Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9893-20.12.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասի՝

1) 5-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը օդանավակայանների մուտքերն ու ելքերը տեսանկարահանող տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից»  բովանդակությամբ հայտարարություններ:»:

Հոդված 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ  հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում դրանք կանխարգելելու (նախականխելու, կանխելու), հայտնաբերելու եւ բացահայտելու) համար:

Ըստ այդմ, մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության եւ այլ հակահասարակական վարքագծի դրսեւորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունեն: Ավելին, սույն նախագծերի փաթեթով սահմանված տեխնիկական միջոցների եւ դրանց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետեւ՝ Ոստիկանություն) հասանելիության՝ դրանք վերջինիս տեսադաշտում ներառման ապահովումն ու դրանց նկատմամբ ոստիկանության կողմից վերահսկողության հաստատումը, հասարակական անվտանգության ապահովման այլ միջոցների նկատմամբ ունի գործնական մեծ առավելություն, քանի որ այն իրական (ռեալ) հնարավորություն է տալիս Ոստիկանությանը արագ արձագանքելու դրանցով արձանագրված (ֆիքսված) հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին:

Մինչդեռ, օրինակ, Երեւան քաղաքում ներկայումս, վերոնշյալ ապահովման ու վերահսկողության բացակայության պայմաններում, տեղի ունեցած հանցագործությունների եւ մյուս հնարավոր իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում Ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Այդ տեսախցիկների տեսագրություններին հետեւելու ու դրանց համապատասխան հասանելիություն ապահովելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման եւ վերջինիս ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության՝ նպաստելով նրանց կողմից համապատասխան տեղեկատվության արտահոսքի ու դրանով պայմանավորված խոչընդոտների առաձջացմանը, ինչն իր հերթին անհնարին է դարձնում կամ առնվազն դժվարացնում ու ձգձգում է համապատասխան դեպքերի «տաք հետքերով» հայտնաբերումն ու բացահայտումը: Խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին եւ ժամերին:

Այսպիսով՝ առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների եւ մյուս հնարավոր իրավախախտումների կանխարգելման (նախականխման, կանխման) ու դրանց դեմ պայքարի վերջիններիս հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայելու հսկայական ժամանակ, ապահովելու հիշյալ գործընթացների օպերատիվությունը, ինչպես նաեւ խուսափելու նույն գործընթացների կապակցությամբ տարաբնույթ ու տարատեսակ օպերատիվ-հետախուզական ու վարութային-քննչական մեծածավալ միջոցառումներ ու գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունից՝ այդ ընթացքում խնայելով նաեւ հսկայական ժամանակ, մարդկային ռեսուրս եւ ֆինանսանյութական միջոցներ: Նշվածն իր հերթին հնարավորություն կտա բարձրացնել Ոստիկանության գործունեության արդյունավետությունը, լուծել գործնականում ծագած վերոնշյալ եւ մի շարք այլ նույնաբնույթ խնդիրներ, արդիականացնել հասարակական կարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտները՝ առանց սահմանափակելու անձանց սահմանադրական իրավունքների ապահովման երաշխիքները:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում Ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:

Վերոնշյալ մարմիններից ու կազմակերպություններից պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի՝

ա. տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն,

բ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման
հնարավորություն,

գ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման եւ պահպանման հնարավորություն,

դ. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն,

ե. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի
բեռնման, արտահանման հնարավորություն,

զ. առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների եւ դիտման սարքերի հասանելիության հնարավորություն:

Բացի այդ, նախագծերի փաթեթի համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կունենա՝

1) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու անձանց նույնականացում բացառապես այն դեպքում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն.

2) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում հետեւյալ նպատակներով.

ա.  Իրավախախտումների կանխարգելման (նախականխման, կանխման), հայտնաբերման ու բացահայտման,

բ. հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման,

գ. քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման,

դ. անհետ կորած քաղաքացիների եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման,

ե.  հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման.

3) տեսահսկման համակարգերը կիրառելու նաեւ հետեւյալ նպատակներով.

ա. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման,

բ. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ  համագործակցության,

գ. օրենքով չարգելված նպատակներով պետական եւ ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման եւ այլն:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համագործակցելով:

 6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ 24/7  ժամանակի ռեժիմով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն