Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10221-10.03.2025-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26.2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 26.2. Հատուկ նշանակության եւ հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական եւ մշակութային հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները

1. Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության, այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետով, 13-րդ եւ 14-րդ հոդվածներով, 17-րդ հոդվածի 18-րդ մասով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 2-րդ մասով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների ապահովմամբ:

2. Հողային օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական եւ մշակութային հողերում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության թույլտվությունների, շինարարության ավարտական եւ շահագործման ակտերի տրամադրման հարաբերությունները կարգավորվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: