Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1116-30.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս, անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, եւ (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վարձած աշխատողները ներգավված են մշտական հաստատության գործունեության մեջ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 155-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգիրք 314-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 314. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը

1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակը՝ էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք կամ էլեկտրոնային եղանակով հաստատելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձեւը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքը համարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանք, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի բովանդակությանը:

2. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձեւին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին դիմում, որը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը՝

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց դեպքում՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը.

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.

գ. երկիրը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.

դ. անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը:

2) ֆիզիկական անձանց դեպքում (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի)՝

ա. անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.

գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.

դ. հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 եւ ավելի օր ֆիզիկական անձի գտնվելու ժամանակահատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին նշում՝ կցելով կենսական շահերի կենտրոնի մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը եւ հաստատող փաստաթղթերի պատճենները,

ե. անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձեւը:

3. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքերում դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժելու դեպքում դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձեւը հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով հաստատում է այն, իսկ մերժման դեպքում ներկայացնում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը:

4. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժվում է, եթե չի ներկայացվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ռեզիդենտության հաստատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը եւ (կամ) փաստաթղթերը:

5. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ներառում է հետեւյալ տեղեկատվությունը.

1) հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ֆիզիկական անձի անուն, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.

2) Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.

3) երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.

4) նշում Հայաստանի Հանրապետության եւ տեղեկանքի ներկայացման երկրի միջեւ գործող՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կիրառման նպատակով, եթե նման համաձայնագիր առկա է.

5) համակարգի կողմից գեներացվող համապատասխան ծածկագիր եւ ծածկագիր պարունակող QR կոդ:

6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա է նախորդ հարկային տարիների ռեզիդենտությունը հաստատող անհրաժեշտ տեղեկատվությունը: Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ըստ տարիների եւ երկրների տրամադրվում է առանձին:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածները տարածվում են այն դեպքերի վրա, երբ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ռեզիդենտության հաստատման հետ կապված կարգավորումները տարածվում են 2025 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա, իսկ ֆիզիկական անձանց ռեզիդենտության հաստատման հետ կապված կարգավորումները տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա: Մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծի ընդունման նպատակն է Օրենսգրքում վերանայել՝

1) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձեւավորման չափանիշները.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը.

3) Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման դրույթները՝ գործընթացի պարզեցման եւ ավտոմատացման նպատակով,

4) գործատուի կողմից մայրության նպաստը եւ ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարելու եւ բյուջեից փոխհատուցում ստանալու հետ կապված կարգավորումները:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումներով`

1) Օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման մասով Հայաստանի Հանրապետության տարածքում չի ձեւավորվում մշտական հաստատություն, եթե՝

- աշխատուժը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անունից եւ շահերից,

- օտարերկրյա աշխատուժի տրամադրման ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը պատասխանատվություն չի կրում աշխատուժի կատարած աշխատանքի արդյունքի համար:

Նշված կարգավորումների շրջանակներում ոչ ռեզիդենտ կազմակերպությունները աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագրերում կարող են սահմանել այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն կտան ոչ ռեզիդենտ կազմակերպություններին խուսափել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության ձեւավորումից.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի պարտավորություն առաջանում է միայն Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտների մասով:

Այն դեպքում, երբ ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը իր գործունեությունը իրականացնում է մայր կազմակերպության աշխատակիցների ներգրավվմամբ, առանց վերջիններիս հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման, տվյալ դեպքում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացվող եկամուտները չեն դասվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների թվին եւ ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկով.

3) կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքների տրամադրման գործընթացը ավտոմատացված չէ (դիմումները ընդունվում եւ տեղեկանքները տրամադրվում են ոչ էլեկտրոնային եղանակով` առձեռն թղթային կրիչով): Միաժամանակ, օրենսգրքի գործող կարգավորումներին համապատասխան՝ հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների միջեւ գործող՝ վավերացված միջազգային համաձայնագրերի կիրառումն ապահովելու նպատակով եւ տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի եւ մեծության վերաբերյալ, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում.

4) ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասին եւ 155-րդ հոդվածին համապատասխան՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարի վերադարձն իրականացվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Ընդ որում, հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալներին պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների եւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների եւ մայրության նպաստների հանրագումարների բացասական տարբերություն:

Միաժամանակ, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (27.03.2025թ. ՀՕ-73-Ն) օրենքով սահմանված է, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է վարձու աշխատողներին՝ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակումը, հաշվարկումը եւ ՀՀ պետական բյուջեի հաշվին վճարվող՝ նպաստների գումարների վճարումը:

Այս նպատակով, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության (այդ թվում՝ ՊԵԿ-ի բազայից) ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել պետական մարմնի միջոցով:

Վերոնշյալ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է՝

1) Օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել, որի դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական հաստատություն ձեւավորման համար հիմք կընդունվի օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատություն է համարվում այն վայրը, որտեղ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի վարձած աշխատողների եւ (կամ) այլ անձնակազմի միջոցով կատարվում են աշխատանքներ եւ (կամ) մատուցվում են ծառայություններ, եթե այդ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային տարում շարունակվում է 183 եւ ավելի օրացուցային օր` սկսած ձեռնարկատիրական գործունեության իրականացումը սկսելու օրվանից՝ մեկ ծրագրի կամ մեկից ավելի կապակցված ծրագրերի շրջանակներում.

2) Օրենսգրքով սահմանել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս եւ (կամ) աշխատողները ներգավված են մշտական հաստատության գործունեության մեջ.

3) պարզեցնել եւ ավտոմատացնել Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը.

4) հաշվի առնելով, որ ՀՀ բյուջեի միջոցներից վճարվող՝ վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների գումարները վճարվելու են Միասնական սոցիալական ծառայության կողմից՝ նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 155-րդ հոդվածը եւ 159-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:

4. Կարգավորման առարկան. Նախագծով առաջարկվում է՝

1) վերանայել ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձեւավորման չափանիշները՝ մշտական հաստատության ձեւավորման համար հիմք ընդունելով Օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները.

2) վերանայել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը.

3) վերանայել Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը՝ ներդնելով տեղեկանքների տրամադրման պարզեցված եւ ավտոմատացված համակարգ,

4) ՀՀ հարկային օրենսգրքի 155-րդ հոդվածը եւ 159-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Ն որոշման N1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 1.13-րդ՝ «Ռեզիդենտության սերտիֆիկատի տրամադրման ավտոմատացում» միջոցառումից:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում՝

1) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական հաստատություն ձեւավորման համար հիմք կնդունվի օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատություն է համարվում այն վայրը, որտեղ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի վարձած աշխատողների եւ (կամ) այլ անձնակազմի միջոցով կատարվում են աշխատանքներ եւ (կամ) մատուցվում են ծառայություններ, եթե այդ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային տարում շարունակվում է 183 եւ ավելի օրացուցային օր` սկսած ձեռնարկատիրական գործունեության իրականացումը սկսելու օրվանից՝ մեկ ծրագրի կամ մեկից ավելի կապակցված ծրագրերի շրջանակներում.

2) ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները կհամարվեն Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ եւ ենթակա կլինեն հարկման եկամտային հարկով, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար կհամարվեն ծախս եւ (կամ) աշխատողները ներգավված կլինեն մշտական հաստատության գործունեության մեջ.

3) կներդրվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման պարզեցված եւ ավտոմատացված համակարգ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն