Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-991-24.12.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Սույն թվականի հունիսի 11-ին Երեւանում կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար:

Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցության եւ փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման նպատակով տեղեկատվության փոխանակման արարողակարգերի պարզեցում եւ հստակեցում:

Համաձայնագրի կիրառմամբ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջեւ հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված տեղեկատվության փոխանակման եւ հարցումների իրականացման ընթացում առաջացող խնդիրները: Երկու երկրների մաքսային մարմինների միջեւ փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ իրավակիրարկմանը՝ նպատակաուղղված մաքսային վարչարարության ընթացքում ծագող խնդիրների կարգավորմանը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ ապրանքաշրջանառության բարձր ցուցանիշները՝ Համաձայնագիրը կնպաստի նաեւ ապրանքների արտահանման եւ ներմուծման ժամանակ առաջացող հարցերի առավել արագ եւ օպերատիվ արձագանքմանն ու պատշաճ լուծմանը:

Համաձյան ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացության՝  Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված դրույթների ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված եզրակացության՝ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագիրը նախատեսում է Կողմերի մաքսային մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանակում:

Ելնելով վերոնշյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսվելու հիմքով Համաձայնագիրը ենթակա է վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

Համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացության՝ կարեւորելով Հայաստանի եւ ԱՄՆ մաքսային մարմինների միջեւ փոխադարձ օգնության իրավական հիմքերի կատարելագործումը, 2024 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Համաձայն ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության՝ Համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Համաձայնագրի վավերացումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1 363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի: Կառավարությունը շարունակելու է հետեւողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման եւ խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաեւ տնտեսական եւ քաղաքական ոլորտներում երկխոսությունը:

 Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի հունիսի 11-ին:

Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ, երկու երկրների միջեւ առկա են ինտենսիվ բարձրաստիճան շփումներ:

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում, 2024թ. հունիսի 11-ին Երեւանում կայացած ամփոփիչ նիստի ընթացքում երկու երկրները հանձնառություն են ստանձնել առավել ընդլայնել եւ զարգացնել համագործակցությունը տնտեսության եւ էներգետիկայի, պաշտպանության եւ անվտանգության, ինչպես նաեւ արդարադատության, ժողովրդավարության եւ իրավապահ ոլորտներում, ինչպես նաեւ մշակել եւ համաձայնեցնել առաջիկա ժամանակահատվածում համագործակցության համար ճանապարհային քարտեզ:

Երկկողմ բազմաշերտ օրակարգում կարեւորվում է համագործակցության խթանումը Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային մարմինների միջեւ:

Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդմանը:

Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրում արտացոլված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման եւ խորացման ուղղությամբ հետեւողական աշխատանքների շարունակման մասին դրույթին:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ կարեւորելով Հայաստանի եւ ԱՄՆ մաքսային մարմինների միջեւ փոխադարձ օգնության իրավական հիմքերի կատարելագործումը, 2024 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի հունիսի 11-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի միջեւ դիվանագիտական գրությունների փոխանակման գործընթացում՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելու վերաբերյալ նշումով՝ վերջին գրությունն ուղարկելու  օրվանից:

2024թ. հուլիսի 4-ի դրությամբ ամերիկյան կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագիրը նախատեսում է Կողմերի մաքսային մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանակում:

Ելնելով վերոնշյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Նախագիծը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների միջեւ փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանվում է հետեւյալը.

1. Հարցումն ստացող Կողմը սովորաբար վճարում է հարցումը կատարելու հետ կապված բոլոր ծախսերի դիմաց՝ բացառությամբ փորձագետների եւ վկաների, ինչպես նաեւ գրավոր եւ բանավոր թարգմանության ու սղագրության հետ կապված ծախսերի, որոնք վճարում է Հարցում ներկայացնող կողմը:

2. Եթե հարցումը կատարելու ընթացքում ակնհայտ է դառնում, որ հարցման կատարումն ավարտելու համար պահանջվում են չնախատեսված ծախսեր, ապա մաքսային մարմինները խորհրդակցում են՝ որոշելու համար այն ժամկետներն ու պայմանները, որոնց համաձայն կարող է շարունակվել հարցման կատարումը:

Վերոնշյալ դրույթների ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության:

ԱՎԱԳ  ԱՎԱՆԵՍՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի հուլիսի 12-ի թիվ /5-4/42973-2024 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝     ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն