Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10931-30.05.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1659-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր խախտման համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից մինչեւ հինգ հազարապատիկի չափով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ից 1.3. մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատության ղեկավարի կամ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների պատասխանատու անձի, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված պարտականություններ ունեցող պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր խախտման համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

1.2. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների եւ անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, յուրաքանչյուր խախտման համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ տասը հազարապատիկի չափով:

1.3. Տրաստի ֆիզիկական անձ հանդիսացող կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:».

3) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նշանակված նախազգուշացմամբ կարող են տրվել նաեւ խախտումները վերացնելու, շտկելու կամ հետագայում բացառելու հանձնարարականներ՝ սահմանելով խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականների կատարման ժամկետներ կամ միջոցառումներ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 24412 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 «1.1. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պահանջների խախտման գործերը քննում է համապատասխան վերահսկողական իրավասություններ ունեցող մարմինը, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է տվյալ մարմնի ղեկավարը, իսկ այդպիսի մարմին առկա չլինելու դեպքում՝ Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Օրենսգրքի 1659 -րդ հոդվածում լրացվող 1.3-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: