Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1099-03.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ, 32-րդ, 33-րդ եւ 34-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

« Հոդված 30. Հարկային մարմնի հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները եւ սահմանները

1. Հարկային մարմնի հանրային ծառայողներին թույլատրվում է իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կրել եւ պահել օրենքով նախատեսված զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, ինչպես նաեւ հատուկ միջոցներ եւ զենք կիրառել: Նախքան հատուկ միջոցների եւ զենքի կիրառման իրավասություն ստանալը հարկային մարմնի հանրային ծառայողները, հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն (ուսուցում):

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաեւ տեսակի ընտրությունը կատարելիս հարկային մարմնի հանրային ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

3. Հարկային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու եւ ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ հարկային մարմնի հանրային ծառայողի կյանքի, առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ:

4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից եւ դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաեւ դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետեւանքով հնարավոր վնասները հարկային մարմնի հանրային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:

5. Օրենքով չնախատեսված դեպքերում հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառումը կամ սահմանների անցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

6. Հարկային մարմնի հանրային ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին վերադասության կարգով անհապաղ գրավոր տեղեկացնում է հարկային մարմնի ղեկավարին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազին:

Հոդված 32. Հատուկ միջոցների կիրառումը

1. Հատուկ միջոցները Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված եւ սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական, հոգեբանական կամ նյութական օբյեկտների, տրանսպորտային միջոցների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս հարկային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`

1) իրենց եւ (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը խափանելիս.

2) ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ հանցանք կատարած  լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.

4) դիմադրություն ցույց տվող իրավախախտին ձերբակալելու կամ հարկային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին.

5) ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:

2. Հարկային մարմնի հանրային ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են կիրառել`

1) ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) արցունքաբեր, գրգռիչ նյութեր, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում.

7) ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են կիրառվել նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

4. Արգելվում է հատուկ միջոցները կիրառել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները կիրառվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաեւ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

Հոդված 33. Զենքի կիրառումը (գործադրումը եւ օգտագործումը)

1. Հարկային մարմնի հանրային ծառայողները իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս հարկային հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրել`

1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.

2) հարկային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաեւ նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած  լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված եւ փախուստի փորձ կատարող, ինչպես նաեւ զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

4) հարկային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների եւ տարածքների վրա, ինչպես նաեւ հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման եւ ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս:

2. Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործել`

1) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

2) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման եւ զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաեւ երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

4. Կոմիտեի սպառազինության մեջ կարող են ընդգրկվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին»օրենքով նախատեսված զենքի համապատասխան տեսակներ:  Կոմիտեի  սպառազինության մեջ ընդգրկվող զենքի տեսակները՝ ըստ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների,  պաշտոնների եւ ծառայողական պարտականությունների, սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

5. Հարկային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, հարկային մարմնի հանրային ծառայողներին՝ ըստ գործառույթների,  զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:

Հոդված 34. Հարկային մարմնի հանրային ծառայողների անհատական պաշտպանության միջոցները

1. Անձնական անվտանգության ապահովման համար հարկային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ եւ անհատական պաշտպանության այլ միջոցներ:ե:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Կարգավորման ենթակա խնդիրը.

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) նպատակն է՝ «Մաքսային ծառայության մասին» եւ «Հարկային ծառայության մասին»օրենքների (այսուհետ՝ Օրենքներ)  կարգավորումները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության  կարգավորման մասին» օրենքին:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Օրենքները կարգավորում են նաեւ հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից  ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023թ.-ի հունիսի 1-ից գործում է « Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենքների դրույթները խմբագրել եւ համապատասխանեցնել «Զենքի շրջանառության  կարգավորման մասին»օրենքի կարգավորումներին:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից: Ըստ Կառավարության 2021-2016թթ. Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ եւ մարդկային ռեսուրսների կառավարում»հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել եւ կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու եւ պետական համակարգի առջեւ դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիանալիզմով եւ բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձեւավորելու միջոցով:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում Օրենքների կարգավորումները կհամապատասխանեցվեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին եւ կհստակեցվեն հարկային եւ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման հետ կապված հարաբերությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն