Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11043-09.06.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 135-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Դատարանն անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքերի նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման դեպքում տվյալ վարույթով կայացրած եզրափակիչ դատավարական ակտը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկված չլինելու պարագայում անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Այն դեպքում, երբ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքերի նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման դեպքում տվյալ վարույթով կայացրած եզրափակիչ դատավարական ակտը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարան, ապա այն դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկվում վերաքննիչ դատարանի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 160-րդ հոդվածը լրացնել նոր 7.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.

«7.1. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում դատարանն անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքերի նկատմամբ գրավի իրավունքի վերաբերյալ կայացրած որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»

Հոդված 3. Օրենսգրքի 297-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3. Դատարանը միջնորդությունը մերժելու եւ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքերի նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Այն դեպքում, երբ միջնորդությունը մերժելու եւ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքերի նկատմամբ գրավի իրավունքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարան, ապա այն դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկվում վերաքննիչ դատարանի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 298-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Դատարանը միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու եւ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքերի նկատմամբ գրավի իրավունքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր: Այն դեպքում, երբ միջնորդությունը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու եւ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների կամ այդ իրավունքերի նկատմամբ գրավի իրավունքի արգելադրումը մասնակի կամ լրիվ վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան, ապա այն դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկվում վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո չորս ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի եւ ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 7-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 743-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջները եւ հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների էական մեծացումը, դրանով պայմանավորված՝ տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, ինչպես նաեւ թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով կանոնակարգվել են անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները եւ հարակից փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները: Ներկայումս սահմանափակում կիրառող մարմինները, բացառությամբ դատարանների, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները կիրառելու եւ վերացնելու մասին փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում վերոնշյալ որոշմամբ ստեղծված «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի (https://docs.e-cadastre.am/, այսուհետ՝ Համակարգ) միջոցով: Համակարգի կիրառմամբ առավել դյուրին եւ արագ են դարձվել սահմանափակումների կիրառման եւ վերացման հետ կապված աշխատանքները՝ հնարավորություն տալով անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշումների կատարումը ապահովել անմիջապես:

Ի կատարումն ՀՀ վարչապետի կողմից 2024 թվականի հունվարի 12-ին Կադաստրի կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) անցկացված խորհրդակցության N Վ/06-2024 արձանագրության 3-րդ կետի 5.2-րդ ենթակետի, որով հանձնարարվել էր Արդարադատության նախարարության հետ քննարկել դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը եւս էլեկտրոնային տարբերակով Կոմիտե ներկայացնելու հնարավորության հարցը, 2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստ, որի քննարկման արդյունքների համաձայն դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի՝ փոխգործելիության առկայության դեպքում սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը Կոմիտե պետք է ներկայացվեն այդ համակարգերի, իսկ փոխգործելիության բացակայության դեպքում՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով՝ նախքան դատավարական փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացումը եւ դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության ապահովումը: Բացի այդ, նմանօրինակ դիրքորոշում ներկայացրել է նաեւ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը, որի համաձայն՝ նախքան դատավարական փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացումը եւ դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության ապահովումը, որպես ժամանակավոր լուծում՝ անշարժ գույքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ տվյալների փոխանակումը կարող է իրականացվել դատական դեպարտամենտին տրամադրվող ծրագրային միջերեսի միջոցով:

Վերոգրյալի հաշվառմամբ անհրաժեշտ է ընդգծել, որ դատարանների կողմից փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացման եւ համապատասխան էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության ապահովման պարագայում համապատասխան փոփոխություններ կկատարվեն նաեւ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշման մեջ, որպես իմպերատիվ պահանջ սահմանելով, որ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ տվյալները անշարժ գույքի պետական ռեգիստր պետք է ներկայացվեն բացառապես էլետրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով:

Նախագծի ընդունման համար հիմք են հանդիսացել նաեւ գործնականում հանդիպող խնդիրները՝ կապված դատարանների կողմից կիրառվող հայցի ապահովման միջոցների, դրանց վերացման, ինչպես նաեւ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գույքի արգելադրումների, դրանց վերացման եւ սնանկության վարույթների ժամանակ կիրառվող սահմանափակումների իրավահարաբերությունների իրացման հետ:

Վերոգրյալով պայմանավորված եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համակարգը արդեն իսկ գործում է, եւ դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը Համակարգի միջոցով Կոմիտե ներկայացնելու պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանալու, Կոմիտեի կողմից մշակվել են՝ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ):

2. Ակնկալվող արդյունքը

Սույն Նախագծով ակնկալվում է ապահովել Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով:

Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից եւ ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց:

Միեւնույն ժամանակ, Նախագծով թիրախավորվել են էական նշանակություն ունեցող մի խումբ իրավահարաբերություններ, մասնավորապես՝
 

3. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող՝ ցանկի 10-րդ կետում սահմանված «Առցանց, ինքնաշխատ, անշարժ գույքի կադաստրի ներդրում» նպատակ հանդիսացող միջոցառման, 10.2-րդ ենթակետում սահմանված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման  ընդունում» միջոցառման ակնկալվող արդյունք հանդիսացող «Օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ Կադաստրի կոմիտեի եւ համապատասխան մարմինների միջեւ հատուկ կապուղիների եւ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց ռեժիմով» միջոցառման պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն