Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-876-28.06.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 6.1-ին մասը «նախկին ծառայողներ» բառերից հետո լրացնել «եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքով սահմանված կարգով պետական լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը եւ կոչումը հաշվի են առնվում:

2. Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով ծառայության կարող են ընդունվել եւ պաշտոնի նշանակվել մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը:

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն օրենքի 1-ին հոդվածը գործում է մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԼՂ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող են անցնել բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի եւ 3-րդ կետի համաձայն՝ ԼՂ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք ՀՀ կառավարության կողմից վերցվել են ժամանակավոր պաշտպանության տակ եւ ճանաչվել փախստական: Այդուհանդերձ, եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ տարիքային սահմանափակումների հաշվառմամբ, հնարավորություն կունենան ընդունվելու ՀՀ ԱԱ մարմիններում ծառայության միայն կրտսեր եւ միջին խմբի պաշտոններում (որպես Ծառայությունում նոր ընդունվողներ):

ՀՀ ԱԱ մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող անձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ եւ ունեցել սպայական բարձր կոչումներ, եւ վերջիններիս կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար:

Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1 մասով սահմանված կարգավորման համաձայն` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել եւ պաշտոնի նշանակվել նաեւ այլ մարմինների (ԶՈՒ, ՆԳՆ, ՊՊԾ եւ այլն) աշխատակիցները:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հնարավորություն նախատեսել նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալի հաշվառմամբ՝ նախագծով նախատեսվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասով նախատեսված` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հիմքը նախատեսել նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Նախագծով նախատեսվում է դրույթ, որի համաձայն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը եւ կոչումը, իսկ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած եւ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա: Միաժամանակ, կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ՝ նպատակ ունենալով անցումային փուլում ապահովել լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած անձանց իրավունքի իրացման հնարավորությունը, եւ նշված դրույթի գործողության ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն դադարեցնելու է իր գործողությունը եւ հանվելու է օրենքի 19-րդ հոդվածի խմբագրությունից:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կստանան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն