Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-857-05.06.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «կառավարման» բառից առաջ լրացնել «պետության անվտանգության ապահովման,» բառերը:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 206.20-րդ հոդվածով.

«Հոդված 206.20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնագրման, գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու եւ դրանք փոփոխելու կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ժամկետները երկարաձգելու, կրճատելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծելու, ինչպես նաեւ ոչնչացնելու կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գործավարության կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

4. Համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկություններ կազմելիս (մշակելիս) եւ տեխնիկական միջոցներ գործածելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը, ինչպես նաեւ էլեկտրոնային եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

5. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության միջոցների պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

6. Գաղտնի արտադրանքի թողարկման, ստեղծման եւ օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի, ինչպես նաեւ անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

7. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ եւ այլ աշխատանքների կատարման եւ դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

8. Սույն հոդվածի 1-ին - 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածի 5-րդ - 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

10. Սույն հոդվածի 1-ին - 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումը կատարած անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի 5-րդ – 7-րդ մասերով նախատեսված իրավախախտում կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 224.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասում «206.18-րդ եւ 206.19-րդ» բառերը փոխարինել «206.18-206.20-րդ» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:»,

3) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, թերությունների եւ խախտումների կանխարգելման ու վերացման անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, ՀՀ քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով նախատեսված՝ պետական գաղտնիքի պահպանության ոլորտին առնչվող իրավախախտումների շրջանակի ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ պետական գաղտնիքի պահպանության ոլորտում օրենսդրությամբ մեծամասամբ պատասխանատվություն է նախատեսված տարբեր սուբյեկտների կողմից կամ տարբեր եղանակներով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար: Միեւնույն ժամանակ, օրենսդրությամբ վարչական պատասխանատվության որեւէ միջոց նախատեսված չէ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելու համար, ինչը հիմնականում հանդիսանում է օրենսդրությամբ ներկայումս նախատեսված՝ պետական գաղտնիքի պահպանության ոլորտին առնչվող հանրային վտանգավորության առավել բարձր աստիճան ունեցող իրավախախտումները ծնող պատճառ:

Միաժամանակ, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ ստուգումների միջոցով իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողություն, որի նպատակն է գաղտնիության ռեժիմի ապահովման փաստացի վիճակի ուսումնասիրումն ու գնահատումը, թերությունների եւ խախտումների հայտնաբերումը, դրանց պատճառների ճշտումը, վերացումն ու կանխումը: Չնայած սրան՝ օրենսդրությամբ նախատեսված չէ որեւէ գործիք Ազգային անվտանգության ծառայության կողմից միջգերատեսչական վերահսկողության շրջանակում իրականացվող ստուգումների արդյունքում թերությունների եւ խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան կազմակերպություններին, իրավաբանական անձանց, գաղտնիության ռեժիմի ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ բազմաբնույթ խախտումներ են հանդիպում ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ: Օրինակ, գործնականում շատ են դեպքերը, երբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող կազմակերպությունները եւ իրավաբանական անձինք ինքնակամ փոխում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարման վայրի հասցեն՝ առանց այդ մասին Ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու, թեեւ Ազգային անվտանգության ծառայության կողմից ուսումնասիրվել է կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց կողմից ներկայացված հասցեում անհրաժեշտ պայմանների առկայությունը եւ նման աշխատանքների կատարման թույլտվություն է տրվել ներկայացված հասցեի համար:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացնել նոր՝ 206.20-րդ (Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը) հոդվածով: Լրացվող հոդվածով նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում է Ազգային անվտանգության ծառայությանը՝ համապատասխան լրացում կատարելով Օրենսգրքի 224.1 հոդվածում՝ միաժամանակ սահմանելով ԱԱԾ տնօրենի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը (ոստիկանության օրինակով):

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը: Միաժամանակ, նախագծի ընդունումը խթան կհանդիսանա կազմակերպությունների, իրավաբանական անձանց եւ գաղտնիության ռեժիմի ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումների ու պաշտոնատար անձանց կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ, միաժամանակ հանդիսանալով լրացուցիչ կանխարգելիչ միջոց՝ հայտնաբերված թերությունները եւ խախտումները հետագայում չկրկնելու, դրանց ծավալն էականորեն կրճատելու համար:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն առաջանա, իսկ եկամուտներում հնարավոր են ավելացումներ, որոնց չափը չի կարող կանխատեսվել:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն