Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10861-26.05.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 60.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 60.1. Ընդերքօգտագործման կանոնները խախտելը

1. Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության եւ օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

3. Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ` փլուզումներ, սողանքներ, սելավներ եւ այլ վնասակար երեւույթներ`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի  հազարապատիկի չափով:

4. Երկրաբանական եւ մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

5. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկի չափով:

6. Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում` հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհազարապատիկի չափով:

7. Յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանութային աշխատանքների կատարման միջոցով գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ չիրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

8. Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ)  արդյունահանող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանելը.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:

9. Սահմանային շերտում եւ սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի պաշարների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան չմիացված՝ հանութաբարձիչ, հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների միջոցով իրականացնելը կամ օգտակար հանածոն բեռնատար ավտոմոբիլով տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

10. օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը սահմանված կարգին համապատասխան չներկայացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը – Նախագծերը մշակվել է հաշվի առնելով՝ Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները, մասնավորապես՝ գետի հունի փոփոխության առկա վտանգները, որը սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր է պարունակում, գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նույն խնդիրներն այլ գետերի շուրջ առաջանալու դեպքում դրանց արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը:

Նախագծերը մշակվել են նաեւ՝ հաշվի առնելով սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների, մասնավորապես՝ գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման հնարավորությունների անբավարարությունը, որը սահմանային փոփոխությունների ռիսկեր է առաջացնում:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները –  ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) 30-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե` բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների եւ պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր: Սակայն առկա է սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը բացահայտելու գործիքակազմի անբավարարություն:

Արաքս գետի հունից իրականացված արդյունահանումների հետեւանքով առաջանում են  բազմաթիվ խնդիրներ, այդ թվում սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր, ուստի ներկայումս առկա է  նշյալ խնդիրների հրատապ կարգավորման անհրաժեշտություն:

Բացի վերոնշյալը՝ նախագծերի մշակումը պայմանավորված է Արաքս գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման հրատապության հետ, ինչպես նաեւ գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով ավազն օգտագործելու նպատակով լրացուցիչ անգամ ընդերքօգտագործման իրավունք ձեռք չբերելու նպատակով լրացումներ է կատարվում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում՝ իրավական հենք ստեղծելով գետերի հունի արգելապատնեշների կառուցման կամ վերակառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար՝ համաձայն նախապես կազմված եւ հաստատված նախագծի:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը – ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում սահմանվել է սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվել է ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքում վարչական պատասխանատվության բավականին բարձր սահմանաչափ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:  Ընդերքօգտագործողի կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքը ընդերքօգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետում կրկնվելու դեպքում՝ հիմք ընդունելով բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդագիրը՝ նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում:

Նախատեսվել է նաեւ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (Գլոբալ Տեղորոշման Համակարգ, (GPS)) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով իրականացնելու վերաբերյալ պահանջ: Համակարգի ներդրման շնորհիվ հասանելի է դառնում սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում արդյունահանման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունը, որի շնորհիվ առավել արդյունավետ կդառնա ընդերքօգտագործողների կողմից արդյունահանման ընթացքում թույլ տրված խախտումների (այդ թվում նաեւ ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի) բացահայտումը: Մասնավորապես՝ նշված տեղեկատվության ստացումը հնարավորություն կտա պետական մարմիններին արձանագրել, թե սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնող տրանսպորտային միջոցները հանքավայրի հստակ ո՞ր հատվածում են աշխատանքներ իրականացնում եւ ո՞ր ուղղությամբ են տեղաշարժվում: Նշված պահանջը  կնպաստի սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնող ընկերությունների կողմից կատարվող իրավախախտումների բացահայտմանը եւ կանխարգելմանը:

Միեւնույն ժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվել են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանային շերտում գտնվող հանքավայրերից, ինչպես նաեւ սահմանային շերտի սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից օգտակար հանածոյի պաշարների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան չմիացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցներով իրականացնելու դեպքում նախատեսվել է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 601-ին հոդվածը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով շարադրվել է նոր խմբագրությամբ, մասնավորապես՝ ուղղվել է  նշյալ հոդվածի համարակալումը: Միաժամանակ բարձրացվել է նշյալ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված տուգանքների սահմանաչափը:

Օրենսգրքում նախատեսվել է լրացում, համաձայն որի՝ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում արդյունահանում եւ օգտակար հանածոյի պաշարների ուսումնասիրություն իրականացնելու համար ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից կներկայացվեն արտաքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաեւ մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում տրամադրված համաձայնությունները:

Լիազոր մարմնի կողմից դիմումին ընթացք կտրվի միայն համապատասխան պետական լիազորված մարմինների համաձայնությունների առկայության դեպքում: Տրված համաձայնությունները  կարող են ներկայացվել Լիազոր մարմին համապատասխան բնագավառի լիազորված մարմնի համաձայնության տրամադրման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Համաձայնություններից որեւէ մեկի բացակայության դեպքում ներկայացված դիմումը Լիազոր մարմնի կողմից քննարկման ենթակա չէ:  Լիազոր մարմինը ներկայացված փաստաթղթերի փաթեթը 5-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին՝  նշելով վերադարձման պատճառը:

Բացի այդ, նախագծով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի պարտավորություններում լրացվել է դրույթ, որով նախատեսվել է, որ գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է գետերի հուների արգելապատնեշների կառուցման նպատակով արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա, արդյունահանման աշխատանքների իրականացման տեւողության (ժամկետի) եւ արդյունահանման ծավալների վերաբերյալ գրավոր իրազեկել ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնին եւ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, արդյունահանման աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ:

Հարկ է նշել նաեւ, որ սահմանային շերտում սահմանային գետերի հասկացության պարզաբանումը անուղղակի ձեւով ներկայացված է «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, որում կիրառվում է «սահմանային շերտ» տերմինը, ինչը օրենքի իմաստով սահմանային գետի մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին՝ մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ: Նշենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ եւ 26-րդ կետերում կիրառվում է «սահմանային շերտի սահմանային գետեր» ձեւակերպումը:

Ընդերքօգտագործողի պարտավորություններում լրացվել են համապատասխան դրույթներ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները բացառապես ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների, օգտակար հանածոն տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների միջոցով իրականացնելու, իսկ նշված պայմանների՝ օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացած անձի կողմից անձամբ  չիրականացվելու դեպքում՝ համապատասխան ծառայություն մատուցող անձի հետ պայմանագրի կնքման վերաբերյալ: Նշված պայմանագրի կնքման դեպքում՝ ծառայություն մատուցող անձի համար սահմանվել է պարտականություն՝ նշյալ տրանսպորտային, տեխնիկական միջոցների տեղաշարժի մինչեւ 1 տարի վաղեմությամբ արձանագրումները պահպանելու եւ հարցման դեպքում այդ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում Կառավարության կողմից սահմանված տվյալներին հասանելիություն ունեցող մարմիններին տրամադրելու, ինչպես նաեւ նշված մարմիններին վերոնշյալ տրանսպորտային միջոցների տեղաշարժը արձանագրող սերվերային ենթակառուցվածքին շուրջօրյա հասանելիություն տրամադրելու մասին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք – Սույն նախագծերը մշակվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը – Ներկայացված նախագծերի ընդունման արդյունքում ընդերքօգտագործման իրավունք կրող՝ գետաողողատային տիպի հանքավայրերից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից տվյալ գետի գետաողողատներից արդյունահանում իրականացնելիս գետի հունից ավազի արդյունահանման, ընդերքի օգտագործման ընթացքում շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վնասի տեսանկյունից անթույլատրելի եւ (կամ) անդառնալի գնահատվող դեպքերի բացառում: Ինչպես նաեւ ընդերքօգտագործման իրավունք կրող՝ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատային տիպի հանքավայրերում ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից գետի հունից ավազի արդյունահանման դեպքերի բացառում եւ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերում: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ ափապաշտպան արգելապատնեշների կառուցման նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված, ինչպես նաեւ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքները բացառապես ՋիՊիԷս (GPS) համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին անխափան միացված՝ տրանսպորտային, տեխնիկական միջոցներով իրականացնելու հարաբերությունների կարգավորումը, Արաքս գետի  ինչպես նաեւ նույն խնդիրները այլ գետերի շուրջ առաջանալու դեպքում դրանց արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի  «2.8 բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնից (Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ՟ՊԵ՟ՏՈՒ՟ԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն