Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1108-25.06.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 151 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 151 . Միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը եւ բովանդակությունը

1. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝

1) կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մաս,որը պետք է պարունակի տեղեկություններ՝

ա) կառավարության երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների, եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի (պակասուրդի) կամ հավելուրդի եւ պարտքի գծով կարճաժամկետ եւ միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների եւ ժամկետանց պարտքերի վերաբերյալ.

բ) հարկաբյուջետային նպատակների իրագործման ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի եւ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ՝ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած հարկաբյուջետային նպատակների եւ/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.

գ) միջնաժամկետ ծախսերի ծրագրի առնվազն երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա եւ դրան հաջորդող տարիների) կտրվածքով մակրոտնտեսական, գնաճի, եկամուտների եւ ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

դ) կարեւոր տնտեսական եւ այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները.

ե) կառավարության ռազմավարական գերակայությունների վերաբերյալ՝ դրանց կարեւորության հիմնավորմամբ.

զ) հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ:

2) Կառավարության ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մաս:

2. Կառավարությունը եւ կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու եւ դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց եւ համակարգի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը, իսկ դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը՝ դոտացիայի գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխումը առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում են 2026 թվականի եւ դրան հաջորդող տարիների բյուջետային գործընթացների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ բյուջետային գործընթացը սահմանվում է ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքով, համաձայն որի, ՀՀ բյուջետային գործընթացը կազմված է փոխկապակցված երկու փուլերից՝ (i) միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակում, որի շրջանակներում սահմանվում են առաջիկա երեք տարիների մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ծախսային քաղաքականությունները եւ շրջանակը, եւ (ii) առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակում:

Թեեւ վերոհիշյալ երկու փուլերն ունեն տարբեր նպատակներ եւ արդյունքներ, սակայն գործնականում նշված երկու փուլերում հիմնականում նույնական են հայտատու մարմիններից ստացվող տեղեկատվության ծավալը, կազմը, քննարկումների գործընթացների կազմակերպումը եւ փաստաթղթերի բովանդակությունը, ինչի արդյունքում ՄԺԾԾ գործընթացը եւ քննարկումները հաճախ գործնականում վերածվում են մանրամասն բյուջետային քննարկումների՝ նվազեցնելով ՄԺԾԾ գործընթացի ռազմավարական նշանակությունը եւ ուղղվածությունը:

Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել եւ պարզեցնել ՄԺԾԾ փաստաթղթի կառուցվածքը՝ կենտրոնանալով հարկաբյուջետային շրջանակի ներկայացման վրա, իսկ ծախսային քաղաքականության մանրամասն նկարագրության փոխարեն՝ ներկայացնելով միջնաժամկետ հատվածում Կառավարության ծախսային ընդհանուր քաղաքականությունը:

2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները եւ կարգավորման առարկան.

Կատարված ուսումնասիրությունների եւ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակի վերլուծության հիման վրա առաջարկվում է վերանայել ՄԺԾԾ փաստաթղթի բովանդակությունը ներկայացվող պահանջները եւ հնարավորինս կրճատել ծախսային քաղաքականության վերաբերյալ պետական մարմինների կողմից պարտադիր ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը պետք է պարունակի յուրաքանչյուր պետական մարմնի ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մասը: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրի փաստաթուղթն առավելապես կներառի տեղեկություններ հարկաբյուջետային շրջանակի եւ Կառավարության ծախսային ընդհանուր քաղաքականության վերաբերյալ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

ՀՀ ֆինանսների նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող փոփոխությունները գործնականում հնարավորություն կտան հաղթահարել բյուջետային գործընթացում առկա խնդիրները, մասնավորապես՝   կնվազի ՄԺԾԾ փաստաթղթի ծավալները, քանի որ ՄԺԾԾ փուլում այլեւս անհրաժեշտ չի լինի կազմել եւ հաստատել տարեկան բյուջեի նախնական նախագիծը եւ ծախսային քաղաքականության մանրամասները, հնարավորություն կտա բյուջետային գործընթացի առաջին փուլում հիմնական ուշադրությունը դարձնել բազային բյուջեի գնահատման եւ քաղաքականության հարցերին՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ծախսային ծրագրերի շուրջ բովանդակային քննարկումներին:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

«Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, կետ/  ռազմավարական փաստաթղթի եւ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ՀՀ ֆինանսների նախարարության 6-րդ կետով սահմանված դրույթներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն