Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 28-րդ հոդվածում.
1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնող շարքային կազմի պարտադիր զինծառայողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով: Շարքային կազմի պարտադիր զինծառայողին հիմնական արձակուրդը տրվում է երեք հավասար մասերով՝ օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, ընդ որում, հիմնական արձակուրդի առաջին մասը տրվում է ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս հիմնական արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը եւ զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է միանվագ 10 օրացուցային օր ժամկետով՝ ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո:».
3) լրացնել 6.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում է նաեւ 2 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ զինվորական երդում տալու կապակցությամբ:»:
Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն օգտվում են պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից: Պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասի համաձայն կնքված հիփոթեքային վարկավորման ընթացքում մինչեւ սույն մասում նշված զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալը զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերի, դադարում է պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը եւ հիփոթեքային վարկավորման կնքված պայմանագրով իրականացվող պետական աջակցությունը, ինչպես նաեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողը պարտավոր է եռամսյա ժամկետում պետական բյուջե վճարել հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիփոթեքային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը: Սույն մասի համաձայն պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրի շրջանակներում կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրում պարտադիր է հիփոթեքային վարկավորման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից ձեռք բերված բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարանի կամ բնակելի տան գնման իրավունքի օտարման հնարավորության սահմանափակման վերաբերյալ պայմանի նախատեսումը: Սույն մասով սահմանված բոլոր պայմանները ենթակա են ներառման հիփոթեքային վարկավորման պայմանագրում:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետով պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ ստացած զինծառայողների վրա՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմնական արձակուրդի համապատասխան ժամկետի դրական տարբերության մասով:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում: