Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1097-02.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ին ընդունված N ՀՕ-148-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետում «հզորությամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ սույն օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ սպառողի կողմից կարող է մատուցվել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որը չի հանդիսանում էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ եւ սույն օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ:»:

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաեւ սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող եւ իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումը սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:»:

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում «28» թիվը փոխարինել «60» թվով:

Հոդված 6. Օրենքի 56.1-ին հոդվածի 4-րդ մասում «չեն կարգավորման» բառերից հետո լրացնել «, այդ հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն (այդ թվում՝ առուվաճառքին) առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ» բառերը եւ նույն հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ինքնավար էներգաարտադրողը շուկայի կանոններով սահմանված կարգով կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով՝ առանց հետագայում այն վերականգնելու իրավունքի:»:

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասում «կարգավորումները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սույն օրենքի 56.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթը» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

1. Վերջին տարիներին պետական համապատասխան քաղաքականության շնորհիվ Հայաստանում էապես ավելացել է էլեկտրամոբիլների քանակը, ինչով պայմանավորված նույն քաղաքականությանը համահունչ առկա է դրանց լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման եւ գործընթացի դյուրացման անհրաժեշտություն:

Էլեկտրամոբիլների լիցքավորումն էներգետիկայի բնագավառում կարգավորման եւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ. անձինք ազատ են վերաբերելի այլ օրենսդրական ակտերի պահպանմամբ մատուցելու այդ ծառայությունը: Գործող «Էներգետիկայի մասին» օրենքում, սակայն, չկա այդ մասին հստակ դրույթ: Հիշյալ հարաբերությունների առնչությամբ կարգավորում առկա է բացառապես օրենքի 48-րդ հոդվածում ամրագրված՝ սպառողի կողմից էլեկտրաէներգիայի փոխանցմանն առնչվող իրավանորմում, որը, ընդ որում, ոչ հստակ ձեւակերպման պատճառով հաճախ տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Այս առնչությամբ գործնականում եւս՝ հատկապես բազմաբնակարան շենքերում բնակվող անձանց համար առկա են էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ: Մասնավորապես, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց ավտոկայանատեղիում լիցքավորելու ավտոմեքենան, պետք է դիմեն էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություն մատուցող անձին՝ այդ ավտոկայանատեղիի սպառման համակարգը միացման վճարի դիմաց էլեկտրական ցանցին միացման համար, ապա կնքեն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր՝ սպառման այդ կետի մասով եւս դառնալով առանձին բաժանորդ: Նշվածը ծախսատար եւ ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ պարզապես բացակայում է, քանի որ անձանց բնակարանների՝ արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարար է թե բնակարանի էլեկտրամատակարարման ապահովման, թե էլեկտրամոբիլի լիցքավորման համար:

Նույն խնդիրն առկա է նաեւ բնակարանից դուրս, սակայն բնակելի նշանակության տնտեսական եւ օժանդակ այլ տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովման հարցում:

2. «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն՝ ցանկացած սպառող, նույն օրենքի եւ շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք:

Ինքնավար էներգաարտադրողը վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող սպառողն է, որը երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կնքել է փոխհոսքերի պայմանագիր եւ տվյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքի մասով արտադրության լիցենզիա ունեցող անձ չէ: Ընդ որում, ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի կարող գերազանցել 150 կՎտ-ը:

Նույն օրենքով ամրագրված է նաեւ ինքնավար էներգաարտադրողի իրավունքը մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ հրաժարվելով այդ կարգավիճակից, որ պարագայում վերջինս օրենքի ուժով ստանում է միկրոէներգաարտադրողի կարգավիճակ: Հարկ է նշել նաեւ, որ միկրոէներգաարտադրողի՝ էլեկտրական էներգիա արտադրող կայանի դրվածքային հզորությունը եւս սահմանափակված է 150 կՎտ-ով, իսկ այդ հզորությունից բարձր դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը ենթակա է լիցենզավորման:

Նախկինում գործող կարգավորումների ուժով, սակայն, ներկայումս առկա են նաեւ մինչեւ 500 կՎտ հզորությամբ ինքնավար էներգաարտադրողներ, որոնք, պայմանավորված միկրոէներգաարտադրողի կայանի հզորության վերոնշյալ սահմանափակմամբ, ըստ էության, զրկված են մեծածախ շուկային մատնանշված ձեւով մասնակցելու հնարավորությունից: Ստացվում է իրավիճակ, երբ միեւնույն կարգավիճակը ունեցող, սակայն տարբեր հզորությունների կայաններ շահագործող արտադրողներից մեկը կարող է ինքնաբերաբար՝ իր կարգավիճակից հրաժարվելու ուժով, դառնալ մեծածախ շուկայի մասնակից, իսկ մյուսը՝ այդ շուկային մասնակցելու համար պետք է գործող իրավակարգավորումների համաձայն ստանա էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ հետագայում կրելով լիցենզավորված անձանց համար ամրագրված բոլոր պարտավորությունները:

3. «Էներգետիկայի մասին» օրենքով ինքնավար էներգաարտադրողների եւ սպառողների համար նախատեսված է հնարավորություն՝ ստեղծելու ինքնավար խումբ, որի մասնակիցների հարաբերությունները նույն օրենքի իմաստով ենթակա չեն կարգավորման: Վերջին ձեւակերպման նպատակն ըստ էության նշված խմբի մասնակիցներին խմբի ներսում իրենց հարաբերություններն ինքնուրույն որոշելու ազատություն տալն է, մինչդեռ օրենքում նշված ձեւակերպման բացակայությունը կարող է տարակերպ մեկնաբանության տեղիք տալ՝ հանգեցնելով եզրահանգման, որ այդ հարաբերությունները, ենթակա չլինելով կարգավորման «Էներգետիկայի մասին» օրենքի իմաստով, այդուհանդերձ կարող են կարգավորվել այլ օրենսդրական ակտերով:

Առաջարկվող կարգավորումները եւ ակնկալվող արդյունքը

«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

1. հստակ ամրագրել, որ յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ սպառողի կողմից կարող է մատուցվել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որը չի հանդիսանում էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ եւ նշված օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել սպառողի համար՝ իրեն մատակարարված էլեկտրաէներգիան սպառել նաեւ սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող եւ իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում՝ գործող պահանջներին համապատասխան ինքնուրույն իրականացնելով այդ համակարգերի միմյանց միացումը: Նշված իրավակարգավորումների ամրագրման արդյունքում կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը եւ սպառողների համար կհեշտացվի ինչպես հիշյալ գործընթացը, այնպես էլ նրանց պատկանող կենցաղային կարիքների համար նախատեսված տարածքների էլեկտրամատակարարման ապահովումը.

2. 150 կՎտ-ը գերազանցող հզորությամբ ինքնավար էներգաարտադրողների համար հնարավորություն ստեղծել նույն կարգավիճակն ունեցող մյուս անձանց հետ հավասար պայմաններով՝ մասնակցելու էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկային՝ այդ կերպ նաեւ խթանելուվ էլետրաէնեգետիկական շուկայում մրցակցությունը եւ ընդլայնելով դրա մրցակցային հատվածում առեւտրի մասնակիցների շրջանակը.

3. օրենքում հստակ ամրագրել, որ ինքնավար խմբի մասնակիցների հարաբերությունները, ներառյալ՝ ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ՝ հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով.

4. ուղղել օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում տեղ գտած սխալ հղումը:

Նախագիծը մշակողը

Նախագիծը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի հետ համագործակցությամբ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն