Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասում ուժը կորցրած ճանաչել 29-րդ եւ 30-րդ կետերը:
Հոդված 2. Օրենսգրքի 253-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «Ռեզիդնետ» բառը փոխարինել «Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքի, ռեզիդենտ» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.
«2.1 Խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ համարվող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 3-րդ կետից հանել «խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները,» բառերը.
2) 3-րդ մասի 3-րդ կետում «վճարահաշվարկային կազմակերպությունները,» բառերից հետո լրացնել «խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով.
3) լրացնել հետեւյալ խմբագրությամբ՝ 4.1-ին մաս.
«4.1. Խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ համարվող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունը համարվում է եւ չի դադարում համարվել շրջանառության հարկ վճարող` անկախ սույն գլխով սահմանված սահմանափակումներից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 257-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության համար շրջանառության հարկով հարկման բազա է համարվում կատարվող խաղադրույքների կամ մասնակցության վճարների հանրագումարը:».
2) 2-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3.Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունից եկամուտների հաշվառումն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառության շրջանակներում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված խաղադրույքների կամ մասնակցության վճարների ընդունման պահին:»:
Հոդված 5.
Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8-րդ տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ի տող՝
«8.1) | Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ | 10»: |
Հոդված 6. Օրենսգրքի 253-րդ հոդվածի 2.1-ին մասում եւ 254-րդ հոդվածի 4.1-ին մասում «Խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասում «Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 8.1-ին տողում «Խաղատների, շահումով խաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունից» բառերը փոխարինել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ բուքմեյքերային գործունեության կազմակերպումից» բառերով:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 6-8-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլարի): Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ:
2010 թվականին 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար) շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ (2.6 միլիոն դոլար) հարկ, կամ ծավալի 7.2 տոկոսի չափով:
2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ (15.8 միլիարդ դոլար) շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիարդ դրամ (84 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 0.5 տոկոսի չափով:
Շրջանառության ծավալի եւ վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտը սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը՝ ձեռնարկված քայլերը բավարար չեն եւ անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով:
Վերլուծելով միջազգային փորձը տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է 10 տոկոս եւ ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում 10% շրջանառության հարկ է սահմանված, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5%-ից 20%, Իտալիայում՝ 20%-ից 22%, Լեհաստանւմ՝ 12%, Պորտուգալիայում՝ 8%-ից 16%, Ֆրանսիայում՝ 8%-ից 10%, Հունգարիայում՝ 15%:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ