Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-11111-25.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 27-րդ հոդվածում.

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի: Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումը ստանալուց հետո եռամսյա ժամկետում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքը իրացնելու կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

2.2. Սույն հոդվածի 2.1-րդ մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրանց շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելին լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, եւ գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով:».

2) 3-րդ մասում «փորձ» բառից հետո լրացնել «կամ չի պահպանվել սույն հոդվածի 2.1-2.2-րդ մասերով սահմանված նախապատվության իրավունքի իրականացման կարգը,»:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«Հոդված 52. Սպառողների շահերի պաշտպանության երաշխիքները

1. Լիցենզիայից կամավոր հրաժարվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը, մինչեւ գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել լիցենզիայից կամավոր հրաժարված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` հանձնաժողովի սահմանած պայմաններին եւ դրույթներին համապատասխան կամ լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակել ժամանակավոր կառավարչին: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը, մինչեւ գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ լիցենզիայից զրկված անձի լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակել ժամանակավոր կառավարչին՝ բացառությամբ սույն օրենքի 52.1-րդ հոդվածով սահմանված դեպքի:

2. Հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար:

3. Եթե անձը հրաժարվում է իր գործունեությունը շարունակելուց կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, ապա Կառավարությունը այդ անձի բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը, գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը: Սույն մասով սահմանված օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը, գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը կարող է օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:

4. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը սահմանվում է մինչեւ սույն հոդվածով սահմանված կարգով նոր լիցենզիա տալը կամ գույքի օտարումը:»:

Հոդված 3. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 52.1-րդ հոդվածով.

«Հոդված 52.1. Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցների կիրառումը

1. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված արարքը կատարելու հիմքով վարույթ հարուցելու դեպքում Հանձնաժողովի նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում: Կանխարգելիչ միջոցառումների կիրառման դեպքում, ի թիվս այլնի, հաշվի է առնվում նաեւ լիցենզավորված անձի կողմից նախկինում կատարված խախտումների քանակը, հաճախականությունը կամ բնույթը:

2. Սույն հոդվածով սահմանված կարգով Հանձնաժողովի նախագահը իրավասու է կիրառել հետեւյալ կանխարգելիչ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը միասին.

1) սահմանել առերեւույթ խախտումների վերացման կամ դրանց հետեւանքների վերացման ծրագիր եւ լիցենզավորված անձից պահանջել իրականացնել դրանով սահմանված միջոցառումները.

2) հրավիրել լիցենզավորված անձի կառավարման բարձրագույն մարմնի ժողով՝ Հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված օրակարգով.

3) պահանջել Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կանոնադրության փոփոխություն եւ գրանցել կանոնադրության փոփոխությունները.

4) պահանջել Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կառավարման մարմինների անդամի կամ անդամների փոփոխություն.

5) նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ:

3. Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի կողմից լիցենզավորված անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմինները իրենց իրավասությունները իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ:

4. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն եւ էներգետիկայի բնագավառում կամ կառավարման առնվազն 5 տարվա փորձ ունեցող կամ գործունեություն իրականացնող անձը:

5. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու դեպքում Հանձնաժողովի նախագահը վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշմամբ պետք է սահմանի նաեւ ժամանակահատվածը, որի ընթացքում գործելու է ժամանակավոր կառավարիչը, որը կարող է սահմանվել ոչ ավել քան մինչեւ վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելը:

6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի արդյունքում լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչեւ սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, եթե լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ Հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ՝ սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը պետք է հրապարակվի Հանձնաժողովի պաշտոնական կայքում եւ տեղադրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ ժամանակավոր կառավարչի վերաբերյալ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկություններն իր դիմումի հիման վրա գրառվեն իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում:

8. Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատրությունը իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ Հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված չափով:

9. Ժամանակավոր կառավարչի գործունեության արդյունքում լիցենզավորված անձին պատճառված վնասները ենթակա են հատուցման «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ դրա ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների նկատմամբ:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով: Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցվելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նաման դեպքերում կրիտիկական այս կարեւոր ենթակառուցվածքների բնականոն եւ անխափան գործունեության շարունակականությունը, ինչը միտված է նաեւ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը:

2. Կարգավորման ենթակա խնդիրը.

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը եւ դրա հետեւանքները.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը.

- սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները:

3. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաեւ ոլորտի գործունեություն կրիտիկական կարեւորությունը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Խմբակցության որոշում 

Գրություն