Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18.1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հնարավորության դեպքում անմիջապես, իսկ հնարավորության բացակայության պարագայում՝ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում նրանց տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի՝
1. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային եւ միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում՝
1) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած եւ Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից 3 ամիս ժամկետով:».
2. 12-րդ մասը «վրա» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու» բառերով.
3. 13-րդ մասը «վկայականը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականով» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած եւ Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամիս ժամկետով: