Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-854-03.06.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»

Հոդված 2. Օրենսգիրքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են  բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:»:

Հոդված 3. Օրենսգիրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասում «բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով:

Հոդված 4. Օրենսգիրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում «բժշկական ստորաբաժանումներում» բառերից հետո լրացնել «եւ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:

Հոդված 5. Օրենսգիրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասում «բժշկական ստորաբաժանումները,» բառերից հետո լրացնել «բուժական քրեակատարողական հիմնարկը,» բառերով:

Հոդված 6. Օրենսգիրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասում «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերից հետո՝ «կամ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:

Հոդված 7. Օրենսգիրքի 169-րդ հոդվածի 7-րդ մասում «2024» բառը փոխարինել «2025» բառով:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Քրեական արդարադատության եւ քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունեն ազատազրկված անձանց ռիսկերի ու կարիքների գնահատման (ՌԿԳ) արդյունավետ իրականացումը, որը ոչ միայն օգնում է բացահայտել ազատազրկված անձանց առջեւ ծառացած եզակի մարտահրավերներն ու հանգամանքները, այլեւ հիմք է հանդիսանում վերասոցիալականացման ծրագրերի մշակման եւ իրականացման համար՝ հաշվի առնելով նրանց հատուկ պահանջները:

Մասնավորապես՝ Քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ  վերասոցիալականացման եւ դրական վարքագծի ձեւավորման աշխատանքներն սկսվում են պատժի կատարման առաջին օրվանից: Այդ աշխատանքների բովանդակությունը բխում է դատապարտյալի անձնային ու վարքային փոփոխություններից եւ հիմնվում նրա ռիսկերի եւ կարիքների գնահատման արդյունքների վրա: Նույն հոդվածի 5-րդ հոդվածի համաձայն դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով պատժի տեսակը, կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, դատապարտյալի անձը, պատժի կատարման ընթացքում դատապարտյալի դրսեւորած վարքագծի առանձնահատկությունները, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքին, պատժի ժամկետը, ինչպես նաեւ պատիժների կատարման եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման եւ անհատականացման սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքներ: Օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից եւ ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավակարգավորումների պահպանման, վերասոցիալականացման գործընթացի նպատակային կազմակերպման կարեւորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն սահմանել դատապարտյալի ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգը եւ պայմանները:

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման համար նպատակահարմար է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, խնամքի եւ սպասարկման կարիք ունեցող ազատազրկման դատապարտված անձինք: Նախատեսվում է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են ինչպես  հիվանդանոցային բուժման եւ խնամքի կարիք ունեցող, այնպես էլ վարակիչ կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ ունեցող դատապարտյալները:

Մասնավորապես, բուժական քրեակատարողական հիմնարկում իրականացվելու է որոշակի վիրահատական միջամտություններ, տուբերկուլոզի կամ  շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ հիվանդությունների, անձի խանգարումների, օրգանական հոգեկան սինդրոմների եւ այլ հիանդությունների ստացիոնար բուժում եւ խնամք:

Քրեակատարողական ծառայությունը ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելու է Քրեակատարողական ծառայությունից անկախ գործող մասնագիտացված կազմակերպությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող ազատազրկման դատապարտված անձինք պատիժը կկրեն բուժական քրեակատարողական հիմնարկում:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պատշաճ կազմակերպել ազատազրկման դատապարտված անձանց բժշկական օգնությունը եւ սպասարկումը:

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարելու ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն