Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-870-18.06.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՑԱՆԿ
2005 թվականի դեկտեմբերի 6-ին Ժնեւում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիրը փոփոխող արձանագրության» կատարման համար պատասխանատու մարմինների

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. ՀՀ առողջապահության նախարարություն

3. ՀՀ ֆինանսների նախարարություն

4. ՀՀ արդարադատության նախարարություն

5. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

6. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»  ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներկայացված Արձանագրությունը լրացրել է Համաձայնագիրը նոր՝ 31 bis հոդվածով, հավելվածով եւ լրացումով:

Արձանագրությունն ընդունվել է ԱՀԿ Գլխավոր խորհրդի կողմից Ժնեւում 2005թ. դեկտեմբերի 6-ին (դրան միացած ԱՀԿ անդամ երկրների համար ուժի մեջ է մտել 23.01.2017թ.-ից):

Այն իրավական հիմք է տալիս ԱՀԿ անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադրելու բացառապես՝ մատչելի ջեներիկ դեղամիջոցների արտադրության եւ արտահանման համար այլ անդամ երկրներ, որոնք չեն կարող արտադրել իրենց հիվանդների համար բավարար քանակությամբ անհրաժեշտ դեղամիջոցներ:

Արձանագրության նպատակն է զարգացող եւ քիչ զարգացած երկրների համար ապահովել թանկարժեք դեղորայքի հասանելիությունը ստեղծված արտակարգ իրավիճակների վերացման նպատակով:

31 bis հոդվածի եւ Համաձայնագրի հավելվածի դրույթների կիրառումը իրավունք է տալիս դեղամիջոցների ոչ բավարար արտադրական հզորություն ունեցող ԱՀԿ անդամ երկրներին արտակարգ իրավիճակների դեպքում դիմել ԱՀԿ այլ անդամի՝ իր երկրին անհրաժեշտ քանակությամբ դեղորայք ապահովելու համար:

Արձանագրությունը նախատեսում է նաեւ հարկադիր լիցենզիայի հիման վրա արտադրված դեղորայքի արտահանման մեխանիզմ, որի առավելությունը տեղական արտադրողների կողմից արտոնագրված թանկարժեք դեղամիջոցի արտադրության իրականացումն է դրա կարիքը ունեցող երկրի համար:

Այս մեխանիզմը կարող է կիրառվել ԱՀԿ այն անդամ երկրի կողմից, որը բավարարում է ԱՀԿ ներմուծող անդամ երկրին ներկայացվող պահանջները եւ որի արտադրական հզորությունները դեղագործական ոլորտում համապատասխանում են Համաձայնագրի հավելվածի լրացումով սահմանված չափորոշիչներին:

Ներկայումս (2023թ. հուլիսի 1-ի դրությամբ) արձանագրությանը միացել է 111 ԱՀԿ անդամ երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Եվրոմիությունը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այլն:

ԱՀԿ-ի Գլխավոր խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Արձանագրությանն անդամ երկրների կողմից միանալու վերջնաժամկետ է սահմանված 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Արձանագրության կիրառումը պետության համար հավելյալ ծախսեր չի նախատեսում եւ չի առաջացնում ֆինանսատնտեսական որեւէ բացասական հետեւանք:

Տեղեկանքներ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն