Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1092-30.05.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 28-րդ հոդվածում.

1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնող շարքային կազմի պարտադիր զինծառայողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով: Շարքային կազմի պարտադիր զինծառայողին հիմնական արձակուրդը տրվում է երեք հավասար մասերով՝ օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, ընդ որում, հիմնական արձակուրդի առաջին մասը տրվում է ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս հիմնական արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը եւ զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է միանվագ 10 օրացուցային օր ժամկետով՝ ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո:».

3) լրացնել 6.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում է նաեւ 2 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ զինվորական երդում տալու կապակցությամբ:»:

Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն օգտվում են պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից: Պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասի համաձայն կնքված հիփոթեքային վարկավորման ընթացքում մինչեւ սույն մասում նշված զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալը զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերի, դադարում է պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիփոթեքային վարկավորման կնքված պայմանագրով իրականացվող պետական աջակցությունը, ինչպես նաեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողը պարտավոր է եռամսյա ժամկետում պետական բյուջե վճարել հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիփոթեքային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը: Սույն մասի համաձայն պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրի շրջանակներում կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրում պարտադիր է հիփոթեքային վարկավորման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից ձեռք բերված բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարանի կամ բնակելի տան գնման իրավունքի օտարման հնարավորության սահմանափակման վերաբերյալ պայմանի նախատեսումը: Սույն մասով սահմանված բոլոր պայմանները ենթակա են ներառման հիփոթեքային վարկավորման պայմանագրում:»:

Հոդված 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետով պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ ստացած զինծառայողների վրա՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմնական արձակուրդի համապատասխան ժամկետի դրական տարբերության մասով:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետներն ավելացնելու եւ զինվորական երդում ընդունելու կապակցությամբ պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ սահմանելու, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար իրենց կարիքներին համահունչ բնակելի անշարժ գույք ընտրելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 28-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ` ոչ պակաս, քան հինգ ամսվա օրացուցային ծառայության դեպքում՝ շարքայինի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օրացուցային օր ժամկետով, ինչպես նաեւ արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչեւ երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով: Ներկայումս Կառավարության քաղաքականությունն ուղղված է զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, եւ թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանմանը, զինծառայության գրավչության, զինծառայողների իրավական եւ սոցիալական երաշխիքների ավելացման գործընթացի ապահովմանը: Այդ առումով, առանց տարանջատելու կոչումային կազմերը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող արձակուրդի ժամկետների ավելացումը, այդ թվում նաեւ լրացուցիչ արձակուրդի տրամադրման միջոցով զինվորական երդման արարողության արժեւորումն էական ազդեցություն կունենան զինծառայության գրավչության, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի եւ կարգապահության ամրապնդման վրա: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժեւորելու նպատակով՝ այդպիսի զորամասերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել հիմնական արձակուրդի ավելի երկար ժամկետ, որի հիման վրա առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով, հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերի տրամադրումը եւ երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ: Նշված հարաբերություններին տրվում է նաեւ հետադարձ ուժ՝ դրանց գործողությունը տարածելով նաեւ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախկին չափով հիմնական արձակուրդ ստացած զինծառայողների վրա՝ օրենքի նախագծով նախատեսված հիմնական արձակուրդի ժամկետի դրական տարբերության մասով:

Բացի այդ, օրենքում 16.01.2024թ. ՀՕ-23-Ն օրենքով կատարված լրացումներով՝ 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն է սահմանվել նաեւ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած եւ մինչ այդ օտարերկրյա պետությունում զինվորական ծառայություն չանցած ՀՀ երկքաղաքացիների համար՝ մինչեւ 37 տարին լրանալը, ինչպես նաեւ զորակոչից խուսափած եւ 27 տարին լրացած քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվել իրենց ցանկությամբ եւ համապատասխան չափով գումար վճարելու միջոցով անցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ կրկին մինչեւ 37 տարին լրանալը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաեւ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող հիմնական արձակուրդի ժամկետը:

Օրենքում 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքով կատարված կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ օրենքով սահմանված ժամկետով (20 տարի) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան` նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Նշված գործընթացի ապահովման նպատակով բնակարանների հատկացման ընթացակարգը սահմանող ՀՀ կառավարության 27.10.2022թ. N 1665-Ն որոշմամբ նախատեսվել է, որ նշված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են Երեւան քաղաքում 75-80քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց պատրաստի ծառայողական բնակարաններ՝ վիճակահանությամբ, իսկ այդ բնակարանների ձեռքբերումն իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն: Վերջին տարիների բնակարանային շուկայում զարգացումները, ինչպես նաեւ կառուցապատող ընկերությունների հետ քննարկումներն ակնհայտ դարձրեցին, որ թե պահանջարկի, եւ թե առաջարկի, ինչպես նաեւ պատրաստի բնակարանների ձեռքբերման արժեքների հետ կապված առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք փաստացի գործնականում անհնար եւ տնտեսապես աննպատակահարմար են դարձնում գործընթացը սահմանված կարգով իրականացումը: Բացի այդ, առավել խորացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որոշակիորեն խնդիրներ էին առաջանալու նաեւ Երեւան քաղաքի տարբեր տարածքներում ձեռք բերված բնակարանների՝ թեկուզեւ վիճակահանության միջոցով, բաշխման գործընթացում: Այդ կապակցությամբ, նպատակարմար է գտնվել փոփոխել գործընթացի իրականացման ձեւաչափը, համապատասխան իրավունք ունեցող սպաներին հնարավորություն տալ իրենց կողմից եւ իրենց կարիքներին համահունչ՝ հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն՝ ամբողջապես պետական աջակցությամբ (կանխավճարի, վարկի մայր գումարի եւ հաշվարկված տոկոսների վճարում պետական բյուջեի միջոցների հաշվին (գործող կարգավորումների համեմատ շահառուների վրա վատթարացնող ազդեցությունը բացառելու նպատակով)) հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելով ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաեւ պահպանելով գործող կարգավորումներով սահմանված երաշխիքների տրամաբանությունը, իսկ պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում դադարելու է պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորման պայմանագրով վճարումների կատարումը, ինչպես նաեւ այդ զինծառայողը պարտավոր է լինելու պետական բուջե վերադարձնել այն գումարը, որը վճարվել է պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակներում: Սահմանվում է նաեւ, որ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրի շրջանակներում կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրում պարտադիր է հիփոթեքային վարկավորման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից ձեռք բերված բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարանի կամ բնակելի տան գնման իրավունքի օտարման հնարավորության սահմանափակման վերաբերյալ պայմանի նախատեսումը:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում վերանայել ՀՀ կառավարության 27.10.2022թ. N 1665-Ն որոշումը, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանել համապատասխան զորամասերի ցանկ, ինչպես նաեւ օրենքից բխող փոփոխություններ կատարել զինծառայողներին արձակուրդների տրման կարգը սահմանող ՀՀ պաշտպանության նախարարի 05.05.2020թ. N 460-Լ հրամանում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները եւ նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաեւ ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինվում է իրենց կարիքներին համահունչ պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով, սահմանվում են գործընթացի իրականացման հետ կապված պայմանները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 1-ին եւ 9-րդ կետերի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության կողմից զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, եւ թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

Օրենքի նախագծի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման չի հանգեցնելու, իսկ 2026 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել՝ 2026թ. համար՝ 783,639.36 հազ. դրամ, 2027թ. համար՝ 1,542,819.15 հազ. դրամ, 2028թ. համար՝ 2,325,003.54 հազ. դրամ:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն