Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասում «մեկով,» բառից հետո լրացնել «11.2-րդ մասով,» բառերը, իսկ «մեկով» բառից հետո լրացնել «, 9.2-րդ մասով» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտանիքի մեկ անդամը, զուգընկերը, ընտանիքի նախկին անդամը կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաեւ այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից եւ արգելել այդտեղ նրա վերադարձը մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.
2) արգելել ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նրա խնամքի տակ գտնվող անձանց՝ նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.
3) արգելել ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նրա խնամքի տակ գտնվող անձանց), որն ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.
4) մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողին.
5) արգելել ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նրա խնամքի տակ գտնվող անձանց հետ:
«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ անհետաձգելի միջամտության որոշումն ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը:
Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտպանական որոշումը կայացվում է ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի եւ նրա խնամքի տակ գտնվող անձանց պաշտպանելու եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակումները.
1) հարկադրել ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի բնակության վայրից եւ արգելել այդտեղ նրա վերադարձը մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձին եւ նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը եւ նպատակահարմարությունը, ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի, այդ թվում՝ ժամանակավոր կացարանի մատչելիությունը.
2) արգելել ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նրա խնամքի տակ գտնվող անձանց՝ նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.
3) արգելել ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նրա խնամքի տակ գտնվող անձանց), որն ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.
4) մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.
5) ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել՝ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաեւ իրենց համատեղ խնամքի տակ գտնվող անձանց խնամքի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով.
6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.
7) արգելել ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նրա խնամքի տակ գտնվող անձանց հետ.
8) ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պաշտպանական որոշումն ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը:
Վերը նշված որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից հսկողությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձն այս ոլորտում, եւ պարզվել է, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկան: Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս՝ օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը՝ կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու եւ բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով: Ֆրանսիայում, Կանադայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նման հսկողության համակարգերի կիրառությունը արդեն իսկ արդարացրել է իրեն:
Նշվածով պայմանավորված՝ ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման, արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման եւ համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու նպատակով «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 22-ի թիվ ՀՕ-109-Ն օրենքով լրացում է կատարվել «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, որի կարգավորումների համաձայն՝ անհետաձգելի միջամտության որոշման եւ պաշտպանական որոշման շրջանակներում ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ հնարավոր է լինելու կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ:
Հարկ է նշել, որ ներկայումս «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված չէ դրույթ, որը կպարտավորեցնի ընտանիքում բռնություն գործադրած անձին կրելու էլեկտրոնային հսկողության միջոց: Ուստի, «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի համար նախատեսել պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց:
ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերից որեւէ մեկով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որեւէ մեկով նախատեսված պահանջն ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝ պատժվում է (...): Հարկ է նշել, որ ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելը նպատակ ունի՝ շուրջօրյա ռեժիմով հսկելու անհետաձգելի միջամտության որոշման եւ պաշտպանական որոշման պահանջների կատարումը եւ պետք է նկատի ունենալ, որ նշված որոշումներով ապահովվում է ընտանիքում բռնություն ենթարկված անձի հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտանիքի մեկ անդամը, զուգընկերը, ընտանիքի նախկին անդամը կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում (...): Հատկանշական է, որ օրենսդիրը նշված նորմը սահմանելիս հատկապես կարեւորություն է տվել բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգին, իսկ դրա նկատմամբ շուրջօրյա հսկողությունը հնարավոր է միայն էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառմամբ եւ էլեկտրոնային հսկողության միջոցից հրաժարվելու դեպքում մեծ է ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից բռնությունը շարունակելու ռիսկը: Նման պայմաններում նշված արարքի համար վարչական ներգործությունը չի կարող համարժեք լինել նշված արարքին: Ուստի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է պատասխանատվություն՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար:
Ավելին, ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման, ինչպես նաեւ էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 1986-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 29-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային հսկողության իրականացման ընթացքում ընտանիքում բռնություն գործադրածի դիտավորյալ ներթափանցումն էլեկտրոնային հսկողության իրականացման կարգով սահմանված տագնապի գոտի կամ նախազգուշացման (բուֆերային) գոտի կամ իրավասու անձի՝ տագնապի գոտին կամ նախազգուշացման (բուֆերային) գոտին լքելու պահանջը չկատարելը կամ էլեկտրոնային հսկողությունից խուսափելը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության, այնինչ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով էլեկտրոնային հսկողությունից խուսափելու կամ հրաժարվելու դեպքերում պատասխանատվություն նախատեսող նորմ առկա չէ:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակվել է Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026թ. մարտի 1-ը, առաջարկվում է սույն օրենքների նախագծերը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026թ. մարտի 1-ը՝ հաշվի առնելով օրենքների նախագծերի փոխկապվածությունը Որոշման հետ:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի համար նախատեսել պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է պատասխանատվություն՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար: Միաժամանակ, առաջարկվում է նշված օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026թ. մարտի 1-ը:
3. Ակնկալվող արդյունքը.
«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պատասխանատվություն կնախատեսվի ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 16-րդ «Ընտանիքում բռնության երեւույթի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների եւ ծրագրերի իրականացում» կետից:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում