Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-862-11.06.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական, մարկշեյդերական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունում բոլոր գեոդեզիական, քարտեզագրական, մարկշեյդերական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման աշխատանքներն իրականացվում են սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Սույն օրենքի կարգավորման ոլորտն ընդգրկում է գեոդեզիական, քարտեզագրական, մարկշեյդերական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման գործունեությունը, գեոդեզիական, քարտեզագրական, մարկշեյդերական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին եւ 1.2-րդ կետերով.

«1.1) ինժեներական գեոդեզիա՝ շենքերի եւ շինությունների հետազոտությունների, նախագծման, կառուցման եւ շահագործման ընթացքում կատարված գեոդեզիական աշխատանքների ընթացքում ծագող գործունեության տեսակ.

1.2) մարկշեյդերական գործունեություն՝ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների իրականացում.»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերով.

«15) որակավորում ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվող, Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած անձ.

16) գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել ցանկացած տեսակի գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, հողաշինարարական եւ չափագրական, հաշվառման աշխատանքներ, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցման ենթատեսակ հանդիսացող ինժեներական գեոդեզիայի աշխատանքներ.

17) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական եւ հաշվառման գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական, հաշվառման, ինչպես նաեւ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ հողամասերի հատակագծերի կազմման նպատակով՝ գեոդեզիական աշխատանքներ:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 16.1-16.6-րդ հոդվածներով.
 
«Հոդված 16.1 Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացումը

1. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել Կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած անձինք:

2.Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սույն հոդվածում նշված աշխատանքների որակի եւ տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում բացառապես որակավորում ունեցող անձինք:

4. Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) միջոցների հաշվին:

5.Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության իրականացման, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության աշխատանքների իրականացման որակավորման վկայականները դասակարգվում են երկու խմբի՝

1) գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական.

2) քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության որակավորման վկայական:

6. Մասնագիտական որակավորումը կազմակերպում եւ իրականացնում է Կոմիտեն՝ որակավորման քննությունների միջոցով, որոնք ընդունում է Կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծած որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովը կազմված է 7 անդամից՝ Կոմիտեի աշխատակից հանդիսացող նախագահից, քարտուղարից, ինչպես նաեւ անդամներից, որոնցից երկուսը հանդիսանում են Կոմիտեի աշխատակիցներ, 1-ն ընտրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից, մնացած 2-ը՝ Կոմիտեի կողմից հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից առաջադրած անդամներից: Որակավորման հանձնաժողովի անդամների թեկնածուների ներակայացման եւ ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

7. Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման անցկացման կարգն ու պայմանները, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացնելու կարգը, որակավորման քննությունների հարցաշարերի, այդ թվում՝ խնդիրների եւ առաջադրանքների կազմման կարգը, որակավորման վկայականի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որակավորման անցկացման կարգով սահմանվում են որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը, ժամկետները, քննության ժամանակ առաջադրվող հարցերի, խնդիրների եւ առաջադրանքնենրի քանակը, քննությունների արդյունքների գնահատման կարգը, քննության անցկացման համար նախատեսված ժամանակը, սարքածրագրային միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, քննության արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաեւ քննությունը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ:

8. Որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները եւ առաջադրանքները, քննությանն առաջադրվող հարցերը նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը, որոնք հաստատում է Կոմիտեի ղեկավարը: Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերի քանակը հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից քսան օր առաջ:

9. Քննության դրական արդյունքներով Կոմիտեի ղեկավարը որոշում է կայացնում որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:

10. Որակավորման վկայականը ուժի մեջ է մտնում այն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որակավորված անձին հանձնելու օրվանից եւ գործում է անժամկետ:

11. Կոմիտեն վկայական ստացած անձանց անվանացանկը, իսկ վերջիններիս կապի միջոցները եւ աշխատանքի վայրի մասին տեղեկությունները հրապարակում է իր պաշտոնական կայքում՝ միայն վերջիններիս գրավոր համաձայնության առկայության դեպքում, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որակավորման քննության մասնակցության դիմում ներկայացնելիս:

12. Որակավորման վկայականի կամ դրա կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու, որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը վկայականի կրկնօրինակ կամ վերաձեւակերպված վկայական ստանալու դիմում է ներկայացնում Կոմիտե` ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր, որը Կոմիտեն տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ձեւով՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

13. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության աշխատանքների վրա:

16.2. Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականների գործողության կասեցման ու դադարեցման հիմքերը եւ կարգը

1. Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականների (այսուհետ` վկայական) գործողության կասեցման հիմքերն են`

1) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը, եթե դրանց հիմքով կատարվել է պետական գրանցում՝ Կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով սահմանված փաստաթղթերի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում, Կոմիտեն կասեցնում է վկայականի գործողությունը բացառապես ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված բողոքի կամ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա.

3) գեոդեզիստների եւ մարկշեյդերների, ինչպես նաեւ քարտեզագրողների, չափագրողների, հաշվառողների եւ հողաշինարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը՝ մինչեւ վերջինիս կողմից ինքնակարգավորվող կազմակերպությանը անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտեին ներկայացրած կասեցման դիմումի եւ ինքնակարգավորվող կազմակերպության անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա.

4) գեոդեզիստների եւ մարկշեյդերների, ինչպես նաեւ քարտեզագրողների, չափագրողների, հաշվառողների եւ հողաշինարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը 3 ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտեին ներկայացրած կասեցման դիմումի եւ անդամվճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա՝ մինչեւ վճարումներն ամբողջությամբ կատարելը:

5) գեոդեզիստների եւ մարկշեյդերների, ինչպես նաեւ քարտեզագրողների, չափագրողների, հաշվառողների եւ հողաշինարարների ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած վերապատրաստման դասընթացների սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին չմասնակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտեին ներկայացրած կասեցման դիմումի եւ վերապատրաստման դասընթացների սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցություն ապահոված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա՝ մինչեւ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության ամբողջությամբ կատարումը.

6) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաեւ հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում` իր լիազորությունների ժամկետով.

7) որակավորված անձի կողմից կազմած իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում ոչ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ կատարելը, որը հանգեցնում է անշարժ գույքի հարկի շեղման: Սույն կետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում Կոմիտեն իր նախաձեռնությամբ կամ այլ անձի, ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը.

8) որակավորված անձի կողմից կազմած իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում երկու կամ ավելի տեխնիկական բնույթի սխալներ կատարելը, եթե սխալ պարունակող փաստաթղթի հիմքով կատարվել է պետական գրանցում: Սույն կետի իմաստով տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու, ինչպես նաեւ այլ նպատակով կազմված հատակագծերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատակագծերի ձեւերի, հատակագծերին ներկայացվող պահանջների եւ հատակագծերի ներկայացման կարգի խախտման պարագայում Կոմիտեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված բողոքի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը.

9) Սեփական դիմումի հիման վրա.

10) Սույն մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերի հիմքով վկայականի կասեցումը վկայականի դադարեցման համար հիմք չի հանդիսանում:

2. Վկայականների գործողությունը կասեցնում է Կոմիտեն՝ Կոմիտեի ղեկավարի հրամանով, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված դեպքերում վկայականների գործողությունը կասեցնում է Կոմիտեն՝ Կոմիտեի ղեկավարի հրամանով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որակավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:

3. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին Կոմիտեի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) հանձնվում է համապատասխան որակավորված անձին՝ էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերջինիս առցանց գրասենյակում տեղադրելու միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանը ուժի մեջ է մտնում առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորղող երրորդ աշխատանքային օրվան հաջորդող օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` առցանց գրասենյակից տեղեկություններ ստանալու համար եւ Կոմիտեին անհապաղ գրավոր տեղեկացնել անձնական գրասենյակից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն համապատասխան հրամանը փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված հիմքերով վկայականի գործողությունը կասեցվում է մեկ ամիս ժամկետով: Վկայականի գործողությունը չի կարող կասեցվել, եթե նշված կետերով սահմանված խախտումների կատարման օրվանից անցել է երեք տարուց ավելի:

4. Վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն կամ նախքան կասեցումը կատարված եւ իրավունքի պետական գրանցման նպատակով ներկայացված գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության աշխատանքները ուղղելուն:

5. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են`

1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը.

2) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.

3) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը.

4) վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով որակավորման ենթակա գործունեություն իրականացնելը.

5) մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերով սահմանված դեպքերի.

6) որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը:

6.  Վկայականների գործողությունը դադարեցնում է Կոմիտեն՝ Կոմիտեի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված դեպքերում վկայականների գործողությունը դադարեցնում է Կոմիտեն՝ Կոմիտեի ղեկավարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որակավորման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա:

7. Վկայականի գործողության դադարեցման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանն (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում է համապատասխան որակավորված անձին՝ էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերջինիս առցանց գրասենյակում տեղադրելու միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորղող երրորդ աշխատանքային օրվան հաջորդող օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` առցանց գրասենյակից տեղեկություններ ստանալու համար եւ Կոմիտեին անհապաղ գրավոր տեղեկացնել անձնական գրասենյակից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն համապատասխան հրամանը փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության դադարեցման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը Կոմիտեի պաշտոնական կայքում իրականացվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում:

8. Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է դիմել ոչ շուտ, քան դրա գործողության դադարեցման օրվանից մեկ տարի հետո:

9. Վկայականի գործողության կասեցումը, կասեցման հիմքերի վերացումը եւ վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Կոմիտեի ղեկավարի հրամանով, որը ենթակա է անհապաղ կատարման եւ հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը: Վկայականի գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման եւ վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով:

Հոդված 16.3. Գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպությունը

1. Սույն օրենքի համաձայն` գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպություն  (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) է համարվում այն մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպությունը, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով եւ որի հիմնադիր են հանդիսանում սույն օրենքի իմաստով որակավորված առնվազն 2 անձինք, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա գործող որակավորման վկայական: Գեոդեզիստ եւ մարկշեյդեր, ինչպես նաեւ քարտեզագրող, չափագրող, հաշվառող եւ հողաշինարար հանդիսացող որակավորված անձը կարող է լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ: Որակավորված մասնագետը կարող է գործունեություն ծավալել առանց ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու միայն այն դեպքում, երբ Կոմիտեում սահմանված կարգով որեւէ ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ:

2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի պետական գրանցման պահից: Ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի վերջինիս գործունեության բնույթի մասին:

3. Ինքնակարգավորվող կազմակերպությունը Կոմիտեում հաշվառվելու նպատակով Կոմիտեի ղեկավարի կողմից սահմանած կարգով ներկայացնում է նախատեսված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքերը եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների, բացառությամբ գործունեության հնգամյա ծրագրի եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցի, փոփոխության դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ քան տվյալների փոփոխությունից հետո եռօրյա ժամկետում Կոմիտեի ղեկավարի կողմից սահմանված կարգով հայտնում է Կոմիտեին:

4. Կոմիտեն, ներկայացված հնգամյա ծրագրին եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցին հավանություն տալու պարագայում, 20-օրյա ժամկետում հաստատում է այն եւ հաշվառում ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, Կոմիտեի եւ այլ պետական մարմինների կողմից սահմանած եւ ոլորտին առնչվող ռազմավարությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Սույն մասով նախատեսված հնգամյա ծրագիրը կամ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող է փոփոխվել՝ նախապես՝ 1 տարի առաջ ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը եւ դրանց հիմնավորումը Կոմիտե՝ հաստատման: Կոմիտեն, ներկայացված հնգամյա ծրագրի կամ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով Կոմիտե է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում Կոմիտեն վերադարձնում է ներկայացված փաստաթղթերը՝ սահմանելով առկա թերությունները վերացնելու եւ փաստաթղթերը կրկին ներկայացնելու մինչեւ 15-օրյա ժամկետ: Կոմիտեի կողմից մատնանշված թերությունները չվերացնելուց հետո հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը 2-րդ անգամ ներակայացնելը հանդիսանում է հաշվառման մերժման, ինչպես նաեւ հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հիմք: Կոմիտեում ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը սահմանվում են Կոմիտեի ղեկավարի իրավական ակտով:

5. Ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից հետեւյալ դեպքերում.

1) եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը չի կատարում հաշվառման ներկայացված իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակցույցի էական խախտումներով.

2) չի ներկայացնում կամ չի կատարում սույն օրենքի 16.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերապատրաստման ուսումնական ծրագիրը.

3) չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները, կամ երկու եւ ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.

4) հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում:

6. Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի կանոնների մշակումը, ընդունումն ու կիրառումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:

7. Ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթներն ու խնդիրներն են՝

1) իր անդամների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

2) գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, չափագրողական, հաշվառողական եւ հողաշինարարական ոլորտի կայացմանը եւ ընդլայնմանն աջակցելը.

3) գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, չափագրողական, հաշվառողական եւ հողաշինարարական ոլորտում մեթոդական աջակցության եւ խորհրդատվության տրամադրումը.

4) գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, չափագրողական, հաշվառողական եւ հողաշինարարական  ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը.

5) գեոդեզիստի եւ մարկշեյդերի, ինչպես նաեւ քարտեզագրողի, չափագրողի, հաշվառողի եւ հողաշինարարի մասնագիտության ճանաչելիության, վարկանիշի եւ վստահելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների եւ ծրագրերի իրականացումը.

6) գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, չափագրողական, հաշվառողական եւ հողաշինարարական ոլորտին վերաբերող մասնագիտական գրականության հավաքագրումը, մշակումը, կազմումը եւ հրատարակումը.

7) բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով իր անդամների մասնագիտական ուսուցումը եւ վերապատրաստումը կազմակերպելը.

8) հաշվառման ներկայացված հնգամյա ծրագրի պատշաճ եւ ժամանակացույցին համապատասխան կատարումն ապահովելը.

9) գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, չափագրողական, հաշվառողական եւ հողաշինարարական ոլորտում այլ գործառույթներ.

8. Ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, բացառությամբ գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության եւ որակավորում պահանջող այլ տեսակի գործունեության:

9. Կոմիտեում կարող են հաշվառվել առավելագույնը հինգ ինքնակարգավորվող կազմակերպություններ: Հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունների շարքում թափուր տեղ առաջանալու պարագայում Կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրվում է հայտարարություն, որը հիմք է ինքնակարգավորվող կազմակերպության համար սույն հոդվածով սահմանված կարգով ցանկացած ժամանակ հաշվառման նպատակով դիմելու Կոմիտե:

Հոդված 16.4. Ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

1. Անդամների (հիմնադիրների) կողմից ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի սահմանած չափերով եւ կարգով պարբերական վճարներ են կատարում անդամության համար:

2. Անդամը պարտավոր է վճարել անդամավճար: Անդամավճարի առավելագույն վճարը չի կարող սահմանվել ավելի, քան ամսական 15000 Հայաստանի Հանրապետության դրամը:

3. Ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

1) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը եւ դրանցում փոփոխությունների կատարումը.

2) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների եւ ղեկավարի ընտրությունը եւ նրանց լիազորությունների դադարեցումը.

3) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

4) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.

5) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը եւ վճարման կարգը սահմանելը.

6) գեոդեզիստի եւ մարկշեյդերի, ինչպես նաեւ քարտեզագրողի, չափագրողի, հաշվառող եւ հողաշինարարի վարքագծի կանոնների ընդունումը:

4. Ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդն ընտրում է գործադիր մարմին, իրականացնում է կանոնադրությամբ եւ ընդհանուր ժողովի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ: Դիտորդ խորհրդի անդամների քանակը եւ գործունեության կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Դիտորդ խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմիններին: Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ (ղեկավար), կարգապահական հանձնաժողովի անդամ (ղեկավար):

5. Գործադիր մարմինը կազմակերպում է ինքնակարգավորվող կազմակերպության աշխատանքները եւ հաշվետու է դիտորդ խորհրդին: Գործադիր մարմնի իրավասությունները սահմանվում են ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ: Գործադիր տնօրենը կամ կազմակերպության ղեկավարը պետք է ունենա Կոմիտեի կողմից տրված գեոդեզիական եւ մարկշեյդերական կամ քարտեզագրության, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության վկայական եւ չի կարող միաժամանակ լինել կարգապահական հանձնաժողովի անդամ:

Հոդված 16.5. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստումը

1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի Կոմիտեի հաստատմանն է ներկայացնում անդամների վերապատրաստման ուսումնական ծրագիրը: Հաջորդող տարվա վերապատրաստման ուսումնական ծրագիրը Կոմիտե է ներկայացվում մինչեւ նախորդ տարվա նոյեմբերի 1-ը: Վերապատրաստման ուսումնական ծրագիրը 20-օրյա ժամկետում հաստատվելուց հետո ինքնակարգավորվող կազմակերպությունը Կոմիտեի ղեկավարի կողմից սահմանված կարգով եւ ժամկետում հայտարարում է մասնագիտական մրցույթ, որին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի պարտավոր է կազմակերպել առնվազն մեկ վերապատրաստման ուսումնական ծրագիր:

2. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամները, բացառությամբ գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ունեցող անդամների, որոնց նկատմամբ սույն մասով սահմանված պահանջները կիրառելի չեն, պարտավոր են անցնել ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած կարգով եւ ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում երեսուներկու ժամից պակաս լինել: Ինքնակարգավորվող կազմակերպության կազմակերպած դասընթացներին մասնակցելու վճարները ենթակա են վճարման այդ դասընթացներին մասնակցողների կողմից: Ինքնակարգավորվող կազմակերպության անդամներն իրավունք ունեն վերապատրաստման համար սահմանված ժամաքանակը լրացնելու նաեւ ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած ծրագրից դուրս՝ գեոդեզիայի, աշխարհագրության, երկրատարածական տվյալների ոլորտներում գիտաժողովներին եւ դասախոսություններին մասնակցելու միջոցով, որոնց վերաբերյալ պարտավոր են ինքնակարգավորվող կազմակերպությունը ներկայացնելու մասնակցությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:

Հոդված 16.6. Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի եւ ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոմիտեն:

2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Կոմիտե մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը:

3. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է Կոմիտե ներկայացված հնգամյա ծրագրի, իր կողմից իրականացված այլ ծրագրերի, ինչպես նաեւ վերապատրաստման ուսումնական ծրագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող որակավորման հանձնաժողովի անդամները շարունակում են մնալ որակավորման հանձնաժողովի անդամներ  մինչեւ Կոմիտեի կողմից նոր անդամների ընտրությունը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 16.1-րդ հոդվածի 7-րդ մասից բխող իրավական ակտը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կոմիտեի ղեկավարը սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 16.1-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան հաստատում է որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները եւ առաջադրանքները, քննությանն առաջադրվող հարցերը:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Կոմիտեի ղեկավարը հաստատում է ոլորտի ինքնակարգավորվող կազմակերպությունների՝ Կոմիտեում հաշվառման, հաշվառումից հանելու, հաշվառման համար ներկայացված տվյալների փոփոխությունները Կոմիտե ներկայացնելու, ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից մասնագիտական մրցույթ հայտարարելու կարգերը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառվելու նպատակով համապատասխան դիմումը եւ կից փաստաթղթերը Կոմիտեի ղեկավարի կողմից սահմանված կարգով ներկայացնում է Կոմիտե:

7. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության որակավորման  վկայականները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են միայն քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության վկայականներ:

8. Սույն օրենքի իմաստով քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության համապատասխան որակավորման վկայականները ստանալու նպատակով որակավորված անձինք դիմում են ներկայացնում Կոմիտե՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:

7. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրական, հաշվառման եւ հողաշինարարության  որակավորման վկայական ունեցող այն անձինք, որոնք գեոդեզիայի, հողաշինարարության, քարտեզագրության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում ունեն մագիստրոսի կրթական աստիճան, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո իրավունք ունեն դիմելու Կոմիտե՝ սույն օրենքի իմաստով գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման համապատասխան վկայականները ստանալու համար՝ ներկայացնելով դիմում,  գեոդեզիայի, հողաշինարարության, քարտեզագրության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում մագիստրոսի կրթական աստիճանը հիմնավորող փաստաթուղթ:

8. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները եւ առաջադրանքները, քննությանն առաջադրվող հարցերը հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում Կոմիտեն առնվազն երեք անգամ անցկացնում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման քննություններ:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված, ինչպես նաեւ դրանից հետո անկացված որակավորման քննությունների արդյունքում կամ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով տրված եւ գործող գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ստացած անձինք համարվում են «Քաղաքաշինության մասին» օրենքի իմաստով հավաստագրված մասնագետներ, կարող են հանդիսանալ նույն օրենքի իմաստով պատասխանատու մասնագետ եւ հավաստագրման, այդ թվում՝ շարունակական մասնագիտական զարգացման  համապատասխան հավաստագրման ենթակա չեն:

10. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասից,  6-րդ մասից, 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերից, 6-8-րդ մասերից բխող իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

1.1. Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները ներկայումս կարգավորման են ենթարկվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, որի 16-րդ հոդվածը սահմանում է, թե ով իրավունք ունի զբաղվելու համապատասխան գործունեությամբ, որոնք են որակավորման վկայականների գործողության կասեցման եւ դադարեցման հիմքերը, վկայականի կրկնօրինակ տրամադրելու դեպքերը եւ այլն: Միեւնույն ժամանակ, նույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի կարգավորման ոլորտը ընդգրկում է գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների (այսուհետ` սահմանափակումներ) պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների եւ պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները: Այսինքն՝ կարելի է եզրահանգել, որ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները որպես այդպիսին դուրս են իրավական ակտի կարգավորման ոլորտից:

Ավելին, 2023 թվականի հունվարի 1-ին ընդունված «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն.

«1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական եւ գեոդեզիական աշխատանքներն իրականացվում են սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Սույն օրենքի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությունը, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար:»:

Այսինքն՝ քննարկման առարկա իրավահարաբերությունները ներառված են «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի կարգավորման ոլորտում, մինչդեռ գործող կարգավորումների համատեքստում իրականում կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով: Ներկայացվող նախագծերի փաթեթով առաջնահերթ թիրախավորվում է այս խնդրի լուծումը:

1.2. ««Քաղաքաշինության մասին» օրենքի 7.1-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանվում է, որ քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը ի թիվս այլնի իրավունք ունի նաեւ իրականացնելու գեոդեզիական ծառայություններ: Միեւնույն ժամանակ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունները դասվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքին:

««Քաղաքաշինության մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության շարունակական մասնագիտական զարգացման համապատասխան հավաստագիր եւ գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ):

Փաստորեն ստացվում է հետեւյալ իրավիճակը. գեոդեզիական ցանկացած գործունեության իրականացնելու համար մի դեպքում սահմանվում է, որ անձը պետք է ստանա համապատասխան որակավորման վկայական, լիազոր մարմինը՝ Կադաստրի կոմիտե, մյուս դեպքում՝ հավաստագիր, լիազոր մարմինը՝ Քաղաքաշինության կոմիտե, ավելին, եթե ֆիզիկական անձը հանդիսանա անհատ ձեռնարկատեր եւ արդեն իսկ ունենա որակավորման վկայական, որով գործող օրենսդրության համաձայն իրավունք ունի իրականացնելու գեոդեզիական գործունեություն, ապա «Քաղաքաշինության մասին» օրենքի տրամաբանության ներքո ստացվում է, որ պետք է նաեւ հավաստագրվի եւ լիցենզավորվի:

 1.3. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համատեքստում որակավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը տրամադրվում է մեկ միասնական՝ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականով, այնինչ գործնականում տարբեր մասնագիտական հմտություններ են պահանջվում գեոդեզիայի ոլորտում կամ քարտեզագրության, չափագրման, հաշվառման, հողաշինարարության ոլորտում գործունեություն իրականացնելու համար: Ներկայումս գործող կարգավորումների ներքո իրականացվող որակավորման ընթացակարգերով հնարավոր չի լինում որպես նշանակետ ընդունել անձանց նեղ մասնագիտական հմտությունները:

1.4. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են որակավորման վկայականների կասեցման եւ դադարեցման հիմքերը, որոնք գործնականում ի հայտ եկող խնդիրները ամբողջապես չեն կարգավորում, ուստի անհրաժեշտություն է առաջանում իրավակարգավորող նորմերը համապատասխանեցնել պրակտիկայում հայտնաբերված խնդիրներին՝ լիարժեք լուծումներ ապահովելով եւ պաշտպանելով ինչպես որակավորված անձանց, այնպես էլ որակավորման ենթակա գործունեության արդյունք հայցող անձանց իրավունքները:

1.5. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համատեքստում առկա չեն այնպիսի իրավանորմեր, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել մասնագիտական համապատասխան գործունեության տեսակների զարգացումը եւ ՀՀ-ում այդ գործունեությունների համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին:

1.6. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է որակավորման վկայականների վերաձեւակերպման եւ կրկնօրինակների տրամադրման հնարավորություն, սակայն չի նախատեսվում համապատասխան պետական տուրքի վճարում՝ նոր վկայականների կամ կրկնօրինակների տրամադրման համար:

2. Առկա իրավիճակը

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք: Այսինքն՝ ներկայումս գեոդեզիայի, քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությունները տարանջատված չեն՝ ըստ ոլորտների, եւ որակավորման մեկ վկայական ունենալու պարագայում անձը կարող է զբաղվել թվարկված բոլոր տեսակի գործունեություններով: Այնուամենայնիվ, թվարկված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը մեկ միասնական վկայականով ձեւակերպելը գործնականում արդարացված չէ, քանի որ դրանք պահանջում են տարբեր մասնագիտական հմտություններ, սակայն որակավորված անձինք աշխատանքային գործունեությունը իրականացնում են եւ՛ գեոդեզիայի, եւ՛ քարտեզագրության, եւ՛ չափագրման, հաշվառման եւ՛ հողաշինարարության ոլորտներում, ընդ որում՝ մարկշեյդերական գործունեությունը գործող իրավակարգավորումների համատեքստում դուրս է մնում կարգավորման ոլորտից: Բազմաթիվ դեպքերում կադաստրի կոմիտեի գործառույթներին չառնչվող ոլորտային աշխատանքները իրականացնում են լիազոր մարմնի կողմից որակավորում չստացած մասնագետները, այդ թվում՝ կառուցապատման, հանքարդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ ոլորտներում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-433-Ն օրենքի ընդունման կապակցությամբ: Ինչպես նշվեց նախորդիվ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ գործող կարգավորումները սահմանում են, որ գեոդեզիական ցանկացած գործունեություն իրականացնելու համար անձը պետք է ունենա Կադաստրի կոմիտեից ստացած որակավորման վկայական: Միեւնույն ժամանակ, «Քաղաքաշինության մասին» օրենքում օգտագործվում է ընդհանրական «գեոդեզիական ծառայություններ» եզրույթը՝ որպես հավաստագրման ենթակա գործունեության տեսակ, սակայն իրավական ակտի տրամաբանության վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ խոսքը քաղաքաշինական բնագավառում գեոդեզիական ծառայությունների մասին է: Անվիճելի է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում նման ձեւակերպման առկայությունը հակասություն է առաջացնում գործող երկու իրավական ակտերի միջեւ եւ կարող է գործնականում լուրջ խնդիրներ առաջացնել ոլորտում գործունեություն իրականացնող անձանց համար: Այդ իսկ պատճառաբանությամբ որոշակի հստակեցման կարիք ունի արդեն իսկ որակավորված անձանց իրավական վիճակը՝ օրենսդրական նման փոփոխությունների համատեքստում, ինչպես նաեւ քաղաքաշինական ոլորտում գեոդեզիական ծառայությունների հստակ սահմանազատումը:

Հավելենք, որ ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով նախատեսում ենք պետական տուրք սահմանել նաեւ որակավորման վկայականի վերաձեւակերպման կամ կրկնօրինակի տրամադրման ժամանակ, այնինչ ներկայումս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում պետական տուրքի վճարում այդ գործողությունների համար սահմանված չէ, որպիսի հանգամանքով պայմանավորված նաեւ անհրաժեշտություն է առաջանում կատարելու լրացում այդ իրավական ակտում եւս:

3. Ակնկալվող արդյունքը

3.1. Ոլորտում առկա վերը հիշատակված խնդիրների համատեքստում իրավական որոշակիություն ապահովելու նպատակով ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է՝ «ինժեներական գեոդեզիա» հասկացության սահմանումը՝ քաղաքաշինական ոլորտում գեոդեզիական ծառայություններ մատուցող որակավորված անձանց այլ տեսակի գեոդեզիական գործունեություն իրականացնող որակավորված անձանցից տարանջատելու նպատակով, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելով սահմանել, որ Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը ի թիվս այլի իրավունք ունի իրականացնելու ծառայություններ բացառապես ինժեներական գեոդեզիայի ոլորտում:

3.2. Ոլորտների զարգացումն ապահովելու նպատակով նախատեսվում է տարանջատել գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնողներին քարտեզագրական, հողաշինարարական եւ չափագրման, հաշվառման գործունեություն իրականացնող անձանցից՝ ներդնելով որակավորման տարբեր չափանիշներ եւ տրամադրելով որակավորման առանձին վկայականներ: Այս կապակցությամբ ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներով սահմանվում է, որ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականները օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են միայն քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականներ: Սույն նորմով որակավորված անձի իրավական վիճակը փաստացի որեւէ դրվագով չի վատթարանում: Նախագծով նախատեսվում է գեոդեզիական գործունեության տարատեսակ համարվող նոր՝ մարկշեյդերական գործունեությամբ զբաղվելու իրավունքի տրամադրում՝ որակավորման միջոցով: Այսինքն, այն անձինք, որոնք մինչեւ նախագծի ընդունումը ստացել են որակավորման վկայականներ, ի սկզբանե չեն ունեցել այդ հմտությունները (ինժեներական ենթակառուցվածքի, մասսայական տարածքների հանութագրում) հավաստող որակավորման վկայական եւ ներկայումս համապատասխան գործունեություն իրականացնելու համար մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար սահմանվում են նոր չափանիշներ՝ անհրաժեշտ գիտելիքների ստուգում իրականացնելու նպատակով:

Բացի այդ, մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը լիազոր մարմինը առնվազն երեք անգամ պետք է անցկացնի Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման քննություններ, որոնց արդյունքում տրամադրված եւ գործող գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ստացած անձինք կհամարվեն ««Քաղաքաշինության մասին» օրենքի իմաստով հավաստագրված մասնագետներ եւ հավաստագրման, այդ թվում՝ շարունակական մասնագիտական զարգացման համապատասխան հավաստագրման ոչ ենթակա:

3.3. Լիազոր մարմնի կողմից հաշվառման միջոցով նախատեսվում է սկիզբ դնել մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպության ինստիտուտին, որը կնպաստի ոչ միայն գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, չափագրողական, հաշվառողական եւ հողաշինարարական ոլորտների կայացմանը եւ ընդլայնմանը, այլեւ կապահովի ոլորտների միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն եւ փորձի փոխանակում, որակավորված անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանություն, վերջիններիս մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման հնարավորություն: Էական է շեշտադրել, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությունը հիմնված կլինի գործունեության հնգամյա ծրագրի վրա, որը պետք է հավանության արժանացած լինի լիազոր մարմնի կողմից եւ կառուցված լինի ՀՀ կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր մարմնի սահմանած ռազմավարությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Ավելին, իմպերատիվ պահանջ կնախատեսվի որակավորված անձանց վերապատրաստում անցնելու վերաբերյալ, ինչը կնպաստի ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական զարգացմանը: Հարկ ենք համարում ընդգծել, որ Նախագծով նախատեսվում է նաեւ հաշվառման ենթակա կազմակերպությունների առավելագույն թիվը՝ 5: Ինքնակարգավորվող կազմակերպությունների առավելագույն քանակի սահմանումը հիմնված է որակավորված մասնագետների քանակի վրա եւ նպատակ է հետապնդում բացառելու ոլորտում մենաշնորհային դիրք ստեղծելու հնարավորությունը եւ մրցակցության միջոցով ապահովելու ոլորտների զարգացման համար լավագույն արդյունք:

Նախագծով սահմանվում են նաեւ ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների համար անդամավճար վճարելու, ինչպես նաեւ վերապատրաստման դասընթացների համար վճար վճարելու կարգավորումներ: Հարկ է նկատել, որ վճարները վճարվելու են ուղղակիորեն ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ վերջինիս անդամների կողմից, հետեւաբար՝ պետական բյուջեից ծախսերի կատարման անհրաժեշտությունը բացակայում է:

3.4. Որակավորման վկայականների գործողության կասեցման եւ դադարման հիմքերը կվերանայվեն, ինչի արդյունքում առավել կհստակեցվեն համապատասխան հասկացությունները եւ ընթացակարգերը, կպաշտպանվեն որակավորված, ինչպես նաեւ շահագրգիռ անձանց շահերը՝ կոնկրետ դեպքերում սահմանելով, որ կասեցման/դադարման վարույթի հարուցման հիմքում պետք է դրվի շահագրգիռ անձի կամ ոլորտում լիազորված տեսչական մարմնի դիմումը:

Այսպիսով, Նախագծերի փաթեթով ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, իսկ դրանով նախատեսվող կարգավորումը սահմանվում է «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով: Միեւնույն ժամանակ, «Գեոդեզիական եւ քարտեզագրության գործունեության մասին» ՀՀ օրենքը լրացվում է «ինժեներական գեոդեզիա» հասկացությամբ, իսկ «Քաղաքաշինության մասին» օրենքում սահմանվում է, որ լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը ի թիվս այլնի իրավունք ունի նաեւ իրականացնելու ինժեներական գեոդեզիական ծառայություններ: Սահմանազատվում են գեոդեզաիական եւ մարկշեյդերական գործունեությունը եւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության ոլորտներում իրականացվող գործունեությունը՝ նպատակով ունենալով նաեւ տարանջատել դրանց որակավորման ընթացակարգերը եւ տարբեր պահանջներ սահմանել որակավորման գործընթացների համար: Վերոգրյալով պայմանավորված «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքը լրացվում է նոր 16.1-16.5-րդ հոդվածներով, որոնք մասնավորապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացմանը, գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպությանը, ինքնակարգավորվող կազմակերպության գույքին եւ կառավարման մարմիններին, ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստմանը, ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությանը:

Նախագծի անցումային դրույթներով սահմանվում են, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն