւ կազմվում է թեմատիկ ստուգման ակտ արձանագրություն:
Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 419-րդ հոդվածի 9-րդ եւ 11-րդ մասերում դեռեւս կիրառվում է «հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրություն» ձեւակերպումը:
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» N1414-Ն որոշմամբ (ուժի մեջ է 2023 թվականի սեպտեմբերի 3-ից) սահմանվել է, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային եւ (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան: Միաժամանակ, նույն որոշմամբ սահմանվել է նաեւ, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան սահմանվել է որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում:
ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները), որում սակայն բացակայում է հսկիչ (նույնականացման) նշանների (նույնականացման միջոցների) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները):
Ըստ էության, քանի որ արդեն իսկ ներդրված է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգը, որի հիմնական նպատակը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների շրջանառության բոլոր փուլերի գրանցման հնարավորությունն ապահովվելն է, նշված շղթայի նկատմամբ հարկային մարմնի կողմից համապատասխան հսկողական գործիքների կիրառման արդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ է, որպեսզի վաճառվող ապրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն արտացոլված լինի ՀԴՄ կտրոնի վրա, որը հնարավորություն կտա ստուգման ընթացքում տեղում պարզել նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության արտացոլման եւ հարկային մարմին փոխանցման հանգամանքները:
Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առեւտրի օբյեկտների, շրջիկ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս:
Խնդիրն այն է, որ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների դեպքում ոչ միշտ է վաճառքն իրականացվում ամբողջական ապրանքներով, այլ կատարվում է մաս-մաս: Օրինակ՝ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ալկոհոլային խմիչքները, որոնք դրոշմավորվում են նույնականացման միջոցներով, հաճախ վաճառվում են բաժակներով/գրամներով: Մեկ այլ դեպքում՝ հյուրանոցների համարների մինիբարերում տեղադրվում են նույնականացման միջոցներով դրոշմավորված խմիչքներ, որոնց դեպքում դրանց արժեքը ներառվում է հյուրանոցային կեցության արժեքի մեջ, եւ գործող կարգավորումների շրջանակներում հստակ չէ, թե ինչպես եւ երբ պետք է այդ ապրանքների վրա փակցված նույնականացման միջոցներով վերաբերյալ տեղեկությունն ուղարկել հարկային մարմին:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է՝
- օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ թեմատիկ հարկային ստուգման հարցերի ցանկում «արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտությունը» ձեւակերպումը փոխարինել «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ճշտության ստուգում» ձեւակերպմամբ,
- օրենսգրքի 419-րդ հոդվածում կիրառվող հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի կարգավորումներին՝ նախատեսելով դրանք որպես թեմատիկ ստուգման դրույթներ,
- սահմանել, որ ՀԴՄ կիրառող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են ՀԴՄ-ի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցները սկանավորելու եւ ՀԴՄ կտրոն տպագրելու միջոցով,
- սահմանել, որ Կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան իրականացվում է էլեկտրոնային եղանակով,
- սահմանել պատասխանատվություն՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվություն հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելու կամ փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը եւ նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը կապված է հետեւյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.
- ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառուման հետ,
- ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի «2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» նպատակի «1. Հարկային եւ մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի իրականացման հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում