Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-990-24.12.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածի 3-րդ մասում  «հաշվանցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ օրենքով սահմանված այլ դեպքերի» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի 886.2-րդ հոդվածով կամ» բառերը:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 886.2-րդ հոդվածով.

«Հոդված 886.2. Փոխարկելի փոխառություն

Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի եւ (կամ) տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում եւ պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի եւ դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր):
Փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 391-ինհոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական կազմակերպությունները կարող են կնքել փոխարկելի փոխառության պայմանագրեր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով եւ պայմաններով:
Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման եւ տեղաբաշխման կարգը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով:
Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը սահմանվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով:

Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներն իրականացված է համարվում Հայաստանի Հանրապետության դրամով՝ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով: Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով պետք է նաեւ սահմանվի, որ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում է ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի նույն օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:»:

Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: