Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի Հավելված 1-ի ցանկում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերը փոխարինել՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով:
Հոդված 2.
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի Հավելված 1-ի ցանկը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1.-ին կետով.
«29.1. | 90127 | «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ | ք.Երեւան, Նալբանդյան փող. 28» |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի «այսուհետ՝ Նախագիծ» ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1063-Լ որոշման թիվ 2 հավելվածով հաստատված՝ Պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագրի 4-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի թիվ 1404-Ա որոշման 12-րդ կետի 1)-ին ենթակետի պահանջների ապահովմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1063-Լ որոշմամբ հաստատված՝ Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի եւ բաժնետոմսերի վաճառքի կազմակերպման եւ կառավարման բնագավառում նոր գործիքակազմի կիրառում, մասնավորապես՝ օտարման ենթակա եւ ներդրումային գրավչություն ունեցող գույքի հիման վրա բաժնետիրական ընկերության ստեղծում, բաժնեմասերի վաճառքի գրավչության բարձրացման ու վաճառքի իրականացման բնագավառում նոր մոտեցումների կիրառում:
Որպես նոր գործիքակազմի կիրառում նախատեսվում է բարձր (առնվազն մեկ մլրդ դրամ եւ ավելի) արժեք ունեցող, իրացվելի եւ ներդրումային գրավչություն ունեցող մեկ եւ/կամ ավելի գույքերի ներդրմամբ ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություններ, ինչի շնորհիվ գործարար նախնական ծրագրերի մշակման միջոցով կապահովվի պետական ակտիվների գրավչության բարձրացումը, իսկ ֆոնդային բորսայի միջոցով ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման շնորհիվ գործուն քայլեր կկատարվեն արժեթղթերի շուկայի զարգացման բնագավառում:
Վերը նշվածի հիմքով՝ ՀՀ կառավարության 2023թվականի օգոստոսի 17-ի թիվ 1404-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հիմնադրվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն): Որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ք.Երեւան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքը եւ դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը (այսուհետ՝ Գույք) ներդնել Ընկերության կանոնադրական կապիտալում:
Ընկերության հիմնադրումը ՝ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության պիլոտային ծրագրի առաջին փուլն է, իսկ հաջորդ փուլով նախատեսվել է Ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում:
Միաժամանակ ք.Երեւան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքից համապատասխան մակերեսներով տարածքներ ՀՀ կառավարության որոշումներով ամրացված էին ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ՀՀ կադաստրի կոմիտեին, իսկ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ամրացված տարածքից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրված էին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, իսկ որոշ տարածքներ տրված են վարձակալությամբ:
ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի թիվ 1404-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի եւ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ պետք է իրականացվեր տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները, իսկ անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած տարածքների պայմանագրերը պետք է լուծվեին:
Վերոնշյալ աշխատանքները սահմանված ժամկետում՝ մինչեւ 2024 թվականի օգոստոսի 17-ը, ամբողջությամբ կատարվել են: Աշխատանքների ավարտից հետո ք.Երեւան, Նալբանդյան 28 հասցեի անշարժ գույքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի անունով:
Ինչ վերաբերում է անշարժ գույքի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկմանը՝ նախ եւ առաջ անհրաժեշտ էր լիարժեք եւ համապարփակ պատկերացում կազմել Գույքի տնօրնման եւ զարգացման հնարավոր ամենաօպտիմալ եւ լավագույն տարբերակների մասին, ներառյալ վերակառուցումը, վերապրոֆիլավորումը, լրացուցիչ շինարարությունը կամ շրջակա մասնավոր սեփականություն հանդիսացող շենքերը ներառելու իրագործելիությունը: Ուսումնասիրությունը, որը պետք է իրականացվի այս տրամաբանության ներքո, պետք է հստակ նշի շուկայական տվյալների, տեղադիրքի, շինարարության թույլտվության սահմանափակումների եւ հատուկ ֆինանսական մոդելի վրա հիմնված առավել իրագործելի լուծումը: Այս վերլուծությունը պետք է կայուն հիմք հանդիսանա հետագա քայլերի համար, որը ենթադրում է հայեցակարգային նախագծում, ֆինանսավորման/ համագործակցության առաջարկի մշակում, պոտենցիալ ներդրողների հետ բանակցություններ, համատեղ ներդրումայի նախագծի մշակում եւ իրականացում եւ այլն:
Իր աշխատանքում խորհրդատուն կարող է դիտարկել հարակից շենքերի ընդգրկումը նախագծում՝ հնարավոր գործընկերության, կամ դրանք ձեռք բերելու համար: Ամեն դեպքում, այլ տարածքները, որոնք ներկայումս ընկերության իրավասության տակ չեն, նույնպես դիտարկելի տարբերակ են, ուստի ավարտական եզրակացությունը պետք է ներառի ոչ միայն տվյալ հասցեում գույքի վերլուծության եւ եզրակացության տարբերակը, այլ նաեւ մոտակա հասցեներում գտնվող գույքերի ներառման տարբերակը համապատասխան վերլուծություններով եւ հիմնավորումներով:
Վերջնական արդյունքը պետք է ներկայացվի դոնորներին, ներդրողներին եւ հանրությանը:
Հաշվի առնելով նախագծի կարեւորությունը՝ վերոնշյալ վերլուծությունը նախատեսվել է իրականացնել մասնագիտացված կազմակերպության միջոցով, որը կունենա բավարար մասնագիտական փորձ գործարար ծրագրերի եւ բիզնես մոդելների մշակման, ֆինանսական եւ տնտեսական վերլուծությունների իրականացման, ինչպես նաեւ անշարժ գույքի կառավարման եւ տնօրինման ոլորտներում:
Այդ նպատակով, ինչպես նաեւ ելնելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարումը առավել արդյունավետ ծրագրի շրջանակներում իրականացնելու անհրաժեշտությունից՝ «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարել է նախաորակավորման ընթացակարգով երկփուլ մրցույթ՝ նպատակ ունենալով ներգրավել բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ:
Արդեն իսկ ավարտվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի կողմից հայտարարված մրցույթի նախաորակավորման փուլի հայտերի գնահատման գործընթացը: Ներկայացված 13 հայտերն ուսումնասիրվել են մրցույթի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նախաորակավորման փուլը հաղթահարել են 12 միջազգային եւ տեղական ընկերություններ:
Նախաորակավորման փուլը հաղթահարած ընկերություններն արդեն իրավունք կստանան մասնակցելու մրցույթի հիմնական՝ երկու փուլով ընթացող գործընթացին:
ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության՝ պիլոտային ծրագրի իրականացման հիմնական նպատակը արդյունավետ, եկամտաբեր եւ բարձր մակարդակի գործարար մշակույթ որդեգրած բիզնես գործունեության կազմակերպումն է, որն էլ իր հերթին կնպաստի «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի բարձր գործարար համբավի ձեւավորմանը եւ ամրապնդմանը, ներդրումային եւ շուկայական գրավչության բարձրացմանը, վերջնարդյունքում ունենալով ընկերության բաժնետոմսերի՝ արժեթղթերի բորսայի միջոցով մասնավորեցման հեռանկարը:
ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի թիվ 1404-Ա որոշման 12-րդ կետի 1)-ին ենթակետով Կոմիտեին հանձնարարվել է՝ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Ընկերությունը մասնավորեցման ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախապատրաստվել է Նախագիծը, որով առաջարկվել է.
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի 29-րդ կետից հետո լրացնել նոր՝ 29.1.-ին կետով.
«29.1. | 90127 | «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ | ք.Երեւան, Նալբանդյան փող. 28» |
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ընկերության գործունեության հիմնական նպատակն է Ընկերությանը պատկանող ք.Երեւան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող անշարժ գույքի արդյունավետ կառավարումը եւ այդ գույքի գրավչության բարձրացման նպատակով ներդրումային ծրագրերի օժանդակումը:
Ընկերությունը կարող է իրականացնել օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն: Օրենսդրությամբ սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում՝ լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Ընկերության՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկումը բավարարում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 4-րդ հոդվածի պահանջներին՝ վերջիններս ընդգրկված չեն այն ճյուղերում եւ ոլորտներում, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Ընկերության առավել արդյունավետ գործունեության իրականացում, Ընկերության մասնավորեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի ավելացում:
7. Այլ տեղեկություններ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2023 թվականի նոյեմբերի 23-ին կատարվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի պետական գրանցում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 103-րդ կետի պահանջներից՝ նպաստավոր ներդրումային միջավայրի ձեւավորում եւ արժեթղթերի շուկայի կայացում, ինչպես նաեւ ֆոնդային բորսայի միջոցով համեմատաբար բարձր շահութաբերություն ունեցող պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի իրականացման նպատակով մասնավորեցման ենթակա գույքի կազմի եւ թվաքանակի ճշգրտման արդյունքում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ Վարչապետի աշխատակազմ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում