Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11392-20.08.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի, ի դեմս՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), կազմավորման եւ գործունեության կարգը, կարգավիճակը, անդամներին ներկայացվող պահանջները, անկախության երաշխիքները, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության հետ կապված հարաբերությունները, իրավասությունների շրջանակը եւ լիազորությունները:

Հոդված 2. Հանձնաժողովի կարգավիճակը եւ իրավասությունների շրջանակը

1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությամբ իր իրավասության ներքո գտնվող խնդիրների իրականացումը, կազմակերպում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի մշակման աշխատանքները եւ համակարգում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների իրականացումը:

2. Հանձնաժողովը կազմակերպում է.

1) ազգային նույնականացման շերտի, այդ թվում՝ անձի էլեկտրոնային նույնականացման, թվային ստորագրության ու գաղտնագրման ծրագրային ապահովումների համակարգի, տեղեկատվական մուտքի հարթակի (hartak.am), «Ես եմ» նույնականացման հարթակի  մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը եւ օգտագործումը.

2) թվային ճարտարապետության, այդ թվում՝ պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին թվային անվտանգ միջավայրում հասանելիության, կառավարական ցանցի, տվյալների փոխանակման եւ այլ շերտերի, պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջգերատեսչական համակարգի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը եւ օգտագործումը, միջազագային պայմանագրերի հիման վրա դրանց ինտեգրումն այլ տեղեկատվական համակարգերի:

ՀՈԴՎԱԾ 3. Համագործակցությունը

1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կառույցների, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ, կարող է կնքել հուշագրեր եւ իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր:

2. Հանձնաժողովն օրենսդրությամբ նախատեսված գործառույթները կարգավորող եւ վերահսկող մարմինների կողմից կարգավորվող եւ վերահսկվող անձանց նկատմամբ իրականացնում է այդ մարմինների հետ համագործակցության հիման վրա: Հանձնաժողովի ու կարգավորող եւ վերահսկող այլ մարմինների համագործակցությունը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա.

1) կարգավորող եւ վերահսկող մարմինների կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց առնչվող ոլորտներում տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է համապատասխան մարմն.

2) կարգավորող եւ վերահսկող մարմինները օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության վերաբերյալ իրավական ակտեր ընդունելուց առաջ ներկայացնում են Հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքի.

3) Հանձնաժողովի նախագահը ու կարգավորող եւ վերահսկող մարմինների ղեկավարները ընդունում են համատեղ հրամաններ, որով կարգավորվում են՝

ա. Հանձնաժողովի ու կարգավորող եւ վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը.

բ. Համապատասխան ոլորտում տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության վերաբերյալ համագործակցության ընթացակարգերը կարգավորող, ինչպես նաեւ Հանձնաժողովի ու կարգավորող եւ վերահսկող մարմինների օրենքով սահմանված իրավասությունների շրջանակից բխող այլ հարցեր.

գ. Հանձնաժողովի կողմից կարգավորող եւ վերահսկող մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանն օժանդակելու կարգն ու պայմանները:

ՀՈԴՎԱԾ 4. Հանձնաժողովի հիմնական խնդիրները

1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության միասնական թվայնացված միջավայրի եւ թվային տնտեսության ձեւավորման խթանման եւ պաշտպանվածության ապահովումը.

2) սույն օրենքի, այլ օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական  իրավական ակտերի կիրառման ապահովումը, դրանց խախտումների կանխարգելումը.

3) Հայաստանի Հանրապետությունում պետական տեղեկատվական համակարգի միջոցով  ծառայություններ մատուցելու խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.

4) օտարերկրյա պետական տեղեկատվական համակարգերի եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.

5) կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների եւ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման եւ զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի եւ թվային տնտեսության ձեւավորման նպատակով Կառավարության քաղաքականության մշակմանը մասնակցելը.

6) պետական տեղեկատվական համակարգի կառավարման ապահովումը.

7) նույնականացման, թվային ստորագրության եւ գաղտնագրման ծրագրային ապահովումների մշակման կազմակերպման եւ ղեկավարման աշխատանքները.

8) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր, այդ թվում՝ նորմատիվ բնույթի:

3. Հանձնաժողովը սույն օրենքի կիրառման վերաբերյալ կարող է հրապարակել խորհրդատվական բնույթի ցուցումներ, ուղեցույցներ:

Հոդված 5.  Հանձնաժողովի կազմը եւ անդամներին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովը կազմված է 5 անդամից՝ նախագահ եւ 4 անդամ:

2. Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող անձը, որն ունի.

1) առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 5 տարին քաղաքական, ինքնավար, վարչական կամ հայեցողական պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառներում եւ,

2) ունեն կիբեռանվտանգության, տվյալների մշակման, պաշտպանության, օգտագործման կամ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտների օրենսդրության վերաբերյալ գիտելիքներ, որոնք կարող են հաստատվել գործատուի կողմից տրված աշխատանքային փորձի կամ կատարված աշխատանքի նկարագրության վերաբերյալ կամ այլ տեղեկատվությամբ:

Հոդված 6.  Հանձնաժողովի կազմավորման կարգը

1. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ Հանձնաժողովի անդամ:

3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը՝

1) չի համապատասխանում սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար.

5) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

6) ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

4. Հանձնաժողովի նախագահի եւ անդամների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Կառավարությունը Հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելիս պետք է առաջնորդվի առավելագույնս տարբեր մասնագիտական կարողություններով եւ գիտելիքներով օժտված թեկնածուներ առաջադրելու սկզբունքով՝ սույն օրենքով սահմանված իրավասությունների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:

5. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի պաշտոնում թեկնածուն առաջադրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Կառավարությունը սահմանված ժամկետում Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու չի առաջադրվում, ապա կրկին անգամ այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

 6. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հոդված 7. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը

1. Հանձնաժողովի նախագահը եւ մյուս անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի եւ Հանձնաժողովի առաջին կազմի:

2. Հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակումը մինչեւ այդ պաշտոնի թափուր դառնալը կատարվելու դեպքում Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետն սկսվում է այդ պաշտոնը թափուր դառնալու օրվանից:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախորդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակահատվածը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը: Այն դեպքում, երբ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է այդ պաշտոնը զբաղեցրած անդամի՝ Հանձնաժողովի նախագահ նշանակվելու հետեւանքով, ապա այդ թափուր պաշտոնում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածով: Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը:

4. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչեւ իր՝ որպես Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը:

5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչեւ նրա 65 տարին լրանալը:

Հոդված 8. Հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքները

1. Հանձնաժողովի անդամն անկախ է եւ գործում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են հանցագործության հատկանիշներ:

3. Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում Հանձնաժողովի իրականացրած վարչական վարույթի հետ կապված, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների եւ չարաշահումների քննության դեպքի:

4. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել Գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ՝ Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահին:

Հոդված 9. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, հանդիսանալ որեւէ կուսակցության անդամ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

2. Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:

Հոդված 10. Հանձնաժողովի նախագահը
 

1. Հանձնաժողովի նախագահը՝

1) իր իրավասության շրջանակում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային եւ այլ կազմակերպություններում, համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաեւ միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ, կարող է կնքել հուշագրեր եւ իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր.

2) ղեկավարում եւ համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով տալիս է հանձնարարականներ, սահմանում է Հանձնաժողովի անդամների համակարգման ոլորտները, ըստ ոլորտների կատարում է աշխատանքի բաշխում Հանձնաժողովի անդամների միջեւ.

3) հրավիրում եւ նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում է նիստի օրակարգը.

4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները.

5) համակարգում եւ ապահովում է Հանձնաժողովի, նրա անդամների բնականոն աշխատանքը.

6) Հանձնաժողովի անդամների եւ իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ՝ համապատասխանության գնահատում, մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ, իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ.

7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների եւ եզրակացությունների կատարումը.

8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:

Հոդված 11. Հանձնաժողովի անդամը

1. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին եւ քվեարկում, Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով եւ առաջարկություններով.

2) մեծամասնության կարծիքից տարբերվող կարծիք ունենալու դեպքում ներկայացնում է հատուկ կարծիք.

3) իր լիազորությունների սահմաններում համակարգում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ եւ դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն, ապահովում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականների իրականացումը.

4) իր լիազորությունների սահմաններում հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ, համագործակցում է այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ.

5) իր լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր.

6) Հանձնաժողով եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ:

Հոդված 12. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

2) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.

3) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

4) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.

5) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նրա նկատմամբ պաշտոնավարման ընթացքում կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

7) նա մահացել է.

8) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) նա պարբերաբար չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.

6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին, կամ առկա են եղել նշանակումը խոչընդոտող հիմքեր:

3. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:

4. Հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

5. Ազգային ժողով հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ:

6. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, իսկ այլ հիմքով Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին գրավոր տեղեկացնում է վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, որին պետք է համապատասխանի Հանձնաժողովի տվյալ անդամը:

Հոդված 13.  Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները

1. Հանձնաժողովի օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար ձեւավորվում են հիմնական եւ աջակցող մասնագիտական ստորաբաժանումներ:

2. Հանձնաժողովի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է: Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ այլ օրենքներով:

3. Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվում են Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներ:

4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Հոդված 14. Հանձնաժողովի անդամների եւ ծառայողների վարձատրությունը

1. Հանձնաժողովի անդամների եւ քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, հիմնական մասնագիտական ստորաբաժանումների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների համար ապահովվում է յուրաքանչյուր աշխատողի կոմպետենցիաների (գիտելիքների, ունակությունների, հմտությունների եւ վարքագծի պարտադիր պահանջների ամբողջություն) շրջանակին համապատասխանող վարձատրություն՝ հաշվի առնելով «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Կիբեռանվտանգության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 19-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների աշխատողների համադրելի կոմպետենցիաների համար աշխատանքի շուկայում վարձատրության միջին չափերը: Սույն մասում նշված կազմակերպությունների համադրելի կոմպետենցիաներով աշխատողների շուկայական վարձատրության վերաբերյալ տեղեկատվություն Հանձնաժողովը ստանում է հարկային մարմնից, որը տեղեկատվություն տրամադրում է Հանձնաժողովի դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժաղովը կարող է նաեւ նշված տեղեկատվությունը ստանալ սույն մասում նշված կազմակերպություններից: Աշխատողների աշխատանքի շուկայում վարձատրության միջին չափերը որոշելու համար հիմք է ընդունվում հարկային մարմնի հետ ճշգրտված տեղեկատվությունը:

3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների վարձատրության մեթոդաբանությունը հաստատում է Հանձնաժողովը:

4. Հանձնաժողովում պարգեւատրումների կարգը, բացառությամբ քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատականի հիման վրա պարգեւատրման կարգի, հաստատում է Հանձնաժողովը:

Հոդված 15. Հանձնաժողովի գործունեությունը

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությանը, սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան եւ իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է:

2. Հանձնաժողովի գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:

Հոդված 16. Հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը՝

1) իրականացնում է վերահսկողություն տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության պահպանման նկատմամբ.

2) տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում ընդունում է կարգավորող իրավական ակտեր եւ իրականացնում է օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ, այդ թվում՝

ա. հաստատում է խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ.

բ. իրազեկում է հանրությանը տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառին առնչվող հարցերի մասին.

գ. տալիս է պարզաբանումներ տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.

դ. օրենքով նախատեսված դեպքերում տալիս է եզրակացություն.

ե. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում այն գործողությունների կամ վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմանը կամ այդ բնագավառներում մեծացնել անվտանգային ռիսկերը, այդ ուղղությամբ ընդունում է կարգավորող ակտեր.

3) հարուցում է տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը եւ հետագայում բացառել այն.

4) իրականացնում է վերահսկողություն՝ Հանձնաժողովի որոշումների կատարման (պահպանման) նկատմամբ.

5) կազմակերպում է կիբեռանվտանգությանը սպառնացող ռիսկերի մոնիտորինգ, վերլուծություն եւ իրականացնում է պետական ու օրենքով նախատեսված այլ տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովում.

6) իրականացնում է թվային ճարտարապետության մշակում, կառավարում, զարգացում, հոսթինգ եւ հասանելիության ապահովում, այդ թվում՝ պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին եւ կենտրոնական հարթակներին հասանելիության ապահովում թվային անվտանգ միջավայրում.

7) կազմակերպում է ազգային նույնականացման շերտի մշակման, կառավարման, զարգացման եւ անխափան հասանելիության ապահովման աշխատանքները.

8) կազմակերպում է հանրային տեղեկությունները ամպային տիրույթում տեղակայման կառուցակարգերի մշակումը,  կառավարումը եւ զարգացումը.

9) սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ դիմում է պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի կամ դրանց պաշտոնատար անձի վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձին կամ դրանց պաշտոնատար անձանց.

10) դիմում է դատարան՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց եւ դրանց պաշտոնատար անձանց տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները եւ անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով, եթե այդ վեճը հնարավոր չէ լուծել վարչական կարգով կամ բանակցությունների արդյունքում.

11) օրենքով սահմանված դեպքում դիմում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով.

12) ամփոփում է տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության կիրառման փորձը եւ առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.

13) մասնակցում է տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը.

14) հաստատում է իր աշխատակարգը.

15) սահմանում է Հանձնաժողովի վարչական վարույթի վերաբերյալ գործերի եւ վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ Հանձնաժողովի գործավարության կարգը.

16) սահմանում է տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում խախտումների վերաբերյալ արձանագրությունների ձեւը.

17) գնահատում է անձը հաստատող փաստաթղթի տվյալների կրիչի տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը օրենքով եւ դրա հիման վրա ընդունված ակտերով սահմանված պահանջներին.

18) սահմանում է Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը.

19) սահմանում է Հանձնաժողովում տեղեկությունների դասակարգման կարգը.

20) օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում եւ ապահովում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռանվտանգությունը.

21) օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում եւ իրականացնում է կիբեռանվտանգության միջադեպերին արձագանքման գործառույթները, համակարգում է կիբեռմիջադեպերի կանխարգելումը.

22) համագործակցում է քաղաքացիական հասարակության կառույցների հետ.

23) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացման ժամանակ եւ օրենքով նախատեսված այլ դեպքերում կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ, ներքին եւ անհատական բնույթի իրավական ակտեր:

3.Հանձնաժողովի օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ հայտնի դառնալու դեպքում եռօրյա ժամկետում Հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով: Անդրսահմանային կիբեռմիջադեպերի մասին հատկանիշներ հայտնի դառնալու դեպքում Հանձնաժողովը, նախքան այն կիբեռմիջադեպի հնարավոր դերակատարին վերագրելը, տեղեկացնում է արտաքին հարաբերությունների ոլորտում լիազորված մարմնին եւ հրապարակային հայտարարությունները նախօրոք քննարկում է այդ մարմնի հետ:

4.Հանձնաժողովի նախագահն ընդունում է անհատական եւ ներքին իրավական ակտեր՝ որոշումներ ու կարգադրություններ:

Հոդված 17.Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները

1. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ:

2. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները ընդունվում են գրավոր, բացառությամբ ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չընդունելու (այդ թվում՝ դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու, նիստից հեռացնելու մասին որոշումները եւ այլն) դեպքերի: Հանձնաժողովի հայեցողությամբ այդ որոշումները եւս կարող են ձեւակերպվել գրավոր:

3. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, պետական մարմնի միջնորդությամբ կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա կարող է պարզաբանել իր որոշումները եւ եզրակացությունները՝ առանց փոխելու դրանց բովանդակությունը:

Հոդված 18. Հանձնաժողովի նիստերը, քննարկումները եւ դրանց անցկացման կարգը

1. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները ընդունվում են նիստում:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի պահանջով, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված այլ դեպքերում:

3. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ այլ վայրում:

4. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անդամը:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն երեք անդամ:

6. Հանձնաժողովի նիստերը կարող են կազմակերպվել հեռավար: Հանձնաժողովի անդամը նիստին կարող է մասնակցել հեռավար՝ Հանձնաժողովի նիստը նախագահողի համաձայնությամբ:

7. Հանձնաժողովի նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը:

8. Նիստին մասնակցող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն: Նիստի ընթացքում լուսանկարահանումը եւ տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են նախագահողի թույլտվությամբ:

9. Եթե նիստին ներկա անձանցից որեւէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու եւ նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ:

10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Գրավոր արձանագրությունն ստորագրում են Հանձնաժողովի՝ նիստին մասնակցած բոլոր անդամները:

Հոդված 19. Հարցի քննարկմանը եւ քվեարկությանը Հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինությունը

1. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը եւ քվեարկությանը, եթե առկա է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված բացարկ հայտնելու հիմքերից որեւէ մեկը:

2. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ գրավոր կամ բանավոր Հանձնաժողով ինքնաբացարկ ներկայացնել՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները:

3. Հանձնաժողովի անդամը կարող է քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովի այլ անդամին բացարկ հայտնելու հարցը:

4. Հանձնաժողովի նիստը նախագահողը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ:

5. Հարցի քննարկումից հետո Հանձնաժողովը կայացնում է որոշում: Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաեւ բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը:

6. Ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման դեպքում այդ անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը եւ քվեարկությանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի կամ բացարկի հիմք:

Հոդված 20. Հանձնաժողովի որոշումների եւ եզրակացությունների ընդունման  կարգը

1. Հանձնաժողովի նիստերում որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:

2. Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

3. Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ տարբերվող կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը մեկ օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք: Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքն ստորագրվում եւ կցվում է համապատասխան որոշմանը կամ եզրակացությանը:

4. Հանձնաժողովի ընդունած որոշումը եւ եզրակացությունը Հանձնաժողովի նախագահն ստորագրում է մեկ օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:

5. Հանձնաժողովի ընդունած որոշումը կամ եզրակացությունը, որն ընդունվել է որոշակի դիտողությունների եւ առաջարկությունների ներկայացմամբ, դրանց համապատասխան լրամշակվում եւ Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվում է հինգ օրվա ընթացքում:

6. Հանձնաժողովի որոշումները կամ եզրակացությունները, մինչեւ սահմանված կարգով ընդունվելը, կարող են քննարկվել շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ իրավաբանական անձանց որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց մասնակացությամբ: Շահագրգիռ կողմերի հետ Հանձնաժողովի որոշումները կամ եզրակացությունները քննարկելու կարգը հաստատում է Հանձնաժողովը:

Հոդված 21. Հանձնաժողովի որոշումների եւ եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը եւ ուժի մեջ մտնելը

1. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ստորագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում ուղարկվում են հասցեատիրոջը: Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների:

2. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի նախագահի ստորագրման պահից, եթե այդ որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Հանձնաժողովի ընդունած վարչական ակտերը եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

3. Հանձնաժողովի եզրակացություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

4. Պետական տեղեկատվական համակարգի եւ կիբեռանվտանգության բնագավառի հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության կատարումը պարտադիր է: Եզրակացությամբ չառաջնորդվելը հիմք է հանդիսանում հանրային տեղեկություններին հասանելիությունը սահմանափակելու կամ հասանելիություն չտրամադրելու կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար:

Հոդված 22.  Պետական  եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ իրավաբանական անձանց պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ, նյութեր եւ տեղեկություններ, եթե նշված տվյալները, նյութերը եւ տեղեկությունները պահանջելու մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

2. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ տվյալներ, նյութեր եւ տեղեկություններ պահանջելիս Հանձնաժողովը տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաեւ սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տվյալներ, նյութեր եւ տեղեկություններ ներկայացնելու իրավական հետեւանքների մասին:

3. Հիմնավոր միջնորդության հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել համապատասխանաբար՝ Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ:

4. Հանձնաժողովը կարող է ստանալ եւ լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը:

Հոդված 23. Գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանումը

1. Առեւտրային, պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի նախագահը, անդամները, հանրային ծառայողները եւ աշխատողները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունները, ինչպես նաեւ օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:

3. Սույն օրենքի իմաստով ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկություններ են համարվում նաեւ Հանձնաժողովի հանրային ծառայողներին եւ աշխատողներին իրենց ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կատարելու ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, այդ թվում՝ Հանձնաժողովի օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում կիբեռանվտանգության, տեղեկատվական համակարգերի անվտանգության գործիքների կիրառման, տեխնոլոգիական եւ ծրագրային լուծումների, ինչպես նաեւ վերահսկողության եւ հսկողության տվյալների վերաբերյալ, բացառությամբ՝ հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների:

4. Հանձնաժողովը կարող է սահմանել ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունների ցանկ եւ պահպանության տարբեր աստիճաններ, ինչպես նաեւ դրանց օգտագործման կարգը:

5. Սույն հոդվածում նշված տեղեկությունների հրապարակման հետեւանքով հասցված վնասը ենթակա է փոխհատուցման օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

1. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները:

2. Հանձնաժողովի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատում է Հանձնաժողովը:

3. Հանձնաժողովի հաստիքացուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, քաղաքացիական աշխատանք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:

Հոդված 25. Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը եւ բողոքարկումը

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված կարգավորումները:

2. Հանձնաժաղովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ տուգանք կիրառելու մասին որոշման (այսուհետ՝ հանրային իրավական դրամական պահանջ), ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, եւ դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

3. Այն դեպքում, երբ հանձնաժողովի որոշումը, բացի հանրային իրավական դրամական պահանջից, ներառում է նաեւ այլ կարգավորումներ, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունը կիրառվում է միայն հանրային իրավական դրամական պահանջի մասով:

Հոդված 26. Հանձնաժողովի ֆինանսավորումը

1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում եւ Կառավարություն է ներկայացնում Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

3. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում փոփոխված ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում: Պետական բյուջեի նախագծի հետ միասին Ազգային ժողով է ներկայացվում նաեւ Հանձնաժողովի հայտը:

Հոդված 27. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը

1. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է նախորդ տարվա ընթացքում Հանձնաժողովի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

2. Հաղորդումը Ազգային ժողովում քննարկվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:

Հոդված 28. Վերահսկողություն եւ համապատասխանության գնահատում իրականացնելը

1. Օրենքով նախատեսված դեպքերում, օրենքով եւ այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում եւ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի՝ պատասխանատվության միջոցներ կիրառում է Հանձնաժողովը՝ սույն օրենքով սահմանված կարգով համապատասխանության գնահատում իրականացնելու միջոցով:

2.  Կիբեռանվտանգության ոլորտում օրենքով նախատեսված կարգավորող եւ վերահսկող այլ մարմին առկա չլինելու կամ կարգավորող եւ վերահսկող այլ մարմնի կիբեռանվտանգության ապահովման ոլորտում գործառույթների իրականացման իրավական հիմքերի բացակայության դեպքում իրավաբանական անձի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը՝ սույն օրենքով սահմանված կարգով:

3. Օրենքով նախատեսված համապատասխան գործառույթների առկայության դեպքում իրավաբանական անձի նկատմամբ սույն օրենքով եւ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված վերահսկողությունն իրականացնում է կարգավորող եւ վերահսկող մարմինը: Սույն մասով իրականացվող վերահսկողությունից հետո մեկ ամսվա ընթացքում համապատասխան կարգավորող եւ վերահսկող մարմինը վերահսկողության արդյունքների մասին տեղեկացնում է Հանձնաժողովին:

4.  Հանձնաժողովը իրավաբանական անձանց նկատմամբ օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ընթացքում համապատասխան կարգավորող եւ վերահսկող մարմինների հետ համագործակցությունն ապահովվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Համապատասխանության գնահատումն իրականացնում է Հանձնաժողովի կողմից ստեղծվող համապատասխանության գնահատում իրականացնելու համար լիազորված խումբը (այսուհետ՝ գնահատող խումբ):

6. Համապատասխանության գնահատումներն անցկացվում են Հանձնաժողովի որոշմամբ՝ Հանձնաժողովի տարածքում: Առանձին դեպքերում, Հանձնաժողովի որոշմամբ, գնահատող խմբի անդամները վերահսկվող անձի մոտ կարող են իրականացնել տեղեկատվական համակարգերի տեխնիկական եւ ֆիզիկական անվտանգության պահանջների համապատասխանության գնահատում: Սույն մասում նշված որոշման մեջ նշվում են վերահսկվող անձի անվանումը, համապատասխանության գնահատման նպատակը, ուղղությունները (ոլորտները), գնահատող խմբի կազմը, այդ թվում՝ ղեկավարը, համապատասխանության գնահատում անցկացնելու սկիզբը եւ ավարտը:

7. Սույն օրենքի հիման վրա համապատասխանության գնահատման արդյունքում կազմված հաշվետվություններում եւ եզրակացություններում (տեղեկանքներում) պարունակվող տեղեկությունները համարվում են ծառայողական օգտագործման համար տեղեկություններ, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով:

8. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում կարգավորող եւ վերահսկող այլ մարմինը վերահսկողություն իրականացնում է օրենքներով եւ այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

9. Հանձնաժողովը համապատասխանության գնահատում իրականացնելիս իրավունք ունի ստանալու այլ պետական մարմինների աջակցությունը:

10. Հանձնաժողովը կարող է համապատասխանության գնահատման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների:

11. Հանձնաժողովը կարգավորող եւ վերահսկող այլ մարմինների կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է մշտադիտարկման միջոցով՝ նշված մարմիններից ստացված, օրենքով սահմանված աուդիտի արդյունքների հիման վրա:

12.Սույն հոդվածը չի տարածվում Հանձնաժողովի կողմից կնքված պայմանագրերի պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող ստուգումների դեպքերի վրա: Պայմանագրերի պայմանների նկատմամբ իրականացվող ստուգումների կարգը հաստատում է Հանձնաժողովը:

Հոդված 29. Համապատասխանության գնահատման պայմանները

1. Համապատասխանության գնահատումներն անցկացվում են վերահսկվող անձի տեղեկատվական համակարգերին հասանելիություն ապահովելու միջոցով եւ տեղեկատվական համակարգերի ու կիբեռանվտանգության ապահովման պահանջներին վերաբերող տվյալների, նյութերի եւ տեղեկությունների, դրանցում կատարված փոփոխությունների, վերաբերող պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի), տեխնիկական առաջադրանքների, անկախ աուդիտորական եզրակացությունների ուսումնասիրության եւ վերլուծության միջոցով:

2. Համապատասխանության գնահատման ընթացքում, առանց գնահատող խմբի ղեկավարի թույլտվության, կողմնակի անձանց մուտքը գնահատող խմբի աշխատանքային տարածք արգելվում է:

3. Համապատասխանության գնահատում իրականացնելիս կարող են կիրառվել համակարգչային տեխնոլոգիաներ եւ այլ տեխնիկական կամ ծրագրային միջոցներ, էլեկտրոնային եւ այլ սարքավորումներ, կրիչներ, թվային տիրույթում կատարվել գործողություններ՝ ուղղված համապատասխանության գնահատման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը:

Հոդված 30. Վերահսկվող անձի պարտականությունները

1. Վերահսկվող անձը պարտավոր է ՝

1) ապահովել տեղեկատվական համակարգերին եւ կիբեռանվտանգության ապահովման պահանջներին վերաբերող տվյալների, նյութերի եւ այլ տեղեկությունների, դրանցում կատարված փոփոխությունների, վերաբերող պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների եւ այլն), տեխնիկական առաջադրանքների, անկախ աուդիտորական եզրակացությունների տրամադրումը գնահատող խմբին, ինչպես նաեւ ապահովել գնահատող խմբի հասանելիությունը տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային ծրագրերին՝ անկախ այն հանգամանքից դրանք պարունակում են առեւտրային գաղտնիք կազմող տեղեկություններ կամ անձնական տվյալներ, թե ոչ.

2) պարտավոր է կատարել գնահատող խմբի ղեկավարի օրինական պահանջները, ինչպես նաեւ գնահատող խմբի ղեկավարին եւ անդամներին ներկայացնել գրավոր եւ բանավոր բացատրություններ, տեղեկություններ եւ պարզաբանումներ համապատասխանության գնահատման ենթակա հարցերի վերաբերյալ:

2. Արգելվում է համապատասխանության գնահատման ընթացքում խոչընդոտել կամ միջամտել գնահատող խմբի անդամների օրինական գործողություններին: Գնահատող խմբի անդամները կարող են մասնակցել վերահսկվող իրավաբանական անձի կոլեգիալ գործադիր մարմնի (տնօրենների խորհրդի) նիստերին եւ ներկայացնել եւ քննարկել համապատասխանության գնահատման արդյունքները, հնարավոր հետեւանքները:

Հոդված 31. Գնահատող խմբի իրավունքները եւ պարտականությունները: Հանձնաժողովի պատասխանատվությունը

1. Գնահատող խումբը համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով իրավասու է՝

1) վերահսկվող անձից, նրա ղեկավարներից եւ իրավասու աշխատողներից պահանջել համապատասխանության գնահատման ենթակա տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային ծրագրերին հասանելիություն, տվյալներ, նյութեր եւ տեղեկություններ.

2) վերահսկվող անձի ղեկավարությանը եւ իրավասու աշխատողներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են համապատասխանության գնահատման անհրաժեշտությունից եւ նպատակից:

2. Գնահատող խումբը պարտավոր է համապատասխանության գնահատումն իրականացնել սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով: Գնահատող խումբը պարտավոր է աշխատանքների ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանության գնահատման վերաբերյալ հաշվետվությունը, եզրակացությունը (տեղեկանքները) ներկայացնել Հանձնաժողովի նախագահին:

3. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում գնահատող խմբի անդամներին ժամանակավորապես տրամադրված տվյալների, նյութերի եւ տեղեկությունների պահպանության, ապահովության եւ վերադարձելիության համար:

Հոդված 32. Համապատասխանության գնահատման ուղղությունները (ոլորտները) եւ ամփոփումը

1. Հանձնաժողովը կարող է համապատասխանության գնահատում իրականացնել հետեւյալ ուղղություններով (ոլորտներով)՝

1) օրենքով նախատեսված կարգով տեղեկատվական համակարգերի եւ պետական տեղեկատվական համակարգի անվտանգության ապահովման գնահատում.

2) օրենքի պահանջներին պաշտոնական կայքերի կամ դրանց բջջային հավելվածների գնահատում.

3) տեղեկությունների եւ տվյալների օրենքով սահմանված կարգով օգտագործման եւ պահպանության գնահատում.

4) տեղեկատվական մուտքի հարթակի, տվյալների փոխանակման շերտի օգտագործման, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման եւ դադարեցման գնահատում.

5) տվյալների կառավարման, ամպային տիրույթում տեղակայման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման եւ տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների գնահատում.

6) կիբեռհարձակման կամ կիբեռմիջադեպերի պատճառների ու հետեւանքների գնահատում, ձեռնարկաված միջոցառումների օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջների գնահատում.

7) որակավորված աուդիտորի կողմից կիբեռանվտանգության աուդիտի արդյունքներով կազմված հաշվետվության պահանջների կատարման կամ բացահայտված թերությունների վերացման գնահատում:

2. Համապատասխանության գնահատման ընթացքում կարող է կատարվել վերլուծություն եւ գնահատում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր ուղղություններով (ոլորտներով) կամ դրանց մի մասով:

3. Հանձնաժողովի նախագահն իրավասու է, մինչեւ համապատասխանության գնահատումը սկսելը, վերահսկվող անձից պահանջել Հանձնաժողով ներկայացնել համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ տվյալները, նյութերը եւ տեղեկությունները: Այդ դեպքում վերահսկվող անձը պարտավոր է Հանձնաժողովի նախագահի գրավոր պահանջը կատարել հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե գրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

4. Համապատասխանության գնահատման ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վերահսկվող անձի ղեկավարների, գնահատող խմբի անդամների եւ Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված այլ մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է համապատասխանության գնահատման արդյունքների քննարկում: Քննարկումը կազմակերպում, մասնակիցների ցանկը Հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցնում եւ հրավերները փոխանցում է գնահատող խմբի ղեկավարը:

5. Հանձնաժողովի գրավոր պահանջով վերահսկվող անձը պարտավոր է ապահովել համապատասխանության գնահատման արդյունքների ներկայացումը կազմակերպության մասնակիցներին, ինչպես նաեւ վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունն համապատասխանության գնահատման արդյունքների քննարկմանը: Նշված անձանց բացակայությունը հիմք չէ քննարկումը չիրականացնելու համար: Քննարկմանը կարող են հրավիրվել նաեւ տվյալ կազմակերպությունում աուդիտ անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները: Քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

6. Քննարկման արդյունքների հիման վրա, Հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ժամկետում, գնահատող խումբը կազմում է համապատասխանության գնահատման հաշվետվություն:

7. Հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից, որոնք ստորագրում են գնահատող խմբի անդամները: Հաշվետվության մեկ օրինակը փոխանցվում է վերահսկվող անձի ղեկավարությանը:

8. Վերահսկվող անձի գործադիր մարմինը կամ նրա նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցն իրավունք ունեն հաշվետվության վերաբերյալ ներկայացնել իրենց գրավոր առարկություններն ու բացատրությունները՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 33. Խախտման արձանագրումը

1. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող խումբը Օրենքների, Հանձնաժողովի որոշումների եւ իրավական այլ ակտերի պահանջների խախտումներն արձանագրում է արձանագրություն (այսուհետ՝ արձանագրություն) կազմելու միջոցով:  Արձանագրությունը ստորագրում են գնահատող խմբի բոլոր անդամները: Արձանագրությունը գնահատող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահից խախտումը համարվում է սույն օրենքով սահմանված կարգով արձանագրված: Խախտումն արձանագրելու պահից սկսվում է պատասխանատվության միջոցի կիրառման վարույթը (այսուհետ՝ վարույթ), որն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված կարգավորումները:

2. Արձանագրության մեջ մանրամասնորեն նկարագրվում է խախտումը եւ նշվում է օրենքի, հանձնաժողովի որոշման կամ իրավական այլ ակտի նորմը, որը խախտվել է, ինչպես նաեւ պատասխանատվության միջոցը, որը ենթակա է կիրառման:

3. Արձանագրությունը կազմելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում այն գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված անձի գործադիր մարմնի ղեկավարին:

4. Արձանագրությունը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում վերահսկվող անձը ստորագրում է արձանագրությունը եւ առձեռն հանձնում Հանձնաժողով: Արձանագրությանը կից կարող է ներկայացվել ստորագրված գրավոր բացատրություններ կամ պարզաբանումներ:

Հոդված 34. Պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը եւ պատասխանատվության միջոցները

1. Հանձնաժողովը համապատասխանության գնահատման արձանագրության հիման վրա կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, եթե խախտվել են Օրենքների, Հանձնաժողովի որոշումների եւ իրավական այլ ակտերի պահանջները:

Հոդված 35. Համապատասխանության գնահատմանը խոչընդոտելը

1. Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարման խոչընդոտում է համարվում վերահսկվող անձի կամ անձի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կամ նրա աշխատակցի կամ այլ ներկայացուցչի կողմից սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ տվյալներ, նյութեր կամ տեղեկություններ չներկայացնելը կամ տեղեկատվական համակարգին հասանելիություն չապահովելը կամ համապատասխանության գնահատման արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելը կամ այլ կերպ համապատասխանության գնահատմանը խոչընդոտելը, որն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 36. Հանձնաժողովի կողմից մշտադիտարկում իրականացնելը

1. Պետական տեղեկատվական համակարգի անխափան գործունեությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ այն հնարավոր խոցելիություններից պաշտպանելու նպատակով Հանձնաժողովը կարող է իրականացնել մշտադիտարկում՝ Հանձնաժողովի տարածքում: Մշտադիտարկման ընթացքում իրականացվում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով եւ Հանձնաժողովի որոշումներով ու եզրակացություններով սահմանված պահանջների ապահովման վերլուծություն: Տեղեկատվական համակարգի կառավարչի համաձայնությամբ մշտադիտարկում կարող է իրականացվել իր տարածքում: Տարեկան մշտադիտարկումների ծրագիրը հաստատում է Հանձնաժողովը:

2. Մշտադիտարկում է համարվում օրենքով նախատեսված պետական տեղեկատվական համակարգերի, փոխանակման շերտի, ինչպես նաեւ իրավաբանական անձի տիրույթում Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան կարգաբերված եւ փոխանակման շերտի մաս կազմող սարքերի, սարքավորումների եւ ծրագրային ապահովման միջոցների նկատմամբ որոշակի պարբերականությամբ իրականացվող դիտարկումը:

3. Մշտադիտարկում իրականացնելիս կարող են կիրառվել համակարգչային տեխնոլոգիաներ եւ այլ տեխնիկական կամ ծրագրային միջոցներ, էլեկտրոնային եւ այլ սարքավորումներ, կրիչներ, կատարվել այլ գործողություններ՝ ուղղված մշտադիտարկման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը:

4. Մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են մշտադիտարկման ենթակա հարցերը, մշտադիտարկման ժամանակահատվածը, պարբերականությունը, մշտադիտարկում իրականացնող անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Մշտադիտարկման ներքին ընթացակարգը, արդյունքների ամփոփման եւ ներկայացման կարգը հաստատում է Հանձնաժողովը:

5. Հանձնաժողովը պարտավոր չէ մշտադիտարկում իրականացնելու մասին տեղեկացնել մշտադիտարկման ենթակա տեղեկատվական համակարգի կառավարչին:

6. Մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել:

7. Մշտադիտարկման արդյունքում Հանձնաժողովը՝ եզրակացությամբ կամ Հանձնաժողովի նախագահը՝ գրությամբ, կարող են պահանջել ապահովել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի եւ Հանձնաժողովի որոշումների ու եզրակացությունների կիրառումը կամ վերացնել կամ կանխել դրանց խախտումները կամ նվազեցնել ռիսկերը, եթե գտնում է, որ.

1) բացահայտման ենթակա տեղեկությունը սահմանված կարգով չի բացահայտվել կամ սահմանված կարգով չի ապահովվել պաշտոնական վեբ-կայքի պահպանումն ու սպասարկումը.

2) օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասանելիություն է տրվել կամ բացահայտվել է տեղեկություն.

3) չի ապահովվել սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված՝ տեղեկատվական հարթակի, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման եւ դադարեցման պահանջները կամ պայմանները.

4) չի ապահովվել տվյալների կառավարման, ամպային տիրույթում տեղակայման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման եւ տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված պահանջները կամ պայմանները:

 8. Հանձնաժողովն իրավունք ունի սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելուն զուգահեռ սահմանափակել նաեւ տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման հանարավորությունը՝ մինչեւ Հանձնաժողովի եզրակացության կատարումը, եթե ունի հիմնավոր կասկածներ, որ նշված սահմանափակումը չկիրառելը կարող է խափանել պետական տեղեկատվական համակարգի անվտանգ եւ անխափան աշխատանքը:

9.Տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման սահմանափակումը վերացնում է Հանձնաժողովը, եթե ապահովվել է սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի եւ Հանձնաժողովի որոշումների ու եզրակացությունների կիրառումը կամ վերացվել կամ կանխվել են դրանց խախտումները կամ նվազեցվել են ռիսկերը: Տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման սահմանափակումը վերացնելու կարգը հաստատում է Հանձնաժողովը:

10. Համապատասխան մարմինը կամ իրավաբանական անձը պարտավոր է սույն  հոդվածով նախատեսված եզրակացությունը կամ գրությունը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել դրանցով ներկայացված օրինական պահանջները կատարելու ուղղությամբ եւ այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովի նախագահին:

11. Կիբեռանվտանգության ապահովման բնագավառում Հանձնաժողովը մշտադիտարկումներ իրականացնում է «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 37. Հանձնաժողովի օրինական պահանջները չկատարելու հետեւանքները

1. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ իրավաբանական անձը չի կատարում Հանձնաժողովի օրինական պահանջները, ապա Հանձնաժողովը.

1) դիմում է տվյալ մարմնի վերադաս մարմնին կամ համապատասխան պաշտոնատար անձին՝ պարտականությունների կատարման մեջ թերացած անձի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու գործընթաց սկսելու համար.

2) սույն օրենքով սահմանված կարգով նախաձեռնում է համապատասխանության գնահատում սկսելու գործընթաց.

3) սահմանափակում է տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման հանարավորությունը՝ մինչեւ Հանձնաժողովի օրինական պահանջների կատարումը, եթե ունի հիմնավոր կասկածներ, որ նշված սահմանափակումը չկիրառելը կարող է խափանել պետական տեղեկատվական համակարգի անվտանգ եւ անխափան աշխատանքը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հետեւանքը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ 1-ին կամ 2-րդ կետերի հետ միաժամանակ:

3. Կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու  իրավունք ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ եւ արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

4. Տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտին հասանելիությունը վերակագնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:

ՀՈԴՎԱԾ 38. Պետական տեղեկատվական համակարգին եւ կիբեռանվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության հիմքերը

1. Հանձնաժողովը եզրակացություններ ընդունում է օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

2. Օրենքով նախատեսված դեպքերում եզրակացություն ստանալու նպատակով Հանձնաժողով դիմելու իրավունք ունեն պետական, տեղական ինքնակառավարման մարմինները եւ իրավաբանական անձինք:

3. Եզրակացություն ստանալու նպատակով Հաձնաժողով դիմելու կարգը հաստատում է Հանձնաժողովը:

Հոդված 39. Եզրակացություն տալու կարգը

1. Պետական տեղեկատվական համակարգի եւ կիբեռանվտանգության բնագավառի հարցերի վերաբերյալ եզրակացություն Հանձնաժողովը տրամադրում է պետական, տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ տասնհինգ աշխատանքային օրով:

3. Նախքան եզրակացության ընդունումը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին՝ եզրակացության ընդունման համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու պահանջով, ինչպես նաեւ ստանալ քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, դիմումատուին կամ նրա պաշտոնատար անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ քննարկման:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունների բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացություն ընդունում է այդ տեղեկությունների բացակայությամբ՝ նշելով դրա նշանակությունը եւ ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ:

Հոդված 40.  Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության իրավական հիմքերը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքով:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Հոդված 41. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների պաշտոնների համակարգը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) գլխավոր պաշտոններ.

2) առաջատար պաշտոններ.

3) կրտսեր պաշտոններ:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների գլխավոր պաշտոնները դասակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի:

3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների առաջատար պաշտոնները դասակարգվում են հետեւյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ առաջին դասի ավագ մասնագետ.

2) 2-րդ ենթախումբ՝ երկրորդ դասի ավագ մասնագետ.

3) 3-րդ ենթախումբ՝ երրորդ դասի ավագ մասնագետ:

4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների կրտսեր պաշտոնները դասակարգվում են հետեւյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետեւյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ՝ առաջին դասի կրտսեր մասնագետ.

2) 2-րդ ենթախումբ՝ երկրորդ դասի կրտսեր մասնագետ.

3) 3-րդ ենթախումբ՝ երրորդ դասի կրտսեր մասնագետ:

5. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի  ծառայողների պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

6. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայության պաշտոնների դասակարգումը սահմանում է Հանձնաժողովը, որի համար կողմնորոշիչ նշանակություն ունեն սույն հոդվածում նշված պաշտոնների դասակարգումները:

Հոդված 42. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

1) ունի բարձրագույն կրթություն.

2) տիրապետում է հայերենին.

3) բավարարում է պաշտոնին ներկայացվող՝ սույն օրենքով նախատեսված պահանջները, եւ առկա չեն պաշտոնի նշանակման համար սույն օրենքով սահմանված սահմանափակումները:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից.

4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.

6) որն ունի Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ.

7) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:

Հոդված 43. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի նշանակելու պայմանները

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում ծառայողների՝ գործառույթից կախված որակավորման պահանջները սահմանում է Հանձնաժողովը, որի համար Միջազգային հավատարմագրման ֆորումի բազմակողմ ճանաչման համաձայնագրին միացած ազգային հավատարմագրման մարմինների կողմից ISO/IEC 17024 ստանդարտով հավատարմագրված հավաստագրման մարմինների կողմից տրված որակավորումները կրում են կողմնորոշիչ բնույթ:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնի նշանակման պայմանները հաստատում է Հանձնաժողովը:

3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները  համալրվում են Հանձնաժողովի սահմանած կարգով եւ պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա կամ փոխադրման կարգով  կամ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվից պաշտոնների համալրման կարգով:

4. Եթե տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության թափուր պաշտոնը չի զբաղեցվում փոխադրման կարգով կամ կադրերի ռեզերվից կամ սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով, ապա կարող է զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով: Սույն մասով սահմանված պայմանագիրը կնքվում է առավելագույնը վեց ամիս ժամկետով եւ այն անձի հետ, որը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

5. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվից պաշտոնների համալրման նպատակով Հանձնաժողովի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կարող է առաջարկություն ներկայացնել Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայության կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ, եթե նա բավարարում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

6. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված առաջարկությունը կարող է ներկայացվել, եթե թափուր պաշտոնը չի գերազանցում կադրերի ռեզերվում գտնվող ծառայողի վերջին պաշտոնի (հաստիքային միավորի) ենթախումբը հաջորդող մեկ ենթախմբով բարձր պաշտոնը:

Հոդված 44. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում սկսնակ մասնագետի ներգրավումը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում որպես սկսնակ մասնագետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով կարող է ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող կամ բակալավրիատի ուսանող հանդիսացող եւ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջից բացի, մյուս պահանջները բավարարող անձը:

2. Սկսնակ մասնագետները Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի սահմանած կարգով անցնում են սկսնակ մասնագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ:

3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում սկսնակ մասնագետները համարվում են քաղաքացիական աշխատանք կատարողներ:

Հոդված 45. Հանձնաժողովում պաշտոնի նշանակելը եւ պաշտոնից ազատելը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է  Հանձնաժողովի նախագահը:

2. Հանձնաժողովի տեխնիկական սպասարկում եւ քաղաքացիական աշխատանք իրականացնող անձանց աշխատանքի ընդունում եւ աշխատանքից ազատում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հանձնաժողովում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի ընդունում եւ աշխատանքից ազատում է Հանձնաժողովի նախագահը:

Հոդված 46. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման եւ փոխադրման կարգով

1. Հանձնաժողովի նախագահը մինչեւ երկու տարի ժամկետով կարող է տեղափոխություն կատարել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր պաշտոն զբաղեցնող  ծառայողների միջեւ, եթե վերջիններս բավարարում են Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում  Հանձնաժողովի նախագահը կարող է նույն կամ այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել թափուր պաշտոնի, եթե նա բավարարում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

3. Փոխադրումից հետո թափուր մնացած պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով նախատեսված մրցույթով կամ կադրերի ռեզերվից:

4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչեւ սահմանված հիմքի վերացումը Հանձնաժողովի նախագահը կարող է այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել այդ պաշտոնին, եթե նա բավարարում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում նրա պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող ծառայողը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակավոր թափուր պաշտոնն առաջանում է՝

1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի դեպքում.

2) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.

3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

4) Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.

5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխադրումն իրականացվում է հավասարազոր կամ տվյալ պաշտոնին հաջորդող մեկ ենթախմբով բարձր Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի:

7. Տեղափոխությունը, փոխադրումն իրականացվում են Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի համաձայնությամբ:

8. Տեղափոխության եւ փոխադրման դեպքերում Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:

9. Տեղափոխության եւ փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ տեղափոխության եւ փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է Հանձնաժողովը:

10. Սույն հոդվածի իմաստով հավասարազոր պաշտոն է համարվում Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների անվանացանկում Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի համապատասխան խմբի նույն ենթախմբում ընդգրկված պաշտոնը:

Հոդված 47. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի առաջխաղացումն առանց մրցույթի

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի (բացառությամբ կադրերի ռեզերվում գտնվող անձանց) առաջխաղացումն առանց մրցույթի իրականացվում է տվյալ պաշտոնի (հաստիքային միավորի) ենթախումբը հաջորդող մեկ ենթախմբով բարձրացնելու եղանակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի առաջխաղացման նպատակով Հանձնաժողովում կազմակերպվում եւ անցկացվում է համապատասխան պաշտոնի առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման գործընթաց, որի արդյունքով որոշվում է ծառայողի առաջխաղացման հարցը:

3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայողի առաջխաղացման նպատակով կատարողականի գնահատման գործընթացի կազմակերպման եւ արդյունքների ամփոփման կարգը եւ ձեւաչափը սահմանում է Հանձնաժողովը:

Հոդված 48. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:

Հոդված 49. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոնից ազատվելը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը պաշտոնից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

3) հաստիքների կրճատման դեպքում, եթե Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

4) Կառավարության հաստատած հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալու դեպքում.

5) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

7) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

8) նրա նկատմամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը նշանակելու դեպքում.

9) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը.

10) սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկն ի հայտ գալու դեպքում.

11) երկու տարի անընդմեջ իր մեղքով շարունակական մասնագիտական զարգացման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.

12) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

Հոդված 50. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի իրավունքները

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեությանը վերաբերող փաստաթղթերին.

2) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր եւ ընդունելու որոշումներ.

3) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն.

4) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը.

5) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

6) ներկայացնելու առաջարկություններ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի գործունեության կատարելագործման վերաբերյալ

7) օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 51. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պարտականությունները

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը պարտավոր է՝

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում եւ գործնական հմտություններ.

4) պահպանել ծառայողական կարգապահությունը.

5) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության օգտագործման համար սահմանված պահանջները, այդ թվում՝ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

6) պահպանել օրենքով սահմանված սահմանափակումներն ու անհամատեղելիության պահանջները:

Հոդված 52. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու եւ առանձնակի ցուցանիշների համար Հանձնաժողովի սահմանած կարգով Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետեւյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ Հանձնաժողովի սահմանած կարգով որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժի հանումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված խրախուսման միջոցները կիրառում է Հանձնաժողովի նախագահը:

4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը:

Հոդված 53. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) Գործունեության էթիկայի կանոնները խախտելը.

2) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

3) ներքին կարգապահական կանոնները խախտելը.

4) օրենքով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը:

Հոդված 54. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 55. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը, ընդ որում՝ նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:

2. Տույժերը ձեւակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ երկօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

5. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա: Ծառայողական քննության նշանակման եւ անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

6. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

Հոդված 56. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետեւյալ դեպքերի, երբ՝

1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի դիմումի հիման վրա.

2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը նշանակելիս.

3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի համաձայնությամբ:

Հոդված 57. Հանձնաժողովում ծառայության առանձնահատկությունները

1. Հանձնաժողովի անդամները եւ աշխատողներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո չեն կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել իրականացրած վարչական վարույթի հետ կապված, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված չարաշահումների քննության դեպքի:

2. Հանձնաժողովի անդամները եւ աշխատողները չեն կարող ենթարկվել գույքային, վարչական պատասխանատվության օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Հոդված 58. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի արձակուրդը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներն ունեն ամենամյա նվազագույն 20 աշխատանքային օր եւ ամենամյա լրացուցիչ 4 աշխատանքային օր տեւողություններով վճարովի արձակուրդների իրավունք:

2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի անդամներին արձակուրդ տրամադրում է Հանձնաժողովի նախագահը կամ օրենքով սահմանված դեպքերում նրան փոխարինող անձը:

Հոդված 59. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվը եւ ծառայողի անձնական գործը

1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվը (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) վարում է Հանձնաժողովի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը:

2. Կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների:

3. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու մեկանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի 65 տարին լրանալը: Ծառայողը իր դիմումի համաձայն կարող է հանվել կադրերի ռեզերվից վաղաժամկետ:

4. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում  ծառայության ստաժ: Ծառայողը կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում չի վճարվում:

5. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում  ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է կադրերի ռեզերվում լինելու առավելագույն ժամկետը լրանալուց կամ իր դիմումի համաձայն կադրերի ռեզերվից վաղաժամկետ հանվելուց հետո:

6. Եթե ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է սույն օրենքով նախատեսված ծառայության պաշտոն Հանձնաժողովում, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:

7. Ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում:

8. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակ ծառայողը չունի արձակուրդի իրավունք, եւ վերջնահաշվարկի մեջ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում:

9. Ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:

10. Ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Անձնական գործերի վարման կարգը հաստատում է Հանձնաժողովը:

Հոդված 60. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 61. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից սույն օրենքով նախատեսված Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են թափուր եւ սույն օրենքով նախատեսված մարմինները կարող են մեկնարկել Հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման եւ նշանակման գործընթացը:

2.Հանձնաժողովի առաջին կազմի անդամների թեկնածությունների առաջադրումը  Կառավարությունն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի մեկնարկից երկու ամսվա ընթացքում: Հանձնաժողովի անդամների առաջին կազմի նշանակումն Ազգային Ժողովն իրականացնում է սույն օրենքով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

3. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետներն են՝

1) մեկ անդամի համար՝ մեկ տարի.

2) մեկ անդամի համար՝ երկու տարի.

3) մեկ անդամի համար՝ երեք տարի.

4) մեկ անդամի համար՝ չորս տարի.

5) Հանձնաժողովի նախագահի համար՝ հինգ տարի:

4. Հանձնաժողովի առաջին կազմի անդամները երկրորդ անգամ Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել ընդհանուր հիմունքներով, հինգ տարի ժամկետով եւ համարվում են մեկ ամբողջական ժամկետ պաշտոնավարած:

5.Սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետները Հանձնաժողովի առաջին կազմի անդամների առաջադրման հետ միաժամանակ առաջարկում է Կառավարությունը:

6. Հանձնաժողովի առաջին կազմի աշխատանքների կազմակերպման համար տվյալ տարվա պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման մասին Կառավարության որոշումը մշակում եւ Կառավարության հաստատման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի մեկնարկից հետո երկու ամսվա ընթացքում:

7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար աշխատավայր եւ աշխատանքային պատշաճ պայմաններ ապահովելու համար  Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկություն է ներկայացնում վարչապետի աշխատակազմ:

8. Հանձնաժողովն իր կազմավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում է իր կանոնադրությունը եւ կառուցվածքը:

9. Հանձնաժողովի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝

1) տասնօրյա ժամկետում հաստատում է Հանձնաժողովի ձեւավորման աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների ժամանակավոր թվաքանակ, բայց ոչ ավել քան 30 հաստիք, որի մեջ ներառվում է նաեւ գլխավոր քարտուղարի հաստիքը:

2) Սույն մասի 1-ին կետում նշված հաստիքների հաստատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր քարտուղարի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչեւ տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը՝ այլ ինքնավար մարմնի գլխավոր քարտուղարի համար սահմանված պահանջների հաշվառմամբ.

3) Սույն մասի 1-ին կետում նշված հաստիքների հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ձեւավորում է փորձագիտական խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման եւ կազմակերպաֆինանսական: Փորձագիտական խմբերի համար սահմանում է գործողությունների ժամանակացույց.

4) ապահովում է Հանձնաժողովի հաշվառումն իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում՝ Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետով սահմանված փորձագիտական խմբերում նախատեսված պաշտոնները համալրվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքելու միջոցով: Պայմանագրերը կնքում է գլխավոր քարտուղարը: Տվյալ անձանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով:

11. Հանձնաժողովի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի եւ հաստիքացուցակի հաստատումից հետո մինչեւ հաստիքների օրենքով սահմանված կարգով համալրումը Հանձնաժողովի քաղաքացիական ծառայության եւ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության հաստիքները կարող են զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով:

12. Սույն օրենքից բխող իրավական ակտերը համապատասխան մարմիններն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

13. Հանձնաժողովը սույն օրենքի ընդունման պահից հետո 1 տարվա ընթացքում մշակում, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով շրջանառության մեջ է դնում սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման արդյունքում պետական բյուջե մուծվող պետական տուրքերի կամ այլ պարտադիր վճարների գանձման դեպքերի, կարգի եւ չափերի կարգավորման մասին օրենսդրական ակտերի փաթեթ: 
    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Տեղեկատվական հասարակության զարգացմանը զուգահեռ, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ակտիվ գործընթացներ են ծավալվում տեղեկատվական համակարգերի եւ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի տարածման, տնտեսության նոր ոլորտներում դրանց կիրառության աշխարհագրության ընդլայնման, հասարակության լայն շրջանակների կողմից օգտագործման ուղղություններով:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառության ընդլայնման դրական միտումներին  զուգահեռ առաջ են գալիս նոր մարտահրավերներ՝ կապված այդ համակարգերի եւ ցանցերի կիբեռանվտանգության ապահովման, պետության անվտանգության եւ տնտեսության բնականոն կենսագործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում (այդ թվում՝ ֆինանսական, բանկային, հեռահախորդակցության, էներգետիկ, առողջապահական եւ այլ կենսական նշանակության ոլորտներում գտնվող համակարգերում) տեղի ունեցող կիբեռմիջադեպերի կանխարգելման եւ լուծման, դրանց ազդեցության մեղմացման, հետեւանքների վերացման  հետ:

Հայաստանում էլեկտրոնային կառավարման եւ էլեկտրոնային ծառայությունների մատուցման ներդրման գործընթացը սկսվել է դեռեւս 90-ական թվականների վերջերից: ՀՀ կառավարության կողմից 2008 թվականին ընդունվել է Գործողությունների ծրագիր՝ ուղղված էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը: Արդյունքում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, որոնցից, որպես հաջողված օրինակներից մեկը, կարելի է մատնանշել  Էլեկտրոնային կառավարման գործիքների համակարգը (www.e-gov.am)՝ ավելի քան 20 առցանց ծառայություններով: Չնայած դրան, պետական կառավարման հատվածում թվային զարգացումը մինչ այժմ ընթացել է անհամաչափ: Հանրային ծառայությունների թվային զարգացումը ներկայումս տարբեր գերատեսչություններում գտնվում է տարբեր փուլերում: Թվայնացումն իրականացվել է տարբեր սկզբունքներով՝ ըստ տարբեր կառավարությունների ռազմավարական առաջնահերթությունների, առանձին գերատեսչությունների թվային պատրաստվածության, առանձին ծառայությունների թվայնացման առաջնահերթությունների, ինչպես նաեւ քաղաքացիների պահանջների եւ կարիքների: Սա հանգեցրել է թվայնացման ասպարեզում մի քանի առաջատար օղակների ձեւավորմանը, որոնք առանձնանում են այս ոլորտում իրենց բավականին լավ զարգացած կարողություններով: Միեւնույն ժամանակ մի շարք գերատեսչություններում թվայնացման զարգացման մակարդակը չափազանց ցածր է: Պետական համակարգում թվային փոխակերպման միասնական քաղաքականության եւ միասնական մոտեցումների բացակայության արդյունքում կառավարության թվայնացումը հիմնականում կրել է ապակենտրոնացված բնույթ՝ մասնակի լուծումներով:

Հաջորդ խնդիրը տվյալների բազաների միջեւ արդյունավետ եւ անխափան փոխգործելիության հարթակի բացակայությունն է: Համակարգերի անխափան փոխգործելիության նախապայման է հանդիսանում տվյալների ավտոմատացված փոխանակման համակարգի ստեղծումը: Թվայնացված բազմաթիվ պետական ծառայությունների դեպքում բացակայում է առնչվող ծառայությունների հետ փոխկապակցվածությունը, արդյունքում քաղաքացիների համար ամբողջապես թվային հանրային ծառայությունը համալիր կերպով չի տրամադրվում:

Համակարգման եւ ջանքների մեկտեղման խնդիրը առկա է նաեւ տեղեկատվական համակարգերում եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգության ապահովման հարցում: Հայաստանում պետական գերատեսչություններն առանձին-առանձին փորձում են ապահովել իրենց կիբեռանվտանգությունը, սակայն դա հատվածային է, եւ չկա համընդհանուր, միասնական կամ համապետական մոտեցում:

Կենսական կարեւոր նշանակության ոլորտներում ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ցածր մակարդակն հանգեցրել է մի քանի էական հետեւանքների.
 

Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) զեկույցում նշվում է, որ կիբեռանվտանգության ավելի ցածր պատրաստականություն ունեցող երկրներում, ինչպիսին է Հայաստանը, անձնական տվյալների խախտումների ավելի բարձր հաճախականություն է նկատվում՝ ազդելով հանրային վստահության եւ անվտանգության վրա: Կիբեռանվտանգության ցածր մակարդակը նաեւ նշանակում է, որ անձնական տվյալների կորստի դեպքերը կդառնան ավելի հաճախակի եւ կոպիտ, հետեւաբար, տվյալների, տվյալների պաշտպանության եւ կիբեռանվտանգության վերաբերյալ ոչ համարժեք օրենքներ ունեցող երկրներում նկատվում են անձնական տվյալների գողության եւ ֆինանսական խարդախությունների ավելի բարձր տեմպեր:

Եվրոպական միության կիբեռանվտանգության գործակալությունը (ENISA) եւս կրիտիկական ենթակառուցվածքների ոլորտում կիբեռանվտանգության կանոնակարգերի բացակայությունը համարում է խիստ ռիսկային:

Այս առումով Հայաստանը փաստացի գտնվում է խոցելի պետությունների ցանկում, իսկ կիբեռանվտանգության ապահովման համընդհանուր քաղաքականության բացակայությունը կարող է ավելի խոցելի դարձնել երկրի ցանցային եւ տեղեկատվական համակարգերը: Օրենսդրական կարգավորումների բացը էական խոչընդոտ է դարձել երկրի թվային օրակարգի զարգացման հարցում, այդ թվում նաեւ միջազգային ընկալման եւ տարբեր երկրների հետ կիբեռ համագործակցության տեսանկյունից: ITU-ի Կիբեռանվտանգության գլոբալ ինդեքսով, որը երկրի առաջընթացը գնահատում է հինգ հիմնական ցուցանիշներով (իրավական, տեխնիկական, համագործակցային, կարողությունների զարգացման եւ ինստիտուցիոնալ) 2020 թվականի համեմատ 2023 թվականին Հայաստանի դիրքը բարելավել է ընդհամենը 3.4 կետով: Հետեւաբար, միայն օրենսդրական հենքի՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքի ընդունումը եւ վերջին մեկուկես տարում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը՝ կարողությունների զարգացման, համագործակցության եւ  AM-CERT (Հայաստանի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի) ստեղծմամբ կկապիտալիզացվեն եւ երկիրը առավել բարենպաստ դիրքերում կհայտնվի:

Հաջորդ խնդիրը վերաբերում է տեղեկատվության ազատության ապահովման բնագավառում  թվային տեխնոլոգիաների օգտագործմանը կամ տեղեկություններին հասանելիության ապահովվումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ գործող օրենքը նախատեսում է տեղեկատվության ապահովման երկու եղանակ՝ տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատասխանելով եւ տարին մեկ անգամ տեղեկատվություն տնօրինողների կողմից օրենքով նախատեսված 13 խումբ տեղեկությունները պարտադիր տարին մեկ անգամ հրապարակելով, որոնք, որպես տեղեկատվության ազատության իրավունքի իրացման միջոց, շարունակելու են մնալ ուժի մեջ: Այսինքն, քաղաքացիներին որակյալ հանրային ծառայություններ մատուցելու տեսանկյունից, նախապատվությունը չի տրվում թվային տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության հասանելիություն ապահովելուն: Այդ մոտեցումը, որը հայտնի է նաեւ «բաց տեղեկությունների քաղաքականության սկզբունքը» անվանմամբ, որը վաղուց կիրառվում է առաջադեմ մի շարք երկրներում:

Վերը նկարագրածը վկայում է այն մասին, որ տարիների ընթացքում կենսական կարեւոր նշանակության ոլորտներում կիրառվող տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ցածր մակարդակը, հանրային ծառայությունների հատվածական եւ որեւէ տրամաբանության չենթարկվող թվայնացումը, տվյալների դասակարգման, պահպանման եւ  կառավարման միասնական կարգավորիչ միջավայրի  բացակայությունը հանրության լայն շրջանակներում Հայաստանի թվային փոխակերպման ապագայի հանդեպ լավատեսական ակնկալիքներ չեն ձեւավորել, հետեւաբար, հասունացել է պահը ինստիտուցիոնալ լուծումներով հասնել Հայաստանի թվային փոխակերպման միասնական օրակարգի ձեւավորմանը, տվյալների կառավարման, կիբեռանվտանգության ապահովման  նոր քաղաքականության ներդրմանը:

2. Առաջարկվող կագավորման բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է.

- Հանրային տեղեկությունների հասանելիության եւ կառավարման մասով. պետական թվայնացման լուծումների տեղակայում, կառավարում եւ սպասարկում, 24/7 ռեժիմում անխափան աշխատանքի ապահովում, միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների, թվային պահոցների եւ համակարգերի մշտադիտարկում եւ անվտանգության ապահովում, ժամանակակից ամպային ենթակառուցվածքների, ծառայությունների եւ տեխնոլոգիաների ներդրում, որը նաեւ հասանելի կլինի մասնավոր հատվածի համար:

- Կիբեռանվտանգության մասով. Կիբեռանվտանգության ստանդարտների մշակում եւ կենսական նշանակության ոլորտների տեղեկատվական համակարգերի համապատասխանության ստուգում այդ ստանդարտներին, փորձագիտական խորհրդատվություն, կիբեռանվտանգության մակարդակի/վիճակի մշտադիտարկում, կիբեռանվտանգության նվազագույն պահանջների մշակում եւ ընդունում,  ինչպես նաեւ կիբեռգրագիտության բարձրացման տարբեր ծրագրերի իրականացնում քաղաքացիների եւ պետական ծառայողների համար:

- Նույնականացման, թվային ստորագրության եւ գաղտնագրման ծրագրային ապահովումների մշակման սկզբունքների սահմանում, ներդրում, կառավարում:

- Տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության ոլորտներում ընդունված իրավական ակտերի կիրառման ապահովում, դրանց խախտումների կանխարգելում եւ վերահսկողություն:

3. Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկում է կիբեռանվտանգության, բաց տվյալների քաղաքականության, թվայնացված միջավայրի ստեղծման, թվայնացման գործընթացների համակարգման միասնական մոտեցումներ, որն ապահովելու է քաղաքացիներին եւ մասնավոր հատվածին ամբողջապես՝ ծայրից ծայր թվային հանրային ծառայություններ մատուցելու հնարավորությունը, երաշխավորելու է կիբեռանվտանգության պատշաճ մակարդակ կենսական նշանակության ոլորտներում եւ համապատասխան ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ կայուն նախադրյալներ է ստեղծելու թվային հասարակության եւ տնտեսության անցման եւ սպասարկման համար: Թվայնացման գործընթացները մարդկանց համար պետք է ամենօրյա գործնական, կենսական նշանակություն ունենան, լինեն հասանելի, հարմարավետ եւ արդյունավետ՝ ստեղծելով թվային համակարգերի ու լուծումների նկատմամբ վստահության միջավայր, իսկ որակյալ տվյալները պետք է դառնան առանցքային խթան անձի, պետության եւ բիզնեսի տվյալահեն որոշումների կայացման համար:

4. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ:

5. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.

Նախագծերի փաթեթի ընդունումը  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների նվազեցման չի հանգեցնի, իսկ ծախսերի ավելացման կարող է հանգեցնել՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի ստեղծման գործոնով պայմանավորված: Օրենքի նախագծի ընդունմամբ մարմնի համապատասխան պաշտոնների եւ աշխատակիցների ամբողջական համալրման արդյունքում տարեկան վարձատրության, սոցիալական ապահովության ընդհանուր գումարը կկազմի մոտ 6 մլրդ դրամ:  Ծախսերի հաշվարկի ընթացքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հիմնական մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների վարձատրությունը շուկայում բարձր է, իսկ այդ թիմերը կազմելու են մարմնի հաստիքների հիմնական հատվածը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի փաթեթի մշակումը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից:

Նախագծերի փաթեթի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնի եւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարությանը կիբեռանվտագության ոլորտում նախատեսված միջոցառումների անխոչընդոտ իրականացումից:

Նախագծերի փաթեթը բխում է  Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ 183-Լ որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի թվայնացման ռազմավարությանից, մասնավորապես՝ «Թվայնացման հիմնարար պայմաններ» բաժնի 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերից, Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի եւ արդյունքային ցուցանիշների 1-ին եւ 3-րդ միջոցառումներից:

Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024թթ. գործողությունների ծրագրի «1. Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության ձեւավորում» հանձնառությունից:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման չի հանգեցնի, իսկ ծախսերի ավելացման կարող է հանգեցնել:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն