Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին մասը լրացնել նոր՝ 4-ից 17-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) մաքսային վճարներ՝ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ ներմուծման մաքսատուրքեր, արտահանման մաքսատուրքեր, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար վճարվող մաքսատուրքեր եւ հարկեր, մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրք.
5) մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկեր՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ մաքսային մարմիններին վճարվող բնապահպանական եւ ճանապարհային հարկեր.
6) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ՝ Միության մասին պայմանագրով նախատեսված՝ hատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր.
7) տոկոս՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ մաքսատուրքերի եւ հարկերի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար վճարվող կամ գանձվող տոկոսներ.
8) տույժ՝ մաքսային վճարները, մաքսային մարմինների վճարման ենթակա այլ հարկերը, ներքին շուկայի պաշտպանության միջոցները՝ Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով եւ սույն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու համար նշված իրավական ակտերով նախատեսված կարգով, չափով եւ ժամկետներում վճարման ենթակա գումարներ.
9) տուգանք՝ Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով եւ սույն օրենքով սահմանված պահանջները չկատարելու կամ խախտումներով (թերի) կատարելու համար սահմանված պատասխանատվության միջոց.
10) մաքսային պարտավորություն՝ Միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն՝ ծագած (ծագող), այդ իրավական ակտերով սահմանված չափով, կարգով եւ ժամկետներում վճարման (գանձման) ենթակա՝ սույն օրենքով նախատեսված մաքսային վճարներ, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկեր, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, պետական տուրքեր, տույժեր, տոկոսներ, տուգանքներ.
11) կանխավճար՝ մեկ մաքսային փաստաթղթով հաշվարկված (հաշվարկվող) կամ մեկից ավելի մաքսային փաստաթղթերի հիման վրա հաշվարկված (հաշվարկվող) մաքսային պարտավորությունների մարման նպատակով մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված՝ ազատ դրամական միջոց (գումար), որն առաջանում է հետեւյալ միջոցներից՝
ա. մաքսային միասնական հաշվին կատարված վճարումներից.
բ. մաքսային փաստաթղթերի (այդ թվում՝ ճշգրտված) ներկայացման կամ մաքսային մարմինների կողմից ձեւավորման եւ առաջադրման արդյունքում մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված գումարներից.
գ. մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններով մաքսային պարտավորությունների առաջադրման արդյունքում մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված գումարներից.
դ. անձի կողմից ներկայացրած մաքսային փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի կողմից առաջադրված մաքսային պարտավորությունների վերաբերյալ մաքսային ծառայողի գործողության (անգործության) բողոքարկման մասով դատարանի վճռի կատարմա՟՟՟ն կամ բողոքարկման հանձնաժողովի կողմից ընդունված որոշման արդյունքում՝ մաքսային պարտավորության պակասեցումից կամ մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված՝ մաքսային պարտավորությունների ամբողջությունից փոխհատուցվող գումարներից.
12) մաքսային միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում մաքսային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող՝ մաքսային մարմնի կողմից տնօրինվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.
13) գանձապետարան՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված՝ ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան.
14) մաքսային փաստաթուղթ՝ մաքսային հայտարարագիր եւ այլ փաստաթղթեր, որոնք կազմվում են մաքսային գործառնությունների եւ մաքսային հսկողության իրականացման նպատակներով, ինչպես նաեւ մաքսային հսկողության իրականացման եւ մաքսային գործառնությունների կատարման ընթացքում եւ այդպիսի հսկողության եւ գործառնությունների արդյունքներով.
15) վճարող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր), որը Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով եւ սույն օրենքով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ մաքսային պարտավորություն.
16) մաքսային անձնական հաշվի քարտ՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ ավտոմատացված համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջություն, որն արտացոլում է անձանց կողմից պետական գանձապետական հաշվին փոխանցված կամ վճարված դրամական միջոցների շարժը եւ հաշվառումը: Մաքսային անձնական հաշվի քարտի ստեղծման եւ վարման կարգը սահմանում է Կոմիտեն:
17) ավել վճարված կամ ավել բռնագանձված պարտավորությունների գումար՝ մաքսային մարմնին վճարված կամ բռնագանձված դրամական միջոցներ (դրամ), որոնք որոշակի ապրանքների համար նույնականացվել են որպես մաքսային վճարներ կամ մաքսային մարմիններին վճարվող այլ հարկեր կամ ներքին շուկայի պաշտպանության միջոցեր եւ որոնց չափը գերազանցում է օրենսդրությանը համապատասխան վճարման ենթակա գումարը:»:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 38. Մաքսային պարտավորությունների վճարման ժամկետները
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով եւ սույն օրենքով:
2. Միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ նախքան մաքսային հայտարարագրի ներկայացումը ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերը վճարվում են մինչեւ մաքսային հայտարարագիր ներկայացնելը:
3. Միության մաքսային օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի եւ 74-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի գծով մաքսային պարտավորության կատարման ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ Հանձնաժողովի սահմանած դեպքերում՝ օրենքով:
4. Հարկերի վճարումը իրականացվում է Միության մաքսային օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում:
5. Մաքսատուրքի, հարկերի վճարումը հետաձգելու համար տոկոսները վճարվում են ոչ ուշ, քան հետաձգման ժամկետն ավարտվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսատուրքի տարաժամկետ վճարման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված տոկոսները կարող են վճարվել փուլ առ փուլ, սույն օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան տարաժամկետ վճարման համար նախատեսված ամբողջ ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հարկերի վճարումը հետաձգելու համար տոկոսները վճարվում են հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
6. Սույն օրենքով սահմանված դեպքերում ստուգվող անձը մաքսային ստուգման ակտը եւ մաքսային մարմնի համապատասխան որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է կատարել նշված ակտով եւ որոշմամբ (որոշումներով) առաջադրված մաքսային պարտավորությունների վճարումը եւ օրենսդրությամբ սահմանված այլ պահանջները: Սույն մասով սահմանված ժամկետում նշված գումարները վճարելու դեպքում օրենքով սահմանված տույժերն այդ ժամկետի համար չեն հաշվարկվում:
7. Տուգանքների վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային կանոնների խախտման համար այդ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում:»:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Մաքսային պարտավորությունների վճարման կարգը
1. Մաքսային պարտավորությունների վճարման կարգը սահմանվում է Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով եւ սույն օրենքով:
2. Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված ներմուծման մաքսատուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում բացված՝ Միության մասին պայմանագրով սահմանված միասնական հաշվին:
3. Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերը, այդ թվում՝ նախնական հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում բացված՝ Միության մասին պայմանագրով սահմանված միասնական հաշվին:
4. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական եկամտային հաշիվներին:
5. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար վճարվող մաքսատուրքերը եւ հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական եկամտային հաշվին:
6. Մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական եկամտային հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտահանման մաքսատուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական եկամտային հաշվին:
8. Մաքսային պարտավորությունները հաշվառվում են վճարողի մաքսային անձնական հաշվի քարտում:
9. Մաքսային պարտավորությունների վճարումը կատարվում է վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների միջոցով՝ անկանխիկ եղանակով մաքսային մարմինների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մաս կազմող՝ մաքսային պարտավորությունների կատարման էլեկտրոնային ենթահամակարգի միջոցով (այսուհետ՝ սույն գլխում՝ համակարգ):
10. Մաքսային պարտավորությունների վճարման նպատակով վճարողի կամ մաքսային մարմինների կողմից օգտագործվում են մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները սույն օրենքին եւ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
11. Մաքսային պարտավորությունների վճարումը կանխավճարներից իրականացվում է վճարողի հանձնարարագրի հիման վրա: Սույն մասի իմաստով վճարողի հանձնարարագիր է համարվում հետեւյալ փաստաթղթերի ներկայացմանը զուգահեռ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարներից մաքսային պարտավորությունների մարման եղանակների ընտրությունը.
1) մաքսային հայտարարագիր կամ մաքսային հայտարարագրի ճշգրտում.
2) Միության մաքսային օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դիմում.
3) մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսային պարտավորությունների հաշվարկման համար՝ Միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված մաքսային փաստաթուղթ.
4) մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսային պարտավորությունների՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դրանց հաշվարկման եւ առաջադրման համար կազմված օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ.
5) օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարների հաշվարկ եւ (կամ) վճարման մաքսային պարտավորություն պարունակող այլ փաստաթուղթ:
12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերը կազմվում եւ ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ համակարգի միջոցով՝ սույն օրենքով եւ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված անձանց կողմից:
13. Մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակները եւ հերթականությունը սահմանվում է Կառավարության կողմից:
14. Անձնական օգտագործման ապրանքների համար ֆիզիկական անձի մաքսային պարտավորությունների վճարումը իրականացվում է համակարգի կիրառմամբ՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների օգտագործմամբ: Այն դեպքերը եւ պայմանները, երբ ֆիզիկական անձի կողմից մաքսային պարտավորությունների վճարումը իրականացվում է դրամական միջոցները վճարային գործիքների կիրառմամբ պետական գանձապետական համապատասխան հաշվին փոխանցելու միջոցով, կարող են սահմանվել Կառավարության կողմից: Միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի եւ տուրքերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի հաշվառման եւ վճարման նպատակով կարող է կիրառվել մաքսային մուտքի անդորրագիրը՝ Կոմիտեի կողմից սահմանված կարգով:
15. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարներից մաքսային պարտավորությունները համարվում են վճարված վճարողի կամ համակարգի կողմից դրանց մարման նպատակով համապատասխան գանձապետական հաշվին փոխանցվելու վերաբերյալ փաստաթղթերը եւ (կամ) տեղեկությունները ներկայացվելու եւ մաքսային մարմիններին հասանելի դառնալու պահից:
16. Սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով մաքսային մարմիններին մաքսային պարտավորությունների վճարված լինելու մասին փաստաթղթերը եւ (կամ) տեղեկությունները ներկայացվելու եւ մաքսային մարմիններին հասանելի դառնալու պահից այդպիսի վճարման համար հիմք հանդիսացող հանձնարարագիրը դառնում է անհետկանչելի:
17. Մաքսային պարտավորությունները մարվում են նախ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչեւ սույն հոդվածով սահմանված դրույթների ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին, այնուհետեւ՝ մաքսային միասնական հաշվում առկա գումարների հաշվին:
18. Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության կամ համակարգի անսարքության պատճառով դրա կիրառման անհնարինության դեպքում, մաքսային պարտավորությունների վճարումը կարող է իրականացվել դրամական միջոցները այլ հնարավոր եղանակով համապատասխան գանձապետական հաշիվներին վճարելու միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անսարքության վերացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջիններս մաքսային մարմինների կողմից կհաշվառվեն համակարգում:
19. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքի, մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի վճարման գծով պարտավորությունը կարող է կատարել հայտարարատուի լիազորած անձը:
20. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմինը մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի վճարման սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը կամ եթե այդպիսի օրը որոշված չէ՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը բացահայտելու օրվան հաջորդող օրը հայտարարատուին, ինչպես նաեւ Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ կամ սույն հոդվածի 19-րդ մասում նշված անձանց էլեկտրոնային եղանակով կամ փոստային առաքմամբ՝ հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկում է ծանուցագիր՝ սահմանված ժամկետում չվճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի մասին, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ, ինչպես նաեւ 73-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերում նշված դեպքերի:
21. Սույն հոդվածի 20-րդ մասում նշված ծանուցագրի ձեւը, դրանում պարունակվող տեղեկությունները սահմանում է Կոմիտեն:
22. Սույն հոդվածի 20-րդ մասում նշված ծանուցագրով ներկայացված՝ օրենքով սահմանված պահանջների կատարման համար ժամկետը սահմանվում է ծանուցագիրը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օր:
23. Միության մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ եւ 73-րդ հոդվածի 5-րդ կետերին համապատասխան՝ սույն հոդվածի 20-րդ մասով սահմանված ծանուցագիրը չի ուղարկվում սույն հոդվածի 19-րդ մասում նշված անձանց, եթե՝
1) նախքան ծանուցումն ուղարկելը մաքսային մարմնում առկա է տեղեկատվություն՝ սույն հոդվածի 19-րդ մասում նշված պարտավորությունը սույն օրենքով սահմանված կարգով անհուսալի ճանաչելու մասին, կամ
2) Միության մաքսային օրենսգրքի համաձայն՝ սույն հոդվածի 19-րդ մասում նշված պարտավորությունը դադարած լինելու մասին, կամ
3) սույն օրենքին եւ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ մաքսային մարմինները սկսել են մաքսատուրքի, հարկերի եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձումը:»:
Հոդված 5. Օրենքը 39-րդ հոդվածից հետո լրացնել նոր 39.1-ին եւ 39.2-րդ հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 39.1. Մաքսային պարտավորությունների կատարման առանձնահատկությունները իրավաբանական անձի լուծարման դեպքում
1. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունների կատարման պարտականությունը դրվում է այդ կազմակերպության լուծարման հանձնաժողովի վրա՝ այդ կազմակերպության դրամական միջոցների, ներառյալ՝ գույքի եւ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան իրականացված վաճառքից ստացված միջոցների հաշվին: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է մաքսային պարտավորությունն ընդգրկել լուծարման հաշվեկշռում:
2. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունների եւ այդ անձի այլ վճարումների կատարման առաջնահերթությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով:
3. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները ենթակա են կատարման մինչեւ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետները, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը:
Հոդված 39.2. Մաքսային պարտավորությունների կատարումը իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում
1. Վերակազմակերպված իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները կատարվում են իրավաբանական անձի իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ իրավաբանական անձանց միաձուլումից առաջացած իրավաբանական անձը:
3. Իրավաբանական անձանց միացման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն անձը, որին միացել է մյուս իրավաբանական անձը:
4. Իրավաբանական անձանց բաժանման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած իրավաբանական անձինք՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
5. Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները առանձնացված անձանցից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
6. Իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ իրավաբանական անձի վերակազմավորման արդյունքում առաջացած անձը:»:
Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 42. Կանխավճարները
1. Կանխավճարները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածով:
2. Մաքսային միասնական հաշվին վճարված կանխավճարների հաշվառման օր է համարվում դրանց՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման օրը:
3. Կանխավճարները, նախքան մաքսային պարտավորությունների վճարման ժամկետի ավարտը, վճարողի կողմից փոխանցվում կամ վճարվում են սույն օրենքով նախատեսված մաքսային միասնական հաշվին:
4. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները չեն համարվում պետական բյուջեի եկամուտներ եւ վճարներ, եւ տնօրինվում են վճարողի կողմից մինչեւ դրանց մաքսային պարտավորությունների վճարման նպատակով օգտագործումը:
5. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները մինչեւ մաքսային պարտավորությունների կատարման ժամկետի վրա հասնելը վճարողի կողմից համակարգի կիրառմամբ կարող են ուղղվել վճարողի կողմից նշված մաքսային պարտավորությունների մարմանը: Վճարողի կողմից սույն մասով նախատեսված գործողությունը չկատարելը մաքսային մարմնի կողմից ընդունվում է որպես մաքսային պարտավորությունները մարելու հանձնարարագիր, որի դեպքում մաքսային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի լրանալու օրը հաշվում առկա կանխավճարներից մարումներն իրականացվում են ինքնաշխատ եղանակով:
6. Մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված կանխավճարներն անմիջապես կարող են օգտագործվել մաքսային պարտավորությունների մարման նպատակով՝ մաքսային մարմիններին այդպիսի փոխանցման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը եւ (կամ) տեղեկությունները հասանելի դառնալու պահից: Մաքսային միասնական հաշվին փոխանցելու պահից կանխավճարների մուտքագրման նպատակով վճարողի կողմից տրամադրված հանձնարարագիրը դառնում է անհետկանչելի:
7. Կանխավճարները վճարողի կամ նրա կողմից լիազորված մաքսային ներկայացուցչի դիմումի հիման վրա կարող են օգտագործվել որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ Կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ պայմանների ապահովման պարագայում: Սույն մասով սահմանված դեպքում մաքսային մարմինները օրենսդրությամբ սահմանված կարգով սառեցնում են որպես մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ տրամադրված միջոցները:
8. Կանխավճարները կարող են օգտագործվել նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ սույն հոդվածին համապատասխան եւ Կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ պայմանների ապահովման պարագայում:
9. Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հաշվետվությունը արտացոլվում է վճարողի մաքսային անձնական հաշվի քարտում եւ կարող է արտածվել հայտարարատուի կողմից ըստ անհրաժեշտության: Սույն մասով նախատեսված հաշվետվության մեջ արտացոլվող տվյալները սահմանվում են Կոմիտեի կողմից:
10. Վճարողն իրավունք ունի իրական ժամանակում, առցանց եղանակով դիտելու իր մաքսային անձնական հաշվի քարտում առկա դրամական միջոցների շարժը (այդ թվում՝ մաքսային պարտավորությունները եւ դրանց մարումները):
11. Վճարողն իրավունք ունի արտատպելու իր մաքսային անձնական հաշվի քարտի քաղվածքը, որտեղ նշված տեղեկատվությունը համարվում է մաքսային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն եւ, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների եւ անձանց կողմից:
12. Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները եւ կարգը, ինչպես նաեւ մաքսային մարմիններին վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 55. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձը կամ հաշվանցումը
1. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձի նպատակով վճարողը կամ նրա իրավահաջորդը մաքսային մարմնին է ներկայացնում դիմում՝ Կոմիտեի կողմից սահմանված կարգով եւ ձեւով: Դիմումի հետ վճարողը ներկայացնում է նաեւ մաքսային պարտավորությունների վճարումը կամ գանձումը հաստատող փաստաթղթերը եւ (կամ) տեղեկությունները:
2. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների գումարների վերադարձը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը մաքսային մարմինների կողմից ստանալու օրվան հաջորդող 30 օրացուցային օրվանից ոչ ուշ:
3. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորություններ գումարների վերադարձը կատարվում է մաքսային միասնական հաշվին հաշվեգրելով որպես կանխավճար՝ դրանց վերադարձի հիմնավորվածությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվելուց հետո մինչեւ 3 աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետեւ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի կողմից նշված՝ վճարողի կամ նրա իրավահաջորդի բանկային հաշվին՝ սույն հոդվածին համապատասխան:
4. Ավել վճարված կամ բռնագանձված պարտավորությունների վերադարձն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Չօգտագործված կանխավճարները տնօրինվում են վճարողի կողմից մինչեւ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային պարտավորությունների կատարման ժամկետի լրանալը: Վճարողը կարող է հետ ստանալ իր կողմից չօգտագործված կանխավճարները, եթե առկա չեն նրա կողմից չկատարված մաքսային պարտավորություններ: Վճարողի կողմից սահմանված ժամկետում չկատարված կամ մաքսային մարմինների կողմից բռնագանձման ենթակա մաքսային պարտավորությունների առկայության պարագայում կանխավճարների գումարները կարող են վերադարձվել վճարողին, նրա եւ (կամ) մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված մաքսային պարտավորությունների մարումից հետո՝ դրական մնացորդի մասով:
6. Չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով վճարողը էլեկտրոնային եղանակով մաքսային մարմիններին ներկայացնում է կանխավճարի վերադարձի դիմումը եւ համապատասխան փաստաթղթերը: Կանխավճարների վերադարձն իրականացվում է անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ վերադարձի որոշում ընդունելու միջոցով: Սույն մասով նախատեսված դիմումի ձեւը, դրա մաքսային մարմիններին ներկայացման կարգը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ վերադարձի որոշման ձեւը եւ կարգը սահմանվում են Կոմիտեի կողմից:
7. Մաքսային միասնական հաշվին մուտքագրված կանխավճարները, վերջին օգտագործման օրվանից 5 օրացուցային տարվա ընթացքում վճարողի կողմից տնօրինված չլինելու դեպքում, մաքսային մարմինների կողմից փոխանցվում են պետական բյուջեի այլ՝ ոչ հարկային եկամուտների հաշիվներին՝ Կառավարության կողմից սահմանված կարգով:
8. Եթե սույն հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը նախկինում ներկայացվել են մաքսային մարմիններին, ապա վճարողի կողմից կարող են ներկայացվել այդպիսի փաստաթղթերը նույնականացնող տեղեկություններ՝ պայմանով, որ տեղի չեն ունեցել փաստաթղթերի կամ դրանց բովանդակության փոփոխություններ:
9. Կանխավճարների վերադարձի ժամանակ դրանց համար տոկոսներ չեն վճարվում եւ չի իրականացվում ինդեքսավորում: Եթե կանխավճարների վերադարձի դիմումի մեջ նշված՝ վերադարձման ենթակա գումարը մեծ է մաքսային միասնական հաշվին առկա՝ կանխավճարների մնացորդից, ապա վերադարձն իրականացվում է առկա մնացորդի չափով:
10. Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման եւ կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանում է Կառավարությունը, իսկ վերադարձի մերժման որոշման ձեւը սահմանում է Կոմիտեն:
11. Որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ ներկայացված կանխավճարների վերադարձը կատարվում է վճարողի (նրա իրավահաջորդի) ներկայացրած դիմումի հիման վրա՝ Կոմիտեի կողմից սահմանված կարգով՝ սույն հոդվածին համապատասխան:»:
Հոդված 9. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ն մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 204-րդ հոդվածի 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 338-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին օրը, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված համակարգի գործարկման օրը:
Հոդված 13. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, իսկ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված՝ մաքսային օրենսդրությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել՝ մինչեւ դրանց ուժը կորցրած ճանաչելը կամ ամբողջական համապատասխանեցումը սույն օրենքին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Միասնական հաշիվ) ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման եւ մարման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը:
Ներկայումս մաքսային վճարների գծով պարտավորությունների մարման նպատակով կատարվող փոխանցումներն իրականացվում են Գանձապետարանում բացված առանձնացված հաշիվներին, եւ մեկ մաքսային հայտարարագրով ծագած պարտավորությունները մարելու համար կարող են իրականացվել մի քանի առանձին փոխանցումներ՝ համապատասխանաբար երկարաձգելով մաքսային ձեւակերպումների համար ծախսվող ժամանակը եւ փոխանցումներն առանձին, առանձին իրականացնելու համար սահմանված միջնորդավճարների չափը:
Միասնական հաշվի ներդրման հիմնական նպատակներն են՝
- նպաստել մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը՝ ներդրված ծառայությունների եւ ներքին բիզնես գործընթացների արդիականացման, թվայնացման, պարտավորությունների հաշվառման գործընթացի դյուրացման միջոցով,
- մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների դյուրացում, պարտավորությունների հաշվառման, ինչպես նաեւ դրանց մարման գործընթացների ավտոմատացում, պարզեցում,
- չմարված պարտավորությունների մասով տույժերի հաշվարկի ավտոմատացում,
- մաքսային վճարների եւ մաքսային մարմիններին վճարվող այլ հարկերի եւ տուրքերի դրանց գծով տույժերի եւ տուգանքների հաշվառման կենտրոնացված կառավարումը եւ հավաքագրված տեղեկատվության օգտագործումը մաքսային հսկողության իրականացման բոլոր փուլերում մաքսային հսկողության օբյեկտների ընտրության համար:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Միասնական հաշվի համակարգի ներդրման նպատակով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում՝ մասնավորապես մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվարկմանը, գանձմանն առնչվող կարգավորումներում:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետեւյալ բարելավումները՝
- Միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման եւ այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով՝ անկախ մաքսային մարմնից եւ վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը,
- անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար,
- տույժերի ինքնաշխատ հաշվարկ եւ հաշվառում՝ համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի եւ կարգի,
- պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն՝ համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների,
- գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 1.11-րդ («Մաքսային միասնական հաշիվ» համակարգի ներդրում) կետից: Նախագիծը հանդիսանում է Համաշխարհային բանկի կողմից 2025թ. համար նախատեսված բյուջետային աջակցության միջոցների տրամադրման նախապայման:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ՟ԽՈՒ՟ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում