Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-858-10.06.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 228-րդ հոդվածը լրացնել նոր 5.1.-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Կադաստրային գնահատման հարկային տարվանից հետո կադաստր վարող մարմնում առկա հաշվառման (այդ թվում` ընթացիկ հաշվառում իրականացնող իրավասու մարմնից ստացված) տվյալների համեմատությամբ մինչեւ անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում անշարժ գույքի հարկման բազան կարող է ճշգրտվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի իմաստով պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղում կատարելու հետեւանքով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի եւ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող
2-րդ հավելվածի գնահատման կարգերով հաշվարկվող բանաձեւերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում: Անշարժ գույքի հարկման ճշգրտված բազան հիմք է ընդունվում համապատասխան փոփոխությունների ամսվան նախորդող կադաստրային գնահատման հարկային տարվա եւ վերջինիս հաջորդող երեք հարկային տարիների հարկման բազան որոշելու համար:»:

Հոդված 2. Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«4. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 5.1.-ին մասով սահմանված հիմքերով անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման հետեւանքով անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների մասով առաջացած համապատասխան անշարժ գույքի հարկի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում՝ սկսած փոփոխություններին անմիջապես նախորդող կադաստրային գնահատման հարկային տարվանից մինչեւ տվյալ փոփոխությունների ամիսը ներառյալ, եթե այդ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել Օրենսգրքով սահմանված ժամկետներում:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո եւ դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
2011 թվականին Կադաստրի կոմիտեում ներդրվել եւ 2012 թվականից գործարկվել է «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ը (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ): Էլեկտրոնային համակարգում բոլոր անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները մուտքագրվել են 2011 թվականի ընթացքում եւ տվյալների թվայնացված չլինելու հետեւանքով հաճախ դրանք մուտքագրվել են թերի կամ անճշտություններով:


1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
2011 թվականին Կադաստրի կոմիտեում ներդրվել եւ 2012 թվականից գործարկվել է «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ը (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ): Էլեկտրոնային համակարգում բոլոր անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները մուտքագրվել են 2011 թվականի ընթացքում եւ տվյալների թվայնացված չլինելու հետեւանքով հաճախ դրանք մուտքագրվել են թերի կամ անճշտություններով:

Մինչեւ 2020 թվականը Կադաստրի կոմիտեի կողմից էլեկտրոնային համակարգից ներբեռնված անշարժ գույքի հարկման բազաները ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվել են «excel» ձեւաչափով, եւ նշված տարիներին հարկման բազայում տեղ գտած անճշտություններն ուղղվել են համապատասխան համայնքների կողմից, վերջիններիս կողմից տիրապետվող տեղեկությունների հիման վրա:

ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի « անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-ն եվ 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները ՀԷԿՄՀ օպերատորին են տրամադրվում ինքնաշխատ եղանակով՝ տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով:

2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի հարկման համակարգի բարեփոխումների շրջանակներում Կադաստրի կոմիտեի եւ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ փոխգործելիության ապահովման նպատակով ներդրվել է Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակ (ՀԷԿՄՀ), ինչի արդյունքում հարկման բազաներում տվյալների ուղղումը կատարվում է թվային եղանակով՝ Կադաստրի կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային համակարգում հայտաբերված սխալների կամ թերությունների ուղղման ժամանակ:

Հարկ է նշել, որ էլեկտրոնային համակարգում սխալների ուղղումը կատարելուց հետո ուղղված տվյալները ՀԷԿՄՀ-ում ներառվում են ինքնաշխատ եղանակով՝ ուղղումը կատարելուց անմիջապես հետո, որի արդյունքում սխալների ուղղման հետեւանքով փոփոխված կադաստրային արժեքների դեպքում ՀԷԿՄՀ-ի կողմից կադաստրային արժեքի ավելացված մասի նկատմամբ, չնայած նախորդ տարիներին սահմանված ժամկետներում կատարած հարկային պատարավորությունների, հարկ վճարողի նկատմամբ  ինքնաշխատ եղանակով հաշվարկվում է տույժ:

Հարկային օրենսգրքի իմաստով տույժը հարկերը կամ վճարները նույն օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու համար օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոց է: Այսինքն՝ անձը պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն դեպքերում, երբ սահմանված ժամկետներում չի վճարել կամ այդ ժամկետներից ուշ է վճարել հարկերը, սակայն գործող իրավակարգավորումներով գործանակնում եմ առաջանում են դեպքեր, երբ հարկատուն բարեխղճորեն եւ սահմանված ժամկետներում կատարել է իր հարկային պարտավորություններն ամբողջությամբ (անշարժ գույքի հարկի գծով), սակայն իրենից ամբողջովին անկախ հանգամանքների բերումով, այն է՝ տվյալների բազայում առկա անճշտությունների հետեւանքով, ինքնաշխատ եղանակով ենթարկվում է պատասխանատվության՝ տույժերի առաջացման տեսքով, այնինչ վարչական մարմնի կողմից կատարված գործողությունների արդյունքում անձին պատասխանատվության ենթարկելը, կարծում ենք, չի բխում օրենսդրի նպատակներից:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը անշարժ գույքի գնահատումը կամ վերագնահատումը կատարում է երեք տարին մեկ անգամ՝ կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով, եւ գնահատված կամ վերագնահատված կադաստրային արժեքը (գյուղատնտեսական նշանակության հողերի համար հաշվարկային զուտ եկամուտը) հիմք է ընդունվում գնահատման կամ վերագնահատման հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների համար հարկման բազան որոշելու համար:

Միեւնույն ժամանակ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը 34-րդ հոդվածով հնարավորություն է սահմանված ուղղելու պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եւ հանդիպում են դեպքեր, երբ այդ սխալների ուղղման արդյունքում փոփոխությունների են ենթարկվում նաեւ անշարժ գույքի քանակական (մակերես, բարձրություն) եւ որակական տվյալները (նպատակային եւ գործառնական նշանակություն, տարածագնահատման գոտի, գնահատման խումբ, շինության կառուցման տարեթիվ, արտաքին հարդարում, ավարտվածության, վնասվածության աստիճան, ծածկի եւ տանիքի նյութի տեսակ, իրավունքի տեսակ եւ այլն), որոնք հանդիսանում են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով սահմանված գնահատման կարգերով հաշվարկվող բանաձեւերի բաղկացուցիչ տարրեր: Նման դեպքերում կատարվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների (գյուղատնտեսական հողամասերի կադաստրային արժեքների) ինքնաշխատ եղանակով փոփոխություն՝ Կադաստրի կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային համակարգում անշարժ գույքի որակական եւ քանակական տվյալների անճշտությունների ուղղման արդյունքում, իսկ ուղղված կադաստրային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը ուղղումը կատարելուց անմիջապես հետո ինքնաշխատ եղանակով ներառվում է Համայքային էլեկտրոնային կառավարման միասնակ հարթակ (հարկման բազա): Անշարժ գույքի հարկը, այդ թվում՝ ճշգրտման արդյունքում անշարժ գույքի ավելացված հարկման բազայի վրա տույժերը հաշվարկվում են այդ հարթակի կողմից՝ ինքնաշխատ եղանակով: Հավելենք, որ  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է գրանցված իրավունքների սուբյեկտների դիմումների հիման վրա կամ գրանցող մարմնի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում (այդ թվում՝ համայնքների կողմից հայտնաբերված եւ Կադաստրի կոմիտե ներկայացված տվյալների հիմքով): Բացի այդ, լինում են դեպքեր, երբ անշարժ գույքի համար հարկ հաշվարկված չի եղել, այդ գույքը տվյալների բազայում ներառվում է, սակայն գումարի դիմաց նշվում է «0»: Հետեւաբար, եթե «0» նշելը սխալի արդյունք է եղել եւ դա հետագայում ճշտվել է եւ սահմանվել այլ գումար, ապա նման իրավահարաբերությունները եւս կկարգավորվեն Նախագծով ներկայացված դրույթի շրջանակներում: Հնարավոր են նաեւ դեպքեր, երբ անշարժ գույքը տվյալների բազայում արտացոլված չլինի՝ հանդիսանալով հարկման օբյեկտ, եւ հետագայում  վարչական մարմնի կողմից ներառվի այդ բազայում: Նման դեպքերը եւս անճշտությունների ուղղման հետեւանք են, հետեւաբար՝ նույնպես ներառվում են նախագծի կարգավորման ոլորտում: Ներկայացվածի համատեքստում Նախագծով նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքի 228-րդ եւ 401-րդ հոդվածներում կատարել լրացում:

3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

 Կադաստրի կոմիտեի կողմից նախաձեռնվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը, որը միտված է ապահովելու բարեխիղճ հարկատուների իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես կարգավորելով այն դեպքերը, երբ հարկ վճարողը անշարժ գույքի հարկի գծով իր հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել է, սակայն օրենքով եւ Հարկային օրենսգրքով սահմանված գնահատման կարգերով հաշվարկվող բանաձեւերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի փոփոխման, ինչպես նաեւ բազայի լրամշակման հետեւանքով առաջացած հարկի նկատմամբ հաշվարկվում են տույժեր: Նախագծի ընդունման արդյունքում բարեխիճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն