Հոդված 1. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) ֆիզիկական անձ` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.
3) լրացնել 12-րդ կետով.
«12) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող` համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը 6 լրացնել 7-րդ կետով.
«7) եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց դեպքում նաեւ՝ Կառավարության սահմանած՝ հայտարարագրման համակարգի շրջանակներում անհրաժեշտ տվյալները:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, ինքնազբաղված անձի» բառերը փոխարինել «ֆիզիկական անձի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը լրացնել 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) ֆինանսական կազմակերպություններից եւ ապահովագրական ընկերություններից.
6) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից:».
2) 2-րդ մասում «ռեեստրը վարողը,» բառերից հետո լրացել «Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, կենտրոնական դեպոզիտարիան,» բառերը.
3) 4-րդ մասում՝
ա. «ռեեստրը վարողի» բառերից հետո լրացել «, Հայաստանի Հանրապետությանկենտրոնական դեպոզիտարիայի» բառերը,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կողմից տեղեկատվական բազան ձեւավորելու եւ վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմին տրամադրելու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով:»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) վերնագրում «ինքնազբաղվածների» բառերից հետո լրացնել «եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց» բառերը.
2) 1-ին մասում «ինքնազբաղված անձինք» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք» բառերը, իսկ «յուրաքանչյուր տարվա համար` մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում» բառերով.
3) 2-րդ մասում «ինքնազբաղված անձանց» բառերից հետո լրացնել «, եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց» բառերը:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածը չի տարածվում բանկային եւ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների վրա, որոնք լիազոր մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն ու բարելավումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգավորումների համաձայն՝
1) հարկային մարմինը նախալրացնում է հայտարարատու ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը), սակայն դրանք Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համարվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հայտարարատու ֆիզիկական անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն հայտարարագիրը եւ ներկայացնեն հարկային մարմին,
2) ըստ էության, հայտարարագրման ենթակա են ֆիզիկական անձանց կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացված՝ Օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն անձնական բոլոր եկամուտները: Միաժամանակ, Օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնական եկամուտներ են համարվում նաեւ այնպիսի եկամուտները, որոնք Օրենսգրքով որպես անձնական եկամուտ սահմանվել են ոչ թե հայտարարագրման ենթակա լինելու նպատակադրումներով, այլ ֆիզիկկան անձանց եկամուտների հարկման ընդհանուր համակարգի տրամաբանությանը համահունչ լինելու տեսանկյունից:
Միաժամանակ, հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ սահմանվել են նաեւ հայտարարագրերը նախալրացնելու ընթացակարգեր, որոնց շրջանակներում հարկային մարմինը հնարավորություն ունի իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա նախալրացնելու հայտարարագրերը: Նախալրացման համակարգի շրջանակում հարկային մարմինը տիրապետում կամ կարող է տիրապետել ֆիզիկական անձանց եկամուտների հիմնական մասի վերաբերյալ տեղեկատվության եւ հետեւաբար իր կողմից նախալրացված հայտարարագիրը հիմնականում արտացոլում է ֆիզիկական անձանց եկամուտների հիմնական մասը: Բացի այդ, կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն իսկ հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձանց հիմնական մասը հարկային մարմնի կողմից նախալրացված հայտարարագիրը չի փոփոխում: Ուստի, բոլոր այն դեպքերում, երբ հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը արտացոլում է ֆիզիկական անձի եկամուտների ամբողջական պատկերը, նախալրացված հայտարարագիրը հայտարարատու ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու եւ հարկային մարմին ներկայացնելու օրենսդրական կարգավորումը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում այդ ֆիզիկական անձանց համար: Բացի այդ, ֆիզիկական անձանց համար անհարմարություններ է ստեղծում նաեւ Հարկային օրենսգրքով սահմանված բոլոր անձնական եկամուտները հայտարարագրելու պահանջը:
Բացի այդ, «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգավորումների համաձայն հարկային մարմինը ոչ բոլոր կազմակերպություններից է ստանում ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն:
Մյուս կողմից, Օրենսգրքով եկամտային հարկի հաշվարկների ներկայացման եւ հարկի վճարման ժամկետները վերանայելով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված հայտարարագիրը չներկայացնելու համար: Հարցը այն է, որ հայտարարագրերի նախալրացման նոր համակարգը ներդնելու դեպքում նշյալ պատասխանատվության անհրաժեշտությունը բացակայելու է:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման՝ գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը եւ էականորեն պարզեցնել այն:
Մասնավորապես, առաջարկվում է՝
1) սահմանել, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա: Հարկային մարմինը նախալրացված հայտարարագիրը հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում հայտարարագիրը ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում, որի ընթացքում հայտարարատու ֆիզիկական անձը հնավորություն է ունենալու փոփոխել այն եւ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հարկային մարմին: Հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը նշյալ ժամանակահատվածում հայտարարատու ֆիզիկական անձի կողմից փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված,
2) սահմանել, որ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը),
3) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկ կամ առանձին եկամտատեսակների շեմեր սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը,
4) սահմանել, որ հարկային մարմինը ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպություններից, ապահովագրական ընկերություններից, կենտրոնական դեպոզիտարիայից,
5) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով որպես ընդհանուր կարգավորում սահմանել, որ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները՝ տարեկան կտրվածքով՝ Օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում,
6) ուժը կորցրած ճանաչել հայտարարագիրը չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ընթացակարգի հետ կապված հարաբերություններն են:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն պարզեցնել եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ընթացակարգը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ