Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 oրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.4-րդ մասով.
1) «3.4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններն անցկացնել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ, Խոյ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքի ավագանու անդամները ստանձնում են իրենց լիազորությունները:»:
2) 4-րդ մասի «3.3-րդ» բառից հետո լրացնել «, 3.4-րդ» բառը.
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է թվով 64 համայնք:
Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում):
Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում համայնքների միավորումն իրականացվել է հիմնականում երկու մոդելով՝ «փնջային» եւ «շրջանային»:
2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ:
Ինչպես ցույց է տվել անցած տարիների փորձը՝ «շրջանային» մոդելով համայնքների միավորումն ունեցել է առավելություններ «փնջային» մոդելի համեմատությամբ: Մասնավորապես,
1) Կառավարման արդյունավետության բարձրացում.
Ռեսուրսների կենտրոնացում: Խոշոր համայնքներն ունեն ավելի մեծ ֆինանսական, մարդկային եւ նյութական ռեսուրսներ, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել ենթակառուցվածքները, մատուցել ավելի որակյալ եւ իրականացնել ավելի լայնածավալ ծրագրեր:
Կառավարման ծախսերի օպտիմալացում: Մի շարք վարչական գործառույթներ (հաշվապահություն, իրավաբանական ծառայություններ, կադրերի կառավարում) կենտրոնացվել եւ իրականացվել են ավելի նվազ ծախսերով, քան փոքր համայնքներում:
Մասնագիտացված կադրերի ներգրավում: Խոշոր համայնքները ավելի գրավիչ են բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, ինչը նպաստել է կառավարման որակի բարձրացմանը եւ նորարարությունների ներդրմանը:
Որոշումների կայացման արագացում: Շրջանային մակարդակում ավելի հեշտ է համակարգել համայնքների գործողությունները եւ արագացնել կարեւոր որոշումների կայացման գործընթացը:
2) Տնտեսական զարգացման խթանում.
Ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնում: Խոշոր համայնքները ավելի մեծ ներքին շուկա են ներկայացնում եւ ավելի գրավիչ են ներդրողների համար: Շրջանային մակարդակում հնարավոր է դարձել մշակել եւ իրականացնել ավելի լայնածավալ զարգացման ծրագրեր:
Ենթակառուցվածքների զարգացում: Խոշոր համայնքները ավելի մեծ հնարավորություններ են ստացել մասնակցելու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին. ինչը նպաստել է տնտեսական ակտիվության աճին:
Մրցունակության բարձրացում: Շրջանային մակարդակում հնարավոր է դարձել ավելի արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները եւ զարգացնել մասնագիտացված տնտեսական ուղղություններ, ինչը բարձրացրել է տարածաշրջանի մրցունակությունը:
3) Սոցիալական համախմբվածության ամրապնդում.
Հավասար հնարավորությունների ապահովում: Խոշոր համայնքները ավելի լայն հնարավորություններ կարող են ստեղծել բնակիչների համար կրթության, առողջապահության, մշակույթի եւ սոցիալական ծառայությունների հասանելիության առումով՝ անկախ բնակության վայրից:
Տարածքային անհավասարությունների կրճատում: «Շրջանային» մոդելով համայնքների միավորումը կարող է օգնել հավասարեցնել զարգացման մակարդակները տարբեր համայնքներում:
4) Մարդկային կապիտալի զարգացում եւ մասնակցային կառավարում
Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ մեծ համայնքները կարող են խրախուսել ներգաղթ, երիտասարդության վերադարձ եւ մասնագիտական ներուժի զարգացում:
Քաղաքացիների մասնակցության բարձրացում՝ ավելի կայուն եւ կազմակերպված համայնքները հնարավորություն են տալիս զարգացնել մասնակցային բյուջետավորումը եւ բաց կառավարման մեխանիզմները.
5) Տարածքային պլանավորման արդյունավետության բարձրացում.
Համակարգված զարգացման պլանավորում: Շրջանային մակարդակում ավելի հեշտ կլինի մշակել եւ իրականացնել տարածքային զարգացման համակարգված ծրագրեր, որոնք կհաշվի առնեն բոլոր համայնքների կարիքներն ու ներուժը:
Բնական ռեսուրսների կայուն կառավարում: Հնարավորություն է ստեղծվել ավելի արդյունավետ կառավարել բնական ռեսուրսները շրջանային մակարդակում՝ հաշվի առնելով էկոլոգիական հիմնախնդիրները եւ ապահովելով կայուն զարգացումը:
Այս հիմնավորումները ցույց են տալիս, որ համայնքների խոշորացումը շրջանային մոդելով կարող է էականորեն բարելավել կառավարման արդյունավետությունը, խթանել տնտեսական զարգացումը, ամրապնդել սոցիալական համախմբվածությունը եւ բարձրացնել տարածքային պլանավորման որակը:
2023 թվականի դեկտեմբերի 8-ին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ վարչապետի կողմից անցկացրած խորհրդակցության ընթացքում Վարչապետը, անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին՝ նշեց, որ «այն համայնքները, որոնք շրջանային մոդելով չեն խոշորացվել, զարգացման ընդհանուր գործընթացներում առաջընթաց չեն արձանագրում»:
Վերոնշյալ խորհրդակցության N Վ/191-2023 արձանագրության 3.1-ին կետով հանձնարարվել է.
«վարչատարածքային բարեփոխումների տիրույթում եւս մեկ անգամ անդրադառնալ համայնքների միավորման շրջանային մոդելից շեղումներին, ըստ այդմ՝ քննարկել համայնքների միավորման հետագա գործընթացը շրջանային մոդելով իրականացնելու հնարավորությունը, եթե սկզբունքային խոչընդոտներ առկա չեն՝ ելնելով մի շարք գործոններից (օրինակ՝ բնակչության թվաքանակ եւ այլն)»:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է ձեւավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվել են ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 19 բնակավայրերով:
Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված է լինելու թվով 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ համայնք:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է ձեւավորել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային նոր փունջ:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
4. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է ծրագրի Կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված եւ Ազգային ժողովի 14.02.2019թ. N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ծրագրի (2021-2026թթ.) 6.6-րդ կետից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում