Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1132-04.08.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Պրոբացիայի» բառը:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Պետական այլ մարմիններում ծառայած եւ Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաեւ այդ մարմիններում տվյալ կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը:»:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում Պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ընդունված ծառայողին «արդարադատության ոլորտի հերթական» կոչում կարող է շնորհվել Պրոբացիայի ծառայությունում որոշակի ժամկետով ծառայելու դեպքում: Սույն դրույթները վերաբերելի են միայն պրոբացիայի ծառայողներին: Այնինչ, Պրոբացիայի ծառայություն աշխատանքի ընդունված ՀՀ պետական տարբեր մարմինների ծառայողներ, որոնք արդեն իսկ ունեին դասային աստիճաններ եւ կոչումով ծառայության ստաժ, գործող իրավակարգավորումների պայմաններում պաշտոնի նշանակվելիս հայտնվում են ոչ բարենպաստ վիճակում՝ կապված վերջիններիս կոչումներ շնորհելու համար ծառայության ժամկետի հաշվարկի հետ: Ուստի, կարելի է արձանագրել, որ բաց է մնում պետական այլ մարմիններում աշխատած անձանց մասով հերթական կոչումի շնորհման համար տվյալ մարմնում ծառայության ժամկետը հաշվակցելու հարցը: Նման պայմաններում խախտվում են նշված անձանց իրավունքները, վերջիններս հայտնվում են անհավասար պայմաններում:

Հաշվի առնելով վերոհիշյալը առաջարկվում է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի /այսուհետ նաեւ՝ Օրենք/ 11-րդ հոդվածը լրացնել նոր մասով եւ սահմանել, որ Օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս Պրոբացիայի ծառայությունում, պետական այլ մարմիններում շնորհված համապատասխան կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

Բացի այդ Օրենքի 35-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչում, այդ թվում՝ իրենց զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից ավելի բարձր կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը, որը պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:»:

Սակայն նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը չի կարող կիրառվել Պրոբացիայի ծառայության պաշտոնին համապատասխանող՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն կոչում ունեցող պրոբացիայի ծառայողների նկատմամբ:»:

Արդյունքում առաջացել է ներքին հակասություն. մի դեպքում Օրենքը թույլատրում է պաշտոնին համապատասխան ավելի բարձր կոչում շնորհել, մյուս դեպքում արգելում:

Ուստի, ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացում կատարել Օրենքում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը.

««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայողների, որպես խրախուսանք հնարավորություն ընձեռնել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ՝ արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի Պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ներգրավել առավել փորձառու եւ բանիմաց մասնագետների, ինչպես նաեւ կանխել ծառայողների արտահոսքը այլ ծառայություններ, որտեղ կոչումով ծառայության ստաժը հաշվարկվում է:

3. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի բարեփոխումները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն