Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1127-16.07.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 170.7-րդ հոդվածի՝

1) վերնագրում «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ»  բառով, «դրոշմապիտակների» բառից հետո լրացնել «կամ հսկիչ (նույնականացման) նշանների» բառերը, «ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով)» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով» բառերով,

2) 1-ին պարբերությունում «ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերը կամ դրոշմապիտակները կամ հսկիչ (նույնականացման) նշանները» բառերով:

3) 2-րդ պարբերությունում «ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ)  դրոշմապիտակներով» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 170.8. Ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների օտարումը եւ օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) շրջանառությունը

1. Ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հիսուն հազարից մինչեւ  երկու հարյուր հազար դրամ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երկու հարյուր հազար դրամից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  ութհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված  խախտումը, եթե այդ ապրանքների, բացառությամբ ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային (սպիրտի), ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի եռաապատիկի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով:

5. Օտարման նպատակով ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ պահելը, տեղափոխելը, ձեռք բերելը կամ օտարելը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով չի գերազանցում տասը հազար դրամը, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում՝ հիսուն հազար դրամը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է տասը հազար դրամից մինչեւ հարյուր հազար դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հիսուն հազար դրամից մինչեւ երեք հարյուր հազար դրամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:

7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար դրամ, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  երկուհազարապատիկի չափով՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:

8. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումը ծխախոտային արտադրատեսակների դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է երեք հարյուր հազար դրամ եւ ավելի, իսկ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) դեպքում, երբ այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) օտարման գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ եւ ավելի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սույն մասով սահմանված կարգով արձանագրված օտարման գներով համապատասխան ապրանքների ընդհանուր արժեքի հնգապատիկի չափով, բայց ոչ պակաս երեք միլիոն դրամից՝ իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավմամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 11-րդ պարբերության «սույն օրենսգրքի 169.34-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «եւ 170.8-րդ հոդվածի 5-8-րդ մասերով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված  պատասխանատվության շրջանակներում խախտում համարվող արարքները որոշակիացնելու եւ գործող տուգանքների չափերը ավելացնելու, ինչպես նաեւ իրացման նպատակով կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող կարգավորումների համաձայն, պատասխանատվություն կիրառելու առումով՝

- պատասխանատվություն սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով՝ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելու համար,

- պատասխանատվություն սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքով՝ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու արարքը 2019 թվականից ապաքրեականացվելուց հետո բազմակի ավելացել են այն կատարելու դեպքերը:

Մասնավորապես, եթե մինչեւ նշված արարքի ապաքրեականացումը   դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքների իրացման հայտնաբերված դեպքերով կիրառվել է՝ 2018 թվականին 27 պատասխանատվության միջոց, իսկ 2019 թվականին՝ 46 պատասխանատվության միջոց, ապա  նշված արարքի ապաքրեականացումից հետո՝  2020 թվականից այս թիվը կտրուկ աճել է՝ նույն տարում հասնելով 69-ի, իսկ 2021 եւ 2022 թվականներին՝ համապատասխանաբար 437-ի եւ 657-ի:

Միաժամանակ, ավելացել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից հատկապես իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, դրանք օգտագործելու եւ իրացնելու դեպքերը:

Ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ  հոդվածի առաջարկվող խմբագրությունում լրացվել է «հսկիչ (նույնականացման) նշաններով» նոր եզրույթը, ինչը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի 396.1 հոդվածի կարգավորումներով եւ Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 05.03.2021 թվականին կայացված թիվ 19 որոշման կայացմամբ, որով հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելը:

Նման պայմաններում, հարկ է նշել, որ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների իրացման, ինչպես նաեւ կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ կամ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, դրանք օգտագործելու եւ իրացնելու դեպքերի աճը հանգեցնում է ոչ միայն պետական բյուջեի կորուստների, այլեւ անբարեխիղճ մրցակցության խթանման: Մասնավորապես, ձեռնարկատիրական գործունեության ընթացքում իրականացվող ցանկացած գործողությունը կամ վարքագիծը, որը հակասում է օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջեւ կամ վերջիններիս ու սպառողների միջեւ բարեխղճության, այն է՝ ազնվության, արդարության, ճշմարտության եւ անաչառության սկզբունքները, համարվում է անբարեխիղճ մրցակցություն, որն արգելված է օրենքի ուժով (օրինակ՝ ծխախոտի գների բարձրացման պայմաններում չդրոշմավորված կամ կեղծ ակցիզային դրոշմանիշով ծխախոտի պահանջարկը բավականին շատ է, քանի որ այն անհամեմատ ավելի էժան է):

Ընդ որում, հաշվի առնելով այն խորամանկ եղանակները, որոնք գործադրում են անձինք ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաեւ կեղծ ակցիզային դրոշմանիշներով ապրանքները տեղափոխելիս եւ իրացնելիս, պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել ամենավերջին տեխնոլոգիական միջոցները դրանք խափանելու ուղղությամբ, որպիսի քայլերը, սակայն, կմնան ապարդյուն, եթե ներկայիս կարգավորումներով ակցիզային դրոշմանիշերով  դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնողները ենթարկվեն միայն վարչական պատասխանատվության, իսկ իրացման նպատակով կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստողների, դրանք օգտագործողների եւ իրացնողների նկատմամբ չկիրառվի քրեական պատասխանատվություն:

Այսինքն՝ իրենց իրացման ծավալների հետ համեմատած շատ չնչին դրամական միջոցներ որպես տուգանք վճարելուց հետո ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնողները ոչ միայն չեն դադարեցնում իրենց անօրինական գործունեությունը, այլեւ ավելի են մեծացնում դրա ծավալները, քանի որ ստացած եկամուտները էապես գերազանցում են վարչական տուգանքների չափերը: Նույնը վերաբերում է նաեւ իրացման նպատակով կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստողներին, դրանք օգտագործողներին ու իրացնողներին:

Մինչդեռ այն դեպքում, երբ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների շրջանառության արարքը որոշակիացվի եւ ավելացվի գործող տուգանքների չափերը, իսկ իրացման նպատակով կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար սահմանվի քրեական պատասխանատվություն, ապա նշված արարքները կատարել ցանկացողները առնվազն մեկ անգամ եւս կմտածեն հակաօրինական քայլի դիմելուց առաջ:

Նշված օրենսդրական փոփոխությունների առաջարկի հրատապությունը պայմանավորված է ներկայումս շուկայում ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների (հիմնականում ծխախոտային արտադրատեսակների) շրջանառության  ծավալների մեծացման հանգամանքով:

Ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ծխախոտային արտադրատեսակները շուկայում իրացվում են 190-ից մինչեւ 350 դրամի սահմաններում, այն պարագայում, երբ մեկ տուփ ծխախոտին բաժին ընկնող հարկերը կազմում են մոտավորապես 400 դրամ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեն կրում է էական վնասներ:

Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում նշված երեւույթը օրեցօր խորանում է, քանի որ շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված երեւույթը արդեն սկսել է  լայնորեն տարածվել՝ ստանալով համակարգված բնույթ, ընդգրկելով իրացման ավելի մեծ շուկաներ՝ շղթայում ներգրավելով ավելի շատ կատարողների: Մասնավորապես՝ նշվածի վկայությունն է վերջին շրջանում ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքների իրացումը սոցիալական ցանցերի (համացանցային հարթակների) միջոցով (օրինակ՝ list.am, facebook), որտեղ նշելով ապրանքի անվանումը, տեղադրելով լուսանկարներ, նշելով ձեռք բերման աղբյուրը (օրինակ՝ duty free-ից) սպառողներին առաջարկվում են շուկայականից ավելի ցածր գնով չդրոշմավորված ծխախոտային արտադրատեսակներ կամ խմիչքներ: Ավելին, սոցիալական ցանցերում վերոնշյալ ապրանքներ իրացնողների կողմից սոցիալական ցանցի օգտատերերին ներկայացված նշված ապրանքների ցածր գներով առաջարկները հետաքրքրություն են առաջացնում այլ օգտատերերի մոտ՝ լայնածավալ դարձնելով վերոնշյալ անօրինական գործունեությունը: Ստացվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ներկայումս գործող պատասխանատվության վերաբերյալ կանոնակարգումների շրջանակներում հնարավոր չէ ապահովել այս երեւույթի արդյունավետ կանխարգելումը: Հետեւաբար որեւէ այլ միջոց, քան պատասխանատվության չափի մեծացումը,  մասնավորապես այն պարագայում, երբ նշված անօրինական գործունեության արդյունքում ստացած եկամուտները էապես գերազանցում են վարչական տուգանքների չափերը, չի կարող ապահովել Նախագծով նախատեսված արարքների արդյունավետ կանխարգելումը: Ուստի, որպես դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ծխախոտային արտադրատեսակների եւ ալկոհոլային խմիչքների (սպիրտի) շրջանառությունը պակասեցնելու հակազդող մեխանիզմ դիտարկվել է նշված ապրանքների դեպքում գործող տուգանքների չափերի՝ շուրջ 3 անգամ ավելացումը՝ հաշվի առնելով նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ համապատասխան գլխում ներառված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերըմասնավորապես՝ 165-րդ (Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի խախտումները), 169.14-րդ (Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի եւ լիցենզիա չունեցող անձանց կողմից որոշակի բառերի օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն), 169.16-րդ (Առեւտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա եւ կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը) եւ 169.32-րդ (Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվությունները սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելը) հոդվածներ:

Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական համապատասխան փոփոխություններ կատարել, մասնավորապես Նախագծերով առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքով սահմանված  պատասխանատվության շրջանակներում որոշակիացնել խախտում համարվող արարքները եւ ավելացնել գործող տուգանքների չափերը՝ կիրառելով առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցներ: Մասնավորապես, խախտում համարվող արարքների կանխարգելման եւ վարչական պատասխանատվության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Նախագծով՝ ծխախոտի արտադրանքի եւ խմիչքների (սպիրտի) դեպքերի համար որպես լրացուցիչ վարչական տույժի տեսակ՝ նախատեսվում է վարչական իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավման վերաբերյալ կարգավորումներ:

Միաժամանակ,  Նախագծով փոփոխություն է կատարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 170.7-րդ հոդվածում՝ նույն հոդվածի վերնագրի եւ բովանդակության անհամապատասխանությունը վերացնելու նպատակով:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են նշված նախագծերը:

4. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի նպատակն է ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով կամ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության  շրջանակներում որոշակիացնել խախտում համարվող արարքները եւ ավելացնել գործող տուգանքների չափերը, նշված արարքների համար առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելը եւ իրացման նպատակով կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը:

5. Պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 
 
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն