Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1081-21.05.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.

«Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը

1. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը գործում է սահմանային վերահսկողության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում արտացոլվում է տվյալների հետեւյալ համախումբը՝

1) անձանց, տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ օդանավերի, երկաթուղային տրանսպորտի)՝ պետական սահմանը հատելու վերաբերյալ տվյալներ,

2) Հայաստանի Հանրապետություն անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը թույլատրող փաստաթղթերի, ինչպես նաեւ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու հանգամանքը հիմնավորող տվյալներ,

3) անձանց, տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ այլ շարժական գույքի՝ Հայաստանի Հանրապետութունից ելքի սահմանափակման վերաբերյալ տվյալներ,

4) «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված անձանց տվյալներ,

5) միջազգային պայմանագրերով նախատեսված տվյալներ,

6) սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի օգտահաշիվների եւ դրանցով իրականացվող գործողությունների պատմությանը վերաբերող տվյալներ:

3. Սահմանային վերահսկողության ընթացքում անձի նույնականացումն ապահովելու նպատակով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կարող են մշակվել նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված անձանց վերաբերյալ կենսաչափական տվյալներ:

4. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարումը, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմիններին ու կազմակերպություններին հասանելիության տրամադրման ապահովումը, ինչպես նաեւ համակարգի սպասարկման եւ արդիականացման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը:

5. Պետական մարմինները (կազմակերպությունները) կարող են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունենալ եւ համակարգում տվյալներ մուտքագրել օրենքով իրենց վերապահված լիազորությունների (գործառույթների) շրջանակներում եւ այդ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծավալով:

6. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը կարող է օգտագործվել նաեւ պետական սահմանի պահպանության ոլորտում լիազորված մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման, ահաբեկչության, զենքի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի, անդրսահմանային այլ հանցավորության կանխարգելման, բացահայտման, պետական սահմանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական եւ ապօրինի գործունեության դեմ պայքարելու նպատակով:

7. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը, համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից համակարգում մուտքագրվող տվյալների շրջանակը եւ մուտքագրման կարգը, անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը եւ համակարգի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 10.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ նաեւ՝ ՍԷԿՏ համակարգ) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը եւ համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ: Այսինքն՝ համակարգի էությունը, դրա հետ կապված սկզբունքային կարգավորումներն օրենքի մակարդակում ամրագրված չեն: Ավելին՝ ՀՀ կառավարության՝ վերը նշված որոշման ընդունման համար օրենքով լիազորող նորմ սահմանված չէ:

Մինչդեռ հաշվի առնելով ՍԷԿՏ համակարգի կարեւոր նշանակությունը՝ դրա վերաբերյալ հիմնարար կարգավորումներն անհրաժեշտ է սահմանել օրենքում՝ միեւնույն ժամանակ հստակ սահմանագծելով ենթաօրենսդրական ակտով կարգավորման ենթակա հարցերի շրջանակը, ինչի ապահովմանը միտված է սույն նախագիծը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով ՍԷԿՏ համակարգի գործելու հանգամանքը, նախատեսել համակարգից օգտվելու եւ դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաեւ հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:

Նախագծի ընդունմամբ՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, նախատեսվում է համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունումը, ինչը կփոխարինի ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմանը:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՍԷԿՏ համակարգի կարգավիճակը եւ հնարավորություն կստեղծվի առավել համակարգային կարգավորումների նախատեսման համար:

Միեւնույն ժամանակ, սույն նախագծի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված է, որ.

«Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարեւորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող եւ հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը:»:

Այս համատեքստում հարկ է նշել, որ օրենսդրական հիմքեր են անհրաժեշտ Ազգային անվտանգության ծառայության համակարգման ներքո գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի պատշաճ կիրառման եւ հետագա արդիականացման համար: Ըստ այդմ՝ սույն նախագծի ընդունումը (հետագայում նաեւ՝ դրա հիման վրա էլեկտրոնային համակարգի ենթաօրենսդրական կարգավորումը) այն նախապայմանն է, որի հիման վրա հնարավոր կլինի ապահովել տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող համակարգի առկայություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն