Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-109313-30.05.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իգ» եւ «իդ» կետերով.

«իգ) փոխկապակցված անձ՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք.».

իդ) իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված անձինք:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ1 » կետ.

«դ1 ) վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ տեղեկանք՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով.»:

Հոդված 3. Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «կարող է մերժել» բառերը փոխարինել «մերժում է» բառերով.

2) «ե1 »-ին կետում «մասնակիցներից» բառից հետո լրացնել «կամ իրական շահառուներից» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե2 »-րդ կետ.

«ե2 ) վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից կամ իրական շահառուներից թեկուզ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ե3 »-րդ կետ.

«ե3 ) կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը, դրա հետ փոխկապակված անձը կամ կազմակերպության իրական շահառուն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.»:

Հոդված 4. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 202 -րդ հոդված.

«Հոդված 202 . Վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի մասնակցության դադարեցումը

1. Եթե լիցենզավորման ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե անձի՝ սույն օրենքով սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե1 » կամ «ե3 » կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի վճարահաշվարկային կազմակերպությունում իր ունեցած ներդրումները, կամ վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել վճարահաշվարկային կազմակերպության գործունեության վրա: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետին հաջորդող օրվանից վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Վճարահաշվարկային կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:

3. Եթե վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե2 »-րդ կետով նախատեսված նշանակալից մասնակցության նախնական համաձայնության մերժման հիմքերից որեւէ մեկը, վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Վճարահաշվարկային կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ա1»-ին կետ.

«ա1) Միավոված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձինք.».

2) «ե»-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) անձինք, որոնք կամ որոնց հետ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով հիմնավորված Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել վճարահաշվարկային կազմակերպության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը:».

3. 4-րդ կետում «տասնօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ: Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների եւ ղեկավարների մասին սույն մասով նախատեսված տեղեկություն՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով եւ ժամկետներում:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս.

«7. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե1 »-ին կամ «ե3 »-րդ կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը իրավասու է օտարումն իրականացնել դատական կարգով: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Վճարահաշվարկային կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ընդունել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակումը եւ այդ մարմնի գործունեությունը կարգավորող իրավական ակտեր:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում վճարահաշվարկային կազմակերպության համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ: Սույն մասով նախատեսված ժամկետում վճարահաշվարկային կազմակերպության կողմից համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը ընդունում է տվյալ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող «ե2 »-րդ կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Վճարահաշվարկային կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: