Հոդված 1. Վավերացնել 1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիանները :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
««1899 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 1907 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի (Permanent Court of Arbitration - PCA) (այսուհետ նաեւ՝ Դատարան) ստեղծման համար:
Դատարանը միջազգային կազմակերպություն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ լուծման համար: Ստեղծումից ի վեր, Դատարանն էական դեր է խաղացել պետությունների եւ այլ միջազգային կազմակերպությունների միջեւ արբիտրաժային վեճերի լուծման համար: Դատարանի մատուցած ծառայությունները չեն սահմանափակվում վեճերի արբիտրաժային կարգավորմամբ, այլեւ կարող են ներառել փաստահավաք առաքելություններ, անդամ երկրներին ցուցաբերվող վարչական աջակցություն, վեճերի դեպքում միջնորդություն, փաստաթղթաշրջանառության եւ արխիվացման ծառայություններ եւ այլն: Այն նաեւ տրամադրում է իր տարածքը եւ ծառայություններն այլ արբիտրաժային կառույցների շրջանակներում վեճերի կարգավորման գործընթացների իրականացման համար:
Բացի այդ, Դատարանը զբաղվում է նաեւ բնապահպանական վեճերի կարգավորմամբ, ինչպես նաեւ ցուցաբերում է վարչական աջակցություն Էներգետիկ խարտիայի շրջանակներում, կամ UNCITRAL-ի արբիտրաժային կանոնների ներքո իրականացվող վեճերի կարգավորման գործընթացներին:
1899 թվականի հուլիսի 29-ին եվ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները (այսուհետ՝ Կոնվենցիաներ), որոնք միասին հայտնի են որպես Հաագայի կոնվենցիաներ, ապահովում են Դատարանի գոյության եւ գործունեության իրավական հիմքը: 1899թ. Հաագայի կոնվենցիան սահմանեց Դատարանի սկզբնական հայեցակարգն ու կառուցվածքը, իսկ 1907թ. Հաագայի կոնվենցիան, հիմնվելով տարիների ընթացքում ձեռք բերված փորձի վրա, ավելացրեց ավելի համապարփակ կարգավորումներ՝ կատարելագործելով Դատարանի կառուցվածքը եւ հստակեցնելով ընթացակարգերը: Այսպիսով, երկու կոնվենցիաներն ունեն ընդհանուր հատկանիշներ, փոխլրացնում են միմյանց եւ ծառայում են մեկ ընդհանուր նպատակի:
Ներկայումս 122 պետություններ հանդիսանում են կոնվենցիաներից մեկի կամ երկուսի մասնակից (այդ թվում՝ Կոսովոն եւ Պաղեստինը): 1899 թվականի կոնվենցիան վավերացրել է 74 պետություն, իսկ 1907 թվականի կոնվենցիան՝ 114 պետություն:
Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել մինչեւ չորս արբիտր, որոնք հայտնի են որպես «Դատարանի անդամներ» (նշանակվում են 6 տարով եւ կարող են վերանշանակվել): «Դատարանի անդամները» կազմում են այն պոտենցիալ արբիտրների ցանկը, որոնց կազմից կողմերը կարող են առաջադրել եւ նշանակել իրենց արբիտրներին: «Դատարանի անդամները» միասին կազմում են նաեւ «ազգային խումբը», հատկանշական է, որ հենց այս խումբն է Արդարադատության միջազգային դատարանում դատավոր նշանակվելու համար թեկնածուներ առաջադրում: Այսպես, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:
Դատարանի անդամները ընտրվում են Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի կողմից՝ այն անձանց ցուցակից, որոնք, հետեւյալ դրույթներին համապատասխան, ցուցակում նշանակվում են Արբիտրաժային մշտական դատարանի ազգային խմբերի կողմից:
Դատարանն ընձեռում է միջազգային համագործակցության, միջազգային իրավունքի պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ սահմանված իրավական նորմերի շրջանակներում վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմների հասանելիության տեսանկյունից, ուստի անհրաժեշտ է ընթացք տալ Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային հանրության պատասխանատու եւ համագործակցող անդամի, Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցելու գործընթացին: Դատարանին առավել նպատակահարմար է անդամակցել երկու կոնվենցիաների համաժամանակյա վավերացմամբ՝ այդպիսով ընդունելով արբիտրաժային միջազգային նորմերի եւ ընթացակարգերի էվոլյուցիան եւ կատարելագործումը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ Դատարանին անդամակցելու վերաբերյալ իր նպատակահարմարությունը հիմնավորել է 2024 թվականի մարտի 5-ին ներկայացված եզրակացությամբ:
Կոնվենցիաների վավերացման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը հիշյալ կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ:
3. Նախագիծը մշակող մարմինը
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կողմից Հաագայի կոնվենցիաների վավերացումը, եւ համապատասխանաբար Դատարանին անդամակցումը, կարեւորվում է միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից: Անդամակցումը կարեւորվում է նաեւ Հայաստանի՝ տնտեսական զարգացման եւ ներդրումային գրավչության բարձրացման համատեքստում՝ հնարավոր ներդրողներին տալով լրացուցիչ իրավական երաշխիքներ:
Դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցումը լիովին համահունչ կլինի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու եւ դիվանագիտական լուծումներն առաջ տանելու Հայաստանի Հանրապետության հանձնառությանը:
Հարկ է նկատել նաեւ, որ այս պահին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Դատարանում քննվում են երկու միջպետական եւ մեկ ներդրումային վեճ տարբեր միջազգային պայմանագրերի ներքո:
Պետք է նշել նաեւ, որ Դատարանին անդամակցությունը հնարավորություն կտա նաեւ ազգային մակարդակում իրենց գործունեությունը ծավալող իրավաբանների թեկնածությունն առաջադրել որպես արբիտր՝ այդ թվում միջպետական վեճերի լուծման համար:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում կհանգեցնի փոփոխությունների:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 1.1 կետից:
ՏԵՂԵԿԱՆՔ
1899 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 1907 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաների կատարման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում՝ Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը, Արտաքին գործերի նախարարությունը եւ Արդարադատության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացություն
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եզրակացություն