Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-873-20.06.2024-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» Համաձայնագրի վավերացման  նպատակահարմարության վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» Համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Համաձայնագիրը սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ:

Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել  ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված եւ արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման եւ արտահանման մաքսատուրքերի դեպքում:

Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների որոշման, հավաստիացման եւ հաստատման միասնական մոտեցում ապահովելու նպատակով կիրառվելու է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգ:

Համաձայնագրի դրույթներն ուղղված են մասնավորապես՝

Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակներում ապրանքների ծագման որոշման եւ հաստատման հարցում անդամ պետությունների մոտեցումների միասնականացմանը, այդ թվում, եթե անդամ պետություններում առկա են ապրանքների ծագումից կախված արտահանման կարգավորման միջոցներ (անդամ պետությունների կողմից միակողմանիորեն ներդրված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ինչպես նաեւ արտահանման մաքսատուրքեր);

երրորդ երկրների շուկաներ մուտքի դյուրացմանը՝ ստեղծելով միասնական մեխանիզմներ անդամ պետությունների արտահանողների համար՝ նրանց կողմից արտահանվող ապրանքների ծագման փաստաթղթային հաստատման եւ ապրանքների ծագման հավաստագրեր տվող կազմակերպությունների հետ փոխգործակցության մասով;

անդամ պետությունների արտահանողների հետ փոխգործակցության եւ ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով լիազորված կազմակերպությունների գործունեության ներդաշնակեցմանը, այդ թվում՝ առանց թղթի տեխնոլոգիաների զարգացման եւ փոխգործակցության էլեկտրոնային ձեւաչափի հետագա անցման միջոցով;

Միությունում ապրանքների ծագման ինքնահայտարարագրման համակարգի (լիազորված արտահանողների ինստիտուտ) ներդրման համար իրավական հիմքերի ստեղծմանը;

ապրանքների ծագման մասին տեղեկությունների կեղծման համար անձանց պատասխանատվության սահմանմանը:

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետություններից երրորդ երկրներ, որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները, արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ: Այդ կանոնները կիրառվելու են անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրելու համար, որոնք հետագայում օգտագործվելու են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից՝ մի շարք երրորդ երկրներ ներմուծելիս իրենց ապրանքների ծագումը հաստատելու համար:

Համաձայնագրի դրույթներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է Հատուկ կանոններ սահմանելու լիազորություն, որոնք կիրառվելու են Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակներում անդամ պետությունների մաքսային մարմնի կողմից ապրանքների ծագումը հաստատելու անհրաժեշտության դեպքում, որն անհրաժեշտ է միայն այն ապրանքների համար, որոնց նկատմամբ կիրառվում են կարգավորման առանձին միջոցներ եւ միայն կարգավորման այդպիսի առանձին միջոցների գործողության ժամանակահատվածում: Հատուկ կանոններն անհրաժեշտ են ապրանքների ծագումից կախված արգելքների եւ սահմանափակումների պահպանումը, ինչպես նաեւ հետագայում արտահանման մաքսատուրքերի վճարումը վերահսկելու համար: Հանձնաժողովը վարում է կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստր, որը ներառելու է այնպիսի ապրանքներ, որոնց արտահանման ժամանակ պահանջվելու է ծագման հաստատում:

Համաձայնագրի դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության  իրավական ակտերի պահանջներին:

Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում նշված Համաձայնագրի վավերացումը  Հայաստանի Հանրապետության անունից:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ          ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

Եզրակացություն

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկատվություն Համաձայնագիրը ստորագրած կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023թ. դեկտեմբերի 4-ին, ք.Մոսկվայում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Համաձայնագիրը սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ նաեւ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու միասնական մոտեցումներ: Ընդ որում, նշվածը վերաբերում է նաեւ այն դեպքերին, երբ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում միակողմանիորեն կիրառում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ կամ ապրանքի ծագմամբ պայմանավորված արտահանման վերահսկման այլ միջոցներ:

Համաձայնագրի դրույթները միտված են արտահանողների հետ փոխգործակցության եւ ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների գործունեության ներդաշնակեցմանը, այդ թվում՝ հետագայում փոխգործակցության էլեկտրոնային ձեւաչափի անցման միջոցով:

Ակնկալվում է, որ ապրանքների ծագման հավաստագրեր տվող կազմակերպությունների հետ փոխգործակցության միասնական մեխանիզմների մշակումը կդյուրացնի անդամ պետությունների արտահանողների մուտքը երրորդ երկրների շուկաներ:

Համաձայնագրի 9-րդ հոդվածը նախատեսում է Միությունում ապրանքների ծագման ինքնուրույն հայտարարագրման համակարգի ներդրման իրավական հիմքի ստեղծում:

Նոր համակարգին հնարավորինս սահուն անցման պայմաններ ապահովելու նպատակով Համաձայնագրի 11-րդ հոդվածը նախատեսում է ներմուծման մաքսատուրքերի կիրառման նպատակով ապրանքների ծագման հաստատման, ապրանքի ծագման հավաստագրերի ձեւաթղթերի կիրառման, վերիֆիկացման էլեկտրոնային համակարգերի ներդրման անցումային դրույթներ:

Համաձայնագրի կողմերն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնություն:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

2024թ. մարտի 20-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

2024թ. մարտի 20-ի դրությամբ Համաձայնագիրն ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 4-ի համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                     ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի՝  Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լիազորված մարմինները կապահովեն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետում նշված վերիֆիկացման էլեկտրոնային համակարգերի ստեղծումն ու շահագործման հանձնումը՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը. քանի որ ՀՀ կառավարության 30.12.2010թ. N1772-Ն որոշման համաձայն՝ ապրանքի երկրի ծագման հավաստագրի տրամադրման եւ հավաստագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ստացման էլեկտրոնային համակարգի ներդրման գործառույթը վերապահված է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին (վերջինս հանդիսանում է  Լիազորված մարմին), ուստի համաձայնագրի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության (այդ թվում՝ վերիֆիկացման էլեկտրոնային համակարգերի ստեղծման ու շահագործման հանձնման առումով):

Միաժամանակ, Համաձայնագրում եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ առկա չեն:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ Ք. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագիրը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների եւ երրորդ երկրների իրավասու մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցում:

Ելնելով վերոնշյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՑԱՆԿ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հայաստանի Հանրապետություն

2. Բելառուսի Հանրապետություն

3. Ղազախստանի Հանրապետություն

4. Ղրղզստանի Հանրապետություն

5. Ռուսաստանի Դաշնություն

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում Էկոնոմիկայի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն եւ Առեւտրաարդյունաբերական պալատը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն