Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11011-06.06.2025-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության երաշխիքները

1. Երեխան գտնվում է հասարակության եւ պետության հոգածության ու պաշտպանության ներքո: Երեխայի իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատուները նրա ծնողներն են, որոնք ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ երեխայի պաշտպանության հարցերում, ինչպես նաեւ այլ օրինական ներկայացուցիչները (ներառյալ՝ որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները, խնամատար ծնողները):

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, երեխայի իրավունքները պաշտպանելիս պետության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պարտականությունները, ինչպես նաեւ երեխայի պաշտպանության համակարգը, դրա բաղկացուցիչները, երեխայի պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման հիմքերը եւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.

2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը եւ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը.

3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որն իրականացվում է խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքի կազմակերպման եղանակներով.

4) շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններ՝ շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններ՝ անկախ սեփականության ձեւից, կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից, ներառյալ՝ շուրջօրյա խնամքի բաղադրիչ ունեցող երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոններ (այսուհետ՝ ճգնաժամային շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններ).

5) ցերեկային կենտրոն՝ կազմակերպություն՝ անկախ սեփականության ձեւից, կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից, կամ երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնի ցերեկային խնամքի բաղադրիչ, որը երեխայի պաշտպանության պլանի շրջանակներում կամ այլ օրինական հիմքերով երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, ընտանիքին կամ մերձավոր ազգականին տրամադրում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված խնամք, սոցիալ-վերականգնողական, սոցիալ-հոգեբանական կամ օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ.

6) երեխայի նկատմամբ բռնություն՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական, սեռական, տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած ձեւ կամ անտեսում, ներառյալ՝ բռնության մասնավոր դրսեւորումները՝ բուլինգ, ֆիզիկական (մարմնական) պատիժ, շահագործում.

7) երեխայի շահագործում՝ երեխայի պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձեւերը, երեխայի պարտադիր կամ հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ վատթարագույն աշխատանքի այլ ձեւերը, երեխային ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, երեխայի առքը կամ վաճառքը, երեխայի բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը.

8) երեխայի սեռական շահագործում՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործում՝ վարձատրության, այլ հատուցման կամ դրանք խոստանալու դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը տրամադրվում է երեխային կամ երրորդ անձին, ինչպես նաեւ երեխայի ներգրավում սեքսուալ ցանկացած այլ գործունեության մեջ.

9) երեխայի նկատմամբ սեռական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են երեխայի նկատմամբ, ինչպես նաեւ երեխայի սեռական անձեռնխելիության դեմ ուղղված ցանկացած այլ արարքները.

10) երեխայի անտեսում՝ ծնողի, օրինական ներկայացուցչի, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, երեխայի կենսապահովման համար հիմնական պահանջմունքները չապահովելը կամ դրանցից զրկելը, եթե անձն ուներ հնարավորություն այդ պահանջմունքները բավարարելու համար.

11) երեխայի բուլինգ՝ երեխայի վարքագծի դրսեւորումը, անձնական կախվածությունը, անօգնականությունը, վիճակի խոցելիությունը կամ իշխանության կամ ուժի անհավասարակշռությունն օգտագործելով մեկ կամ մի քանի անձանց կողմից պարբերաբար դիտավորյալ բացասական (տհաճ կամ վիրավորական) վարքագիծ, որն իրականացվում է բանավոր կամ գրավոր արտահայտության, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրմամբ, ներառյալ՝ կիբերբուլինգը, որը կատարվում է առցանց միջավայրում՝ էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ համակարգիչների, բջջային հեռախոսների եւ այլ էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ.

12) ֆիզիկական (մարմնական) պատիժ՝ ծնողի, օրինական ներկայացուցչի, վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ցանկացած ազդեցություն, որի դեպքում երեխայի նկատմամբ գործադրվում է ֆիզիկական բռնություն, եւ որը երեխային պատճառում է որոշակի ցավ կամ անհարմարություն՝ անկախ դրա կիրառման նպատակից.

13) երեխայի այլ մերձավոր ազգական՝ անկախ համատեղ բնակվելու հանգամանքից՝ երեխայի քույրերը կամ եղբայրերը, ներառյալ՝ համահայր կամ համամայր, ծնողների քույրերը կամ եղբայրները, տատերը կամ պապերը.

14) երեխայի պաշտպանության դեպք՝ երեխայի նկատմամբ բռնության, դրա ռիսկի կամ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման խախտման դեպք, որը պահանջում է օրենսդրությամբ նախատեսված միջամտություն երեխայի պաշտպանության նպատակով:

Հոդված 4. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները

1. Երեխայի իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ է ապահովել հետեւյալ սկզբունքները՝

1) խտրականության արգելքը՝ կախված երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.

2) երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը.

3) երեխայի կարծիքը հարգելը եւ լսելը՝ հաշվի առնելով երեխայի տարիքը եւ հասունության մակարդակը.

4) երեխայի խնամքի, դաստիարակության եւ կրթության կայունության ու շարունակականության ապահովումը.

5) ընտանեկան միջավայրում երեխայի ապրելու առաջնայնությունը եւ երեխայի բաժանումն ընտանիքից որպես ծայրահեղ միջոց կիրառելը:

Գ Լ ՈՒ Խ II.
ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 5. Երեխայի արժանապատիվ գոյության եւ առողջ զարգացման իրավունքը

1. Ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պարտավոր են դիմել բժշկական եւ վերականգնողական օգնություն ստանալու համար՝ երեխայի արժանապատիվ գոյության, առողջության պահպանման, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակների կանխարգելման նպատակով, որոնք կարող են վտանգել երեխայի կյանքը, առողջությունը եւ առողջ զարգացումը:

2. Բժշկական միջամտությունն իրականացվում է երեխայի ազատ եւ գիտակցված համաձայնությամբ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը եւ հասունության մակարդակը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ միջամտությունը կարող է իրականացվել միայն ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում:

3. Հրատապ իրավիճակներում, երբ վտանգված է երեխայի կյանքը կամ առկա է երեխայի կյանքի, առողջության կամ ֆիզիկական ամբողջականության համար ծանր հետեւանքներ առաջանալու անմիջական վտանգ, երեխայի լավագույն շահերից ելնելով՝ անհետաձգելի բժշկական միջամտությունը կարող է իրականացվել նաեւ առանց երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 6. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր, սոցիալական եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

2. Երեխայի անհրաժեշտ նվազագույն կենսապայմանների ապահովումը ենթադրում է սննդի, խմելու ջրի, ապահով կենսամիջավայրի, կացարանի, հագուստի, կոշիկի տրամադրում եւ առաջնային բժշկական օգնության հասանելիություն՝ երեխայի հատուկ կարիքները հաշվի առնելով:

3. Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

4. Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին ցուցաբերում է օրենսդրությամբ նախատեսված օգնություն:

Հոդված 7. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա ունի բռնությունից պաշտպանված լինելու իրավունք:

2. Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին արգելվում է երեխային ենթարկել բռնության, ֆիզիկական (մարմնական) պատժի կամ նրա արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի կամ ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունն օգտագործել դաստիարակչական նպատակով:

3. Երեխաների նկատմամբ ֆիզիկական (մարմնական) պատիժը, իրավունքների չարաշահումը կամ որեւէ այլ դաժան, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքն արգելվում են ընտանիքում, ուսումնական, այլընտրանքային խնամքի, բժշկական կամ հոգեբուժական կազմակերպություններում, քրեակատարողական հիմնարկներում կամ ցանկացած այլ վայրերում:

4. Բռնության ենթարկված երեխան պետական պաշտպանության ու աջակցության կարիք եւ իրավունք ունի: Երեխայի նկատմամբ բռնության դեպքին առնչվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները՝ անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձեւից, կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն:

5. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման եւ համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձեւերը եւ աջակցության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի նկատմամբ բռնության արգելքի կիրառումն ապահովելու նպատակով, այդ թվում՝ իրավական ակտեր ընդունելու, դրական ծնողավարմանն աջակցելու, երեխաների դաստիարակման ոչ բռնի եղանակների խրախուսման ծրագրեր իրականացնելու, իրազեկելու, ինչպես նաեւ երեխաների հետ աշխատող մասնագետներին վերապատրաստելու միջոցներով:

7. Երեխայի՝ բռնության բոլոր ձեւերից պաշտպանված լինելու իրավունքը խախտող անձը պատասխանատվության է ենթարկվում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Բուլինգից երեխայի պաշտպանության իրավունքը

1. Երեխայի բուլինգն արգելված է:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

3. Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության եւ ուղղորդման, ինչպես նաեւ նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու եւ նրանց հետ համատեղ ապրելու իրավունք՝ բացառությամբ օրենքով սահմանված այն դեպքերի, երբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից: Ֆինանսական միջոցների բացակայությունը կամ ծնողի հաշմանդամությունը կամ ֆիզիկական առողջության խնդիրների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ երեխային ընտանիքից հեռացնելու կամ ծնողին՝ ծնողական իրավունքներից զրկելու համար:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման եւ ընտանիքի վերամիավորման համար, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այլընտրանքային խնամքի միջոցով խնամք եւ դաստիարակություն ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման եւ ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման կարգը:

4. Մշտապես կամ ժամանակավորապես առանց ծնողական խնամքի մնալու դեպքում երեխան ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են առանց ծնողական խնամքի մնացած եւ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների այլընտրանքային խնամքը՝ խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում խնամքը կազմակերպելու միջոցով:

5. Պետությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում, սահմանում է հատուկ երաշխիքներ ծնողազուրկ երեխաների համար: Ծնողազուրկ է այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը կամ մեկ ծնողը) մահացել են, ճանաչվել են մահացած կամ անհայտ բացակայող կամ անհայտ կամ զրկվել են ծնողական իրավունքներից:

6. Երեխայի այլընտրանքային խնամքի ձեւերի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Երեխայի այլընտրանքային խնամքի ձեւն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի խնամքի, դաստիարակության կայունության եւ հաջորդականության ապահովման անհրաժեշտությունը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը եւ այլ հանգամանքներ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որ իր այլընտրանքային խնամքի ձեւը եւ դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով նրա կարծիքը եւ լավագույն շահերը:

8. Ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքի իրացման եւ ընտանիքի հետագա վերամիավորման նպատակով՝ երեխայի խնամքը կազմակերպելիս նախապատվությունը տրվում է ընտանիքի այլ անդամների միջոցով խնամքի եւ դաստիարակության կազմակերպմանը: Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինն ապահովում է երեխայի, ընտանիքի այլ անդամների եւ խնամք իրականացնող անձի միջեւ կայուն կապը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ եւ խորհրդատվությամբ:

9. Որդեգրումը, հանդիսանալով երեխայի կենսաբանական ընտանիքին փոխարինող ընտանիքում երեխայի խնամքի եւ դաստիարակության կազմակերպման ձեւ, ունի այլընտրանքային խնամքի ձեւերի կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով եւ դրանից բխող ու դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով:

Հոդված 10. Տեղեկատվություն ստանալու եւ մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգեւոր արժեքներին եւ համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսեւորելու իրավունք:

3. Արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, երեխայի իրավունքները խախտող, բռնություն եւ դաժանություն քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումների կատարմանը նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը, ներառյալ՝ առցանց:

4. Երեխայի հայացքները, համոզմունքները եւ կարծիքը ենթակա են պատշաճ ուշադրության՝ նրա տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան:

5. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու եւ հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն՝ հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխային տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրա համար հասկանալի եւ հասանելի եղանակով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից եւ երեխայի լավագույն շահերից ելնելով:

Հոդված 11. Երեխայի աշխատանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքին, զարգացման առանձնահատկություններին եւ ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, ինչպես նաեւ աշխատելու իրավունք, որի իրացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

2. Երեխայի համար արգելված աշխատանքներ են երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերը, ծանր, վնասակար կամ վտանգավոր աշխատանքները: Երեխայի համար արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Երեխայի հանգստի, խաղալու եւ ժամանցի իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի, խաղալու եւ ժամանցի՝ իր տարիքին, հասունության մակարդակին, հետաքրքրություններին եւ անհատական պահանջմունքներին համապատասխան խաղերին եւ մարզական, մշակութային կամ այլ միջոցառումներին ազատորեն մասնակցելու եւ արվեստով զբաղվելու իրավունք, իսկ ծնողները, այլ օրինական ներկայացուցիչները, այլ մերձավոր ազգականները եւ երեխայի դաստիարակության համար պատասխանատու այլ անձինք պարտավոր են ապահովել երեխայի համապատասխան պահանջմունքները եւ սույն հոդվածով նախատեսված իրավունքի իրացումը:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները խրախուսում են երեխայի հանգստի, խաղալու եւ ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի եւ առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ, ծրագրեր եւ միջոցառումներ:

Հոդված 13. Երեխայի անվտանգության, ներառյալ՝ առցանց անվտանգության ապահովումը

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը, ներառյալ՝ անվտանգ միջավայրում խնամքն ու դաստիարակությունը, ինչպես նաեւ պետությունը՝ իր մարմինների ու կազմակերպությունների միջոցով ստեղծում է երեխայի համար անվտանգ միջավայր, ներառյալ՝ առցանց: Երեխայի համար անվտանգ առցանց միջավայրի ապահովման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Առեւտրային կամ ոչ առեւտրային հիմունքներով ինտերնետ հասանելիություն ապահովող կազմակերպությունները՝ անկախ սեփականության ձեւից, պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ երեխաների առցանց անվտանգության ապահովման նպատակով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Երեխաների առցանց անվտանգության ոլորտում կազմակերպությունների համար պահանջները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով երեխայի իրավունքների ապահովման եւ երեխայի լավագույն շահերի պաշտպանության սկզբունքները:

3. Երեխայի անօրինական տեղաշարժը, այդ թվում՝ այլ պետություններ, առեւանգումը, վաճառքն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

4. Երեխայի անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն առարկաների եւ իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին եւ այդ առարկաների ու իրերի հայտնաբերման եւ առգրավման կարգը, ինչպես նաեւ այն սննդամթերքի, առարկաների եւ իրերի ցանկը, որոնք արգելված է պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ ու այդ սննդամթերքը, առարկաները եւ իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը:

Հոդված 14. Երեխայի լսված լինելու իրավունքը եւ երեխայի մասնակցությունը

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որն իր տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում եւ որոշումներ կայացնելիս: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի լսված լինելու իրավունքն ապահովելիս՝ նրա կարծիքը չի կարող օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս երեխայի լավագույն շահերի:

2. Երեխայի լսված լինելու իրավունքը կարող է իրացվել նաեւ երեխային վերաբերող հարցերի առնչությամբ քաղաքականության, օրենսդրության եւ ռազմավարությունների ընդունման, իրականացման կամ փոփոխման դեպքում՝ երեխաների շրջանում հարցումներ իրականացնելու, նրանց մասնակցությամբ քննարկումներ եւ բանավեճեր կազմակերպելու միջոցով:

3. Երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է իր զարգացող ունակություններին եւ աստիճանաբար աճող ինքնավարությանը համապատասխան: Որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքները եւ ընդհանուր մոտեցումը հաստատվում են սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի ուղեցույցով: Առանձին ոլորտներում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության առանձնահատկությունները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմինը:

Հոդված 15. Արդարադատության հասանելիության իրավունք

1. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի օգտվելու արդարադատության համակարգից, որն ապահովված է որակավորված մասնագետներով եւ հասանելի է երեխային՝ նրա տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, ընկալելի է երեխայի կողմից, հարմարեցված է երեխայի կարիքների, հիմնարար իրավունքների եւ պահանջմունքների արդյունավետ իրականացման համար, արտահայտում է հարգանքը երեխայի պատվի, արժանապատվության եւ անձնական կյանքի նկատմամբ: Երեխաների համար հասանելի արդարադատության գործընթացների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով, Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ օրենքներով, ինչպես նաեւ արդարադատության համակարգի մարմինների ղեկավարների համապատասխան իրավական ակտերով:

2. Քրեական վարույթն իրականացնելիս իրավասու մարմինները, երեխայի լավագույն շահերի ապահովման, մեղադրյալ, տուժող կամ վկա անչափահասի հոգեկան եւ ֆիզիկական առողջության պահպանման նպատակով, պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով որակավորված հոգեբանի պարտադիր մասնակցությունը՝ բացառելով երեխայի մասնակցությունը երեխայի հոգեկան առողջությանը վնաս պատճառող ցանկացած գործողություններին:

3. Երեխայի մասնակցությամբ վարույթը պետք է լինի հարմարեցված: Հարմարեցված է համարվում այն վարույթը, որն իրականացվում է երեխայի տարիքին, հասունության մակարդակին համապատասխան երեխայի հետ աշխատելու վերապատրաստում անցած մասնագետների կողմից՝ ապահովելով երեխայի կարիքներին հարմարեցված միջավայր, բացառելով երեխային լրացուցիչ տրավմայի կամ այլ անհարմարությունների պատճառումը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով:

Հոդված 16. Երեխայի այլ իրավունքները

1. Երեխայի կյանքի, պատվի, արժանապատվության, անվան, քաղաքացիության, մտքի, խղճի, կրոնի ազատության, միավորումներին անդամակցելու, կրթության, բնակելի տարածության, ժառանգության եւ այլ իրավունքները սահմանվում են այլ օրենքներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքների իրականացման ընթացքում եւ այդ իրավունքները պաշտպանելիս երեխայի լավագույն շահով առաջնորդվելը եւ երեխայի տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելը պարտադիր է:

Գ Լ ՈՒ Խ III.
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 17. Երեխայի խնամքը շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում

1. Հայաստանի Հանրապետությունն օրենքով լիազորված մարմինների միջոցով վերահսկողություն է իրականացնում երեխային շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների նկատմամբ՝ անկախ խնամք տրամադրողի սեփականության ձեւից, կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով: Երեխայի խնամքը ներառում է նաեւ երեխայի դաստիարակության կազմակերպումը:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Երեխայի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան անկախ կյանքի նախապատրաստելու նպատակով շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում ստեղծվում են ընտանեկան միջավայրին մոտ պայմաններ:

4. Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող կամ տեղավորված եւ խնամակալի կամ հոգաբարձուի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած եւ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները, ինչպես նաեւ այդ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության ղեկավարը:

5. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում երեխայի խնամքը կազմակերպվում է որպես ծայրահեղ միջոց, երբ այլընտրանքային խնամքի այլ ձեւերն անհասանելի են կամ չեն բխում երեխայի լավագույն շահերից: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվող երեխայի այլընտրանքային խնամքի ձեւի վերանայման, կենսաբանական ընտանիքի հետ երեխայի վերամիավորման կամ երեխայի որդեգրման կազմակերպման համար:

Հոդված 18. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

1. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպությունները տրամադրում են անհապաղ եւ անվճար անհրաժեշտ օգնություն, միջոցներ են ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, ինչպես նաեւ անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու համար:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը՝ հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 19. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

1. Միջազգային պայմանագրերին համապատասխան արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաեւ երեխաների շրջանում պատերազմի եւ բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:

2. Զինված հակամարտությունների ժամանակ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց կազմակերպություններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Գ Լ ՈՒ Խ IV.
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

Հոդված 20. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը եւ մշտադիտարկումը

1. Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը, այդ թվում համատեղ միջոլորտային միջոցառումները սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ հանդիսանում է երեխայի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործիք:

2. Համալիր ծրագրի նախագիծը մշակում է սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 21. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով

1. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) սոցիալական պաշտպանության պետական լիազոր մարմնին կից գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական միասնական քաղաքականությանն ապահովմանը նպաստելն է՝ հանրապետական մակարդակում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության եւ երեխայի լավագույն շահերի պաշտպանության ապահովման համար:

2. Ազգային հանձնաժողովն իր առջեւ դրված նպատակներն իրականացնում է երեխայի իրավունքների իրացման եւ պաշտպանության համար պատասխանատու մարմինների գործունեության համակարգման, երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի քննարկման եւ իրականացման նկատմամբ մշտադիտարկման միջոցով:

3. Ազգային հանձնաժողովի գործառույթներն են՝

1) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորություններ ունեցող պետական լիազոր մարմինների գործունեության աջակցություն ցուցաբերումը, այդ թվում՝ վավերացված միջազգային պայմանագրերից բխող համակարգման գործառույթի իրականացման համար.

2) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության եւ տարբեր ոլորտների պատասխանատու մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների խթանումը.

3) երեխայի իրավունքների պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծումն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների եւ լուծումների մշակումը.

4) երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների՝ անկախ սեփականության ձեւից, կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից, եւ այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5) երեխայի շահագործումից եւ երեխայի նկատմամբ բռնությունից (ներառյալ՝ սեռական) երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի համար պատասխանատու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների միջեւ համագործակցության ապահովումը.

6) օրենսդրության վերանայման առաջարկությունների ներկայացումը՝ երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունն ապահովելու նպատակով.

7) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

4. Ազգային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

5. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը, կազմավորման կարգը եւ անհատական կազմը ինչպես նաեւ Ազգային հանձնաժողովի աշխատանքային խմբերի ձեւավորման հիմքերը եւ կարգը, գործունեության կարգը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ղեկավարը:

6. Ազգային հանձնաժողովի գործունեությունն ապահովում է եւ այդ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:

Հոդված 22. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը

1. Ազգային հանձնաժողովի քարտուղարության գործառույթն իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ սոցիալական պաշտպանության պետական լիազոր մարմնի կանոնադրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ V.
ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 23. Երեխայի պաշտպանության համակարգը

1. Երեխայի պաշտպանության համակարգն իրավական նորմերի, գործառույթների եւ քաղաքականության համակարգ է, որն ուղղված է երեխայի պաշտպանության դեպքի բացահայտմանը, դրա կանխարգելմանն ու արձագանքմանը, երեխայի նկատմամբ բռնության ռիսկերի հայտնաբերմանն ու նվազեցմանը, բռնության կանխարգելմանը, ինչպես նաեւ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի երաշխավորմանը:

2. Երեխայի պաշտպանությունն իրականացվում է կանխարգելման եւ արձագանքման ձեւով:

3. Կանխարգելման ձեւով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս երեխայի պաշտպանության համակարգի հիմնական նպատակը՝ նախքան երեխայի պաշտպանության դեպքի տեղի ունենալը համապատասխան ռիսկի գործոնների առկայության պայմաններում երեխային կամ նրա ընտանիքին աջակցություն տրամադրելն է՝ սոցիալական մեկուսացման բացառման, ընտանիքից երեխայի բաժանման եւ բռնության ռիսկի նվազեցման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով վաղ միջամտության հնարավորություն:

4. Արձագանքման ձեւով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս երեխայի պաշտպանության համակարգի հիմնական նպատակը՝ երեխայի նկատմամբ կատարված բռնության դեպքից հետո բռնության, ներառյալ՝ բռնության մասնավոր դրսեւորումների, բացասական հետեւանքները նվազեցնելը եւ դրա կրկնման հավանականությունը կանխարգելելն է, ինչպես նաեւ երեխայի իրավունքները ճանաչելն ու մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելն է:

5. Երեխայի պաշտպանության կանխարգելման կամ արձագանքման դեպքի մշտադիտարկում համապատասխան սոցիալական աշխատողի կողմից իրականացվում է տունայցերի, երեխայից, նրա ընտանիքից եւ երեխայի հետ առնչվող անձանցից ու կազմակերպություններից տեղեկատվություն ստանալու միջոցով:

Հոդված 24. Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի լիազորությունները երեխայի պաշտպանության շրջանակներում

1. Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմինը՝

1) իր իրավասությունների շրջանակներում մշակում եւ իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը,

2) սահմանում է երեխայի պաշտպանության ոլորտի սոցիալական ծառայությունների չափորոշիչները եւ իրականացնում է դրանց մշտադիտարկումը, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված եւ այդ օրենքով՝ այլ մարմիններին լիազորված դեպքերի,

3) մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորությունների իրականացման, նկատմամբ՝ համապատասխան նորմատիվ իրավական ակտերի ընդունման միջոցով, պատրաստում է մասնագիտական հսկողության արդյունքների եւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք եւ տրամադրում է համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ հաստատում է համայնքի ղեկավարի կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողության կարգն ու տեղեկանքի ձեւը,

4)   քաղաքականության իրականացման շրջանակներում մշտադիտարկում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման կազմակերպումը, այլընտրանքային խնամքի բոլոր ձեւերը, ինչպես նաեւ երեխայի պաշտպանության շրջանակներում տրամադրվող այլ ծառայությունները, պատրաստում է մշտադիտարկման արդյունքների եւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք ու տրամադրում է համապատասխան մարմիններին: Հաստատում է որդեգրման, այլընտրանքային խնամքի եւ երեխայի պաշտպանության շրջանակներում այլ ծառայությունների մշտադիտարկման կարգն ու տեղեկանքի ձեւը,

5) տրամադրում է մասնագիտական աջակցություն եւ մեթոդական պարզաբանում երեխաների պաշտպանության հարցերի եւ քաղաքականության վերաբերյալ,

6) ապահովում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողների եւ երեխաների պաշտպանության, այլընտրանքային խնամքի կազմակերպման եւ որդեգրման ոլորտում աշխատող՝ մարզպետի աշխատակազմի, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատողների, մարզպետի աշխատակազմին, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի անդամների, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների, ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունների եւ ցերեկային կենտրոնների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը,

7) հաստատում է երեխայի պաշտպանության ոլորտում ուսուցման եւ վերապատրաստման մոդուլները եւ դրանց բովանդակությունը,

8) ստեղծում եւ կառավարում է երեխաների պաշտպանության տեղեկատվական ենթահամակարգը, որը հանդիսանում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի մաս: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պետական լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպությունները, այդ թվում՝ դատական դեպարտամենտը, քննչական կոմիտեն, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը տրամադրում կամ մուտքագրում են պահանջվող տվյալները երեխայի պաշտպանության ենթահամակարգ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով,

9) ուսումնասիրելով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունը՝ իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած եւ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների ուղեգրում շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններ կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների,

10) ապահովում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման դասընթացները եւ վերապատրաստումը, ինչպես նաեւ որդեգրել ցանկացող հաշվառված անձանց նախապատրաստական դասընթացները, հաստատում է նշված դասընթացների եւ վերապատրաստումների պայմաններն ու կարգը, վկայականի օրինակելի ձեւը,

11) հաստատում է երեխայի պաշտպանության պլանին ներկայացվող պահանջները, պլանի ձեւը եւ լրացման կարգը,

12) հաստատում է երեխայի պաշտպանության գործընթացում սոցիալական աշխատանքի իրականացման, այդ թվում՝ գնահատման, մշտադիտարկման, երեխայի պաշտպանության պլանի մշակման համար անհրաժեշտ՝ օրենսդրությունից բխող ընթացակարգերը, մեթոդական ուղեցույցները եւ ձեւաթղթերը:

Հոդված 25. Երեխայի պաշտպանության ոլորտում միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

1. Միասնական սոցիալական ծառայությունը՝

1)   օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է խնամակալ, հոգաբարձու, խնամատար ծնող դառնալ ցանկացող եւ որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում եւ տալիս եզրակացություն խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, մարզպետի աշխատակազմին, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանին: Ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքների մասին կազմվող եզրակացությանը ներկայացվող պահանջներն ու օրինակելի ձեւը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը,

2) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում՝ համայնքի ղեկավարի կամ տարածքային կառավարման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական մարմնի (այսուհետ՝ տարածքային կառավարման պետական մարմին) նախաձեռնությամբ իրականացնում է երեխայի եւ նրա ընտանիքի սոցիալական գնահատում եւ տալիս եզրակացություն,

3) իր գործառույթների շրջանակում ընտանիքի սոցիալական գնահատման հիման վրա ընտանիքին կամ ընտանիքի անդամներին ընդգրկում է առկա պետական սոցիալական աջակցության ծրագրերում՝ ընտանիքից երեխայի բաժանման ռիսկերի կանխարգելման եւ այլընտրանքային խնամքի միջոցով խնամք եւ դաստիարակություն ստացող երեխայի՝ ընտանիքի հետ վերամիավորմանն աջակցելու համար,

4) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերամիավորման ենթակա երեխայի ընտանիքի սոցիալական գնահատում եւ տալիս է եզրակացություն վերամիավորման նպատակահարմարության վերաբերյալ,

5) սոցիալական դեպք վարելիս պաշտպանության կարիք ունեցող երեխայի հայտնաբերման դեպքում՝ դրա մասին անհապաղ տեղեկացնում է հայտնաբերման համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին,

6) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաեւ ընտանիքի այլ անդամներին՝ ընտանիքից երեխայի բաժանման ռիսկերի կանխարգելման կամ այլընտրանքային խնամքի միջոցով խնամք եւ դաստիարակություն ստացող երեխայի՝ ընտանիքի հետ վերամիավորման նպատակով՝ ուղղորդում է ծառայություններ ստանալու համար:

Հոդված 26. Երեխայի պաշտպանության ոլորտում մարզպետի աշխատակազմի լիազորությունները

1. Երեխայի պաշտպանության ոլորտում մարզպետի աշխատակազմն իր լիազորություններն իրականացնում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացած՝ սոցիալական աշխատողի միջոցով:

2. Մարզպետի աշխատակազմը՝

1) աջակցում է համայնքի սոցիալական աշխատողներին երեխայի պաշտպանության ոլորտի լիազորություններ իրականացնելու ընթացքում եւ տրամադրում է խորհրդատվություն,

2) դիմում է դատարան՝ ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցով,

3) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում որդեգրման ենթակա երեխաների, ինչպես նաեւ խնամատարության ենթակա երեխաների հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,

5) իրականացնում է դեպքի ուսումնասիրություն խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնող դառնալ ցանկացող եւ որդեգրել ցանկացող անձանց դիմումների հիման վրա, այդ թվում, ըստ անհրաժեշտության, տնայց ու լրացուցիչ տեղեկատվություն հավաքագրելով՝ տնայցի եւ օրենսդրությամբ սահմանված գնահատման արդյունքները, հավաքագրված լրացուցիչ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ,

6) իրականացնում է խնամատար ծնող դառնալ կամ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում՝ օրենսդրությամբ սահմանած կարգով,

7) իրականացնում է խնամակալների կամ հոգաբարձուների հաշվառման մշտադիտարկում, պատրաստում է մշտադիտարկման արդյունքների եւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկանք ու տրամադրում է համապատասխան մարմիններին: Խնամակալների կամ հոգաբարձուների հաշվառման մշտադիտարկման կարգը եւ մշտադիտարկման արդյունքների եւ առաջարկությունների վերաբերյալ տեղեկանքի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ,

8) հրավիրում եւ վարում է մարզպետի աշխատակազմին կից երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստերը: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման եւ գործունեության կարգը, տրամադրվող եզրակացության եւ տեղեկանքի ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

9) կազմակերպում է երեխաների խնամքը խնամատար ընտանիքներում, այդ թվում՝ կազմակերպելով համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ հրավիրելու եւ դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով, ստորագրելով պայմանագրերն ու տեղեկացնելով համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին մշտադիտարկում իրականացնելու եւ աջակցություն կազմակերպելու համար,

10) երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա դեպքն ուղղորդում է երեխայի պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնին՝ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում կազմակերպելու նպատակով ուղեգրելու համար, բացառությամբ ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների,

11) կազմակերպում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստեր երեխայի՝ այլընտրանքային խնամքի ձեւի վերանայման նպատակով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը,

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման՝ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, այդ թվում՝ կազմակերպում է համադրման մասնագիտական փուլը երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդի նիստ հրավիրելու եւ դրա աշխատանքները կազմակերպելու միջոցով,

13) երեխայի պաշտպանության դեպքերի ու լավագույն շահերի երաշխավորման ուսումնասիրության արդյունքում երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա, առաջարկում է երեխայի ընտանիքի գտնվելու համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին՝ երեխայի ընտանիքին, ծնողին կամ օրինական ներկայացուցչին կամ այլ մերձավոր ազգականին ուղղորդել ծառայություններ ստանալու նպատակով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններ երեխայի պաշտպանության պլանում այն ընդգրկելու եւ մշտադիտարկման համար,

14) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա, օրենքով նախատեսված դեպքերում, առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության որոշում է կայացնում՝ կազմակերպելով երեխայի խնամքը խնամատար ընտանիքում,

15) սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկատվություն ստանալիս երեք օրվա ընթացքում հրավիրում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ, որի եզրակացության՝ որպես մասնագիտական խորհրդատվական փաստաթղթի հիման վրա համապատասխան առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին իր կայացրած որոշման վերանայման վերաբերյալ,

16) ուսումնասիրում է վերամիավորման ենթակա երեխայի դեպքի վերաբերյալ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացությունն ու առկա փաստերը եւ որոշում կայացնում երեխային կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման վերաբերյալ՝ այդ մասին տեղեկացնելով երեխայի այլընտրանքային խնամքի ձեւից կախված համապատասխան մարմնին եւ երեխայի ընտանիքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարին երեխայի տեղափոխումը կազմակերպելու համար:

3. Երեխայի պաշտպանության դեպքի շրջանակներում ոլորտային մասնագիտական մշտադիտարկումն ապահովվում է սոցիալական պաշտպանության եւ տարածքային կառավարման ոլորտներում պետական լիազոր մարմինների համատեղ հրամանով:

Հոդված 27. Երեւան քաղաքում երեխայի պաշտպանության ոլորտում լիազորությունների առանձնահատկությունները

1. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը՝ համապատասխան ստորաբաժանումների միջոցով:

2. Երեւան քաղաքում վարչական շրջանների խնամակալության եւ հոգաբարձության մարմինների նկատմամբ Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է օրենքով սահմանված վերահսկողություն եւ համակարգում է դրանց աշխատանքները:

Հոդված 28. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարի լիազորությունները

1. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողների միջոցով, եւ իր լիազորությունների շրջանակներում որոշումները կայացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողների եզրակացության հիման վրա:

2. Համայնքի ղեկավարի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված լիազորությունները համայնքի ղեկավարի անունից իրականացնում է համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը, բացառությամբ որոշումների կայացմանը վերաբերող լիազորությունների, որոնց դեպքում համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը տրամադրում է մասնագիտական եզրակացություն:

3. Երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողը պարտավոր է համապատասխանել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին, ինչպես նաեւ անցնել ուսուցում եւ վերապատրաստում երեխայի պաշտպանության ոլորտի վերաբերյալ:

4. Երեխայի պաշտպանության ոլորտում համայնքի ղեկավարը՝

1)   սեփական լիազորությունների շրջանակներում՝ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելիս ներգրավում է միասնական սոցիալական ծառայությանը խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուների ընտանիքների սոցիալական գնահատում անցկացնելու եւ եզրակացություն տալու համար,

2)   երեխաների պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի առաջարկությունը հաշվի առնելով՝ երեխայի նկատմամբ սահմանում է խնամակալություն կամ հոգաբարձություն, ինչպես նաեւ դադարեցնում է խնամակալի կամ հոգաբարձուի լիազորությունները, բացառությամբ դատարանի կողմից նշանակված խնամակալության եւ հոգաբարձության դեպքերի,

3) իրականացնում է երեխայի պաշտպանության դեպքերի հայտնաբերմանն ուղղված քայլեր,

4) արձագանքում է երեխայի պաշտպանության ենթադրյալ դեպքերի մասին ահազանգերին, կատարում է երեխայի պաշտպանության ենթադրյալ դեպքերի գնահատում, դրանից բխող սոցիալական աշխատանք, այդ թվում՝ միջամտություններ եւ մշտադիտարկում, իսկ երեխայի պաշտպանության դեպքի պարագայում՝ երեխայի պաշտպանության դեպքի վարում,

5) երեխայի պաշտպանության յուրաքանչյուր դեպքի համար կազմում է երեխայի պաշտպանության պլան եւ ապահովում է դրա իրականացումը: Երեխայի պաշտպանության պլանը երեխայի պաշտպանության դեպքի վերաբերյալ սոցիալական աշխատանքի շրջանակներում կազմված ծրագիրն է, որում ներկայացվում են երեխայի գնահատված կարիքները, գնահատման հիման վրա առաջարկվող միջամտություններն ու գործողությունները, դրանց իրականացման համար նախատեսված ժամկետները, պատասխանատուների կամ հիմնական դերակատարների տվյալները, ակնկալվող արդյունքները կամ նպատակները, ինչպես նաեւ մշտադիտարկման ժամանակացույցը եւ արդյունքները: Երեխայի պաշտպանության պլանին ներկայացվող պահանջները, պլանի ձեւը եւ լրացման կարգը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը,

6) երեխայի պաշտպանության դեպքի շրջանակներում նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված սոցիալական դեպքի առկայության պայմաններում՝ ներգրավում է միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին եւ կազմված անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիրը դիտարկում է որպես երեխայի պաշտպանության պլանի մաս,

7) երեխայի պաշտպանության պլանի մշակման ու իրականացման շրջանակներում իրականացնում է անհրաժեշտ սոցիալական աշխատանքը, համակարգում է երեխայի պաշտպանության եւ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ միջոցառումները եւ իրականացնում է պլանի մշտադիտարկումը, այդ թվում՝ ծառայությունների ստացումը, դրանց արդյունքները, լրացուցիչ ծառայությունների ու միջամտության անհրաժեշտությունը: Երեխայի պաշտպանության պլանի իրականացման շրջանակներում ծառայություններ ստանալու նպատակով՝ երեխաներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին կամ այլ մերձավոր ազգականին ուղղորդում է համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ անկախ ծառայություն մատուցողի կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից,

8) ըստ անհրաժեշտության ուղղորդում է երեխային կամ նրա ընտանիքի անդամներին միասնական սոցիալական ծառայություն՝ գնահատման եւ պետական աջակցության տրամադրման նպատակով,

9)   երեխայի նկատմամբ բռնության կասկածի դեպքում տեղեկատվությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն, ինչպես նաեւ իրականացնում է երեխայի եւ նրա ընտանիքի մշտադիտարկում, (սույն լիազորությունը կիրառելի չէ բուլինգի դեպքերում, որի պարագայում անհրաժեշտ միջամտություններն ու գործողություններն իրականցնում է համայնքի սոցիալական աշխատողը),

10) ընտանիքի բացակայության կամ դրա հետ համագործակցության անհնարինության պարագայում երեխայի պաշտպանության դեպքերն ու լավագույն շահերի երաշխավորման հարցերը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում այլընտրանքային խնամքի, միջամտություն պահանջող այլ գործողությունների կամ մասնագիտական կազմակերպությունների ներգրավման հարցերի քննարկման, եզրակացության տրամադրման եւ որոշման կայացման նպատակով,

11)  երեխայի պաշտպանության դեպքերի ու լավագույն շահերի երաշխավորման առնչությամբ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա, ներառում կամ սահմանում է համապատասխան միջամտություններ երեխայի պաշտպանության պլանում եւ ուղղորդում է երեխայի ընտանիքին, ծնողին կամ օրինական ներկայացուցչին կամ այլ մերձավոր ազգականի՝ անհրաժեշտ ծառայություններ ստանալու նպատակով համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպություններ,

12)  երեխայի կյանքին եւ առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում է երեխայի տեղափոխումն ընտանիքից եւ կազմակերպում երեխայի այընտրանքային խնամքը, ներառյալ՝ տեղափոխումը փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն՝ այդ մասին անհապաղ հայտնելով մարզպետի աշխատակազմին, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանին, եւ միասնական սոցիալական ծառայության տարածքային՝ երեխայի բնակվելու կամ փաստացի գտնվելու վայրի կենտրոնին,

13) երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելիս՝ իրականցնում է երեխայի տեղափոխումը խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, խնամատար ընտանիք, ճգնաժամային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի ուղեգրման հիման վրա՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություն,

14) երեխայի ընտանիքի գտնվելու վայրի, իսկ ընտանիքի բացակայության դեպքում՝ երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը նախաձեռնում է երեխայի այլընտրանքային խնամքի ձեւի կազմակերպման պարբերական վերանայում՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը եւ սույն օրենքում նշված սկզբունքները,

15) երեխայի այլընտրանքային խնամքի ձեւի փոփոխության դեպքում կազմակերպում է երեխայի տեղափոխումը,

16) համայնքում երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման դեպքում, բացառությամբ երեխայի՝ շուրջօրյա խնամք իրականացնող կազմակերպություն գտնվելու դեպքերին, նախաձեռնում է երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին եւ ըստ անհրաժեշտության՝ այլ պետական մարմինների եւ իրավաբանական անձանց ներկայացուցիչների,

17) համայնքում երեխայի ընտանիքի գտնվելու դեպքում համագործակցում է երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի, իսկ երեխայի՝ հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում, հաստատության կամ կազմակերպության ղեկավարի հետ երեխային՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորմանն ուղղված աշխատանքներում աջակցելու համար՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով այլ պետական մարմինների եւ իրավաբանական անձանց ներկայացուցիչների, դիմում է միասնական սոցիալական ծառայություն ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնելու համար եւ ապահովում է եզրակացության ներկայացումը մարզպետի աշխատակազմին, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանին երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում դեպքն ուսումնասիրելու, եզրակացություն տրամադրելու կամ որոշում կայացնելու համար,

18) կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման վերաբերյալ մարզպետի աշխատակազմի որոշման հիման վրա համայնքում երեխայի ընտանիքի գտնվելու դեպքում իրականացնում է երեխայի տեղափոխումը կենսաբանական ընտանիք՝ համագործակցելով երեխայի գտնվելու վայրի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողի, իսկ երեխայի՝ հաստատությունում կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում գտնվելու դեպքում, հաստատության կամ կազմակերպության ղեկավարի հետ,

19) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ ներկայացնելով մարզպետի աշխատակազմ կարգավիճակի հաստատման նպատակով,

20) իրականացնում է խնամակալների եւ հոգաբարձուների հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,

21)  աջակցություն է ցուցաբերում խնամակալներին, հոգաբարձուներին, խնամատար եւ որդեգրող ծնողներին, ինչպես նաեւ վերամիավորված ընտանիքներին՝ այդ թվում տրամադրելով խորհրդատվություն եւ տեղեկատվություն,

22) իրականացնում է խնամակալության, հոգաբարձության եւ որդեգրման վերահսկողություն: Կազմում է վերահսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկանք եւ մուտքագրում տեղեկատվական համակարգ: Խնամակալության, հոգաբարձության եւ որդեգրման վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

23) իրականացնում է խնամատար ընտանիքների մշտադիտարկում,

24) երեխայի լավագույն շահերի որոշման շուրջ անհամաձայնության կամ լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտության դեպքում իրականացնում է երեխայի լավագույն շահերի գնահատում՝ ապահովելով տեղեկատվության բազմակողմանիությունը եւ գնահատման հիման վրա կազմված եզրակացությունը տրամադրում է համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ գնահատման հիման վրա՝ ըստ անհրաժեշտության, իրականացնում է սոցիալական աշխատանք՝ ապահովելու երեխայի լավագույն շահերի երաշխավորումը կամ աջակցելով երեխայի խախտված իրավունքի վերականգնմանը: Երեխայի լավագույն շահերի երաշխավորմանն ուղղված գնահատման կարգն ու ձեւը հաստատում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը,

25) դատարանում մասնակցում է երեխաների խնամքի եւ դաստիարակության հետ կապված վեճերի քննությանը՝ ներկայացնելով վեճերի լուծման համար անհրաժեշտ, օրենքով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունը,

26) մանկալքության ռիսկի դեպքում աշխատում է ծնողի կամ ծնողների հետ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ հնարավորության դեպքում կանխարգելելու համար երեխայից հրաժարվելը՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով այլ մարմինների կամ ուղղորդելով ծառայությունների,

27) հերթափոխով աշխատանքի միջոցով ապահովում է մասնագիտացված սոցիալական աշխատողների 24 ժամյա հասանելիությունը՝ երեխայի պաշտպանության հրատապ դեպքերին արձագանքելու համար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերով նախատեսված լիազորությունները հանդիսանում են համայնքի ղեկավարի սեփական լիազորություններ, իսկ 3-27-րդ կետերով նախատեսված լիազորությունները՝ պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններ:

Հոդված 29. Երեխայի պաշտպանության ոլորտում պարտադիր համագործակցությունը եւ պարտադիր ահազանգումը

1.   Երեխայի նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքին առնչվող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձեւից, կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են երեք օրվա ընթացքում, իսկ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ, դրա մասին ահազանգել այն համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Անհետաձգելի լուծում պահանջող կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ արձագանքի համար համայնքի մասնագիտացած սոցիալական աշխատողներն ապահովում են շուրջօրյա հասանելիություն հերթափոխի միջոցով:

2.  Յուրաքանչյուր ոք երեխայի նկատմամբ բռնության կամ շահագործման կամ դրանց ռիսկի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում պարտավոր է այդ մասին ահազանգել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը կամ համայնքի ղեկավարին: Ահազանգերի եւ դրանցով նշված դեպքերի մասին իրավասու մարմիններին տեղեկացնելիս անձի ինքնությունը պահվում է գաղտնի, եթե նման ցանկություն է հայտնել ահազանգող անձը:

3.  Մանկալքության ռիսկի դեպքում դրա մասին տեղյակ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները, անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձեւից, կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսավորման աղբյուրից, պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ օրվա ընթացքում, դրա մասին ահազանգել այն համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին, որտեղ գտնվում է երեխան:

4.  Երեխայի պաշտպանության ոլորտում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք համագործակցում են՝ ապահովելով երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը:

Գ Լ ՈՒ Խ VI.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

1. Սույն օրենքը խախտող ֆիզիկական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց կազմակերպությունները եւ հիմնարկները, ինչպես նաեւ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 31. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Մինչեւ գործող ենթաօրենսդրական իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24 ամսվա ընթացքում, որոնցից յուրաքանչյուրի ուժի մեջ մտնելուց հետո գործելու են համապատասխանաբար՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 3-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերը, 14-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 21-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերը, 28-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ, 20-րդ, 22-րդ եւ 24-րդ կետերը:

4. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ է մտնում  2027 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 9-րդ կետերը, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-16-րդ կետերը, 28-րդ հոդվածի 1-2-րդ մասերը, 4-րդ մասի 2-4-րդ, 6-19-րդ, 21-րդ, 23-րդ եւ 25-26-րդ կետերն ուժի մեջ են մտնում  2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետն ուժի մեջ է մտնում  2030 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2031 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքը:    

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի  եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, իսկ պետական բյուջեի ծախսերի ավելացման սխեման նկարագրված է նախագծերի հիմնավորման մեջ:
 

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն