Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացված կամ կազմված լինելու դեպքում պահվում են թղթային եւ էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ներկայաված եւ կազմված բոլոր փաստաթղթերը՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում.
1) 7-րդ կետում «բանկը,» բառից հետո լրացնել «սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով» բառերը,
2) լրացնել նոր 7.1)-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.
«7.1) ապահովում է պետական գրանցման էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, մուտքագրման, տեխնիկակական միջոցներով դիմումատուի լուսանկարման եւ դրա մշակման գործընթացը.»:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում.
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող պետական գրանցման սուբյեկտի ներկայացրած դիմումը: Պետական գրանցման դիմումը ներկայացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, երբ դիմումը կարող է ներկայացվել նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի որեւէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից):»,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակում դիմում մուտքագրելիս դիմողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով եւ դիմումի հետ ներկայացնի`»,
3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Դիմողի ինքնությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա եւ համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվում է նրա ներկայությունը: Ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը տեսաներածվում եւ մուտքագրվում են պետական գրանցման էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստում է ներկայացված փաստաթղթերի եւ տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերում հավասար իրավաբանական ուժ ներկայացված փաստաթղթերի հետ, այնուհետեւ դիմողին են վերադարձվում վերջինիս կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը: Անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի եւ դրանց մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերին: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվում է համակարգի կողմից ձեւավորված շտրիխ կոդ պարունակող քաղվածք, որում նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը եւ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:»,
4) լրացնել նոր 8.1.-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«8.1. Պետական գրանցման էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի տեսաներածման, մուտքագրման, տեխնիկակական միջոցներով դիմումատուի լուսանկարման եւ դրա մշակման կարգը, ինչպես նաեւ դիմողին տրամադրվող շտրիխ կոդ պարունակող քաղվածքի ձեւաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»,
5) 9-րդ մասում «ներկայացված» բառից հետո լրացնել «եւ տեսաներածված» բառերը:
Հոդված 4.
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող իրավական ակտն ընդունվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Առկա իրավիճակը
Կադաստրի կոմիտեի հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ վերջին տարիներին միտված են եղել թվայնացմանը, թղթային փաստաթղթաշրջանառության կրճատմանը՝ առաջնահերթությունը տալով էլեկտրոնայինին, որի նպատակով էլ կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում հստակ ամրագրվել է այն սուբյեկտների (ինչպես նաեւ դիմումների) շրջանակը, որոնք անշարժ գույքի պետական ռեգիստր կարող են դիմել բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով: Անհրաժեշտ է ընդգծել, որ վերոնշյալ փոփոխությունների համատեքստում Օրենքի 24-րդ հոդվածի կարգավորումներին անդրադարձ չի կատարվել, որի ներկայիս խմբագրության տրամաբանությամբ ներկայացված է, որ անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու առաջնային եւ հիմնական տարբերակը շարունակում է մնալ սպասարկման գրասենյակ ներկայանալը, իսկ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայք-էջի էլեկտրոնային համակարգը դիտարկվել է որպես բացառություն, ինչը համահունչ չէ Օրենքի այլ դրույթների հետ:
Օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում են քաղաքացու կողմից Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում դիմում եւ կից փաստաթղթեր ներկայացնելու պահանջները եւ ընթացակարգը, մասնավորապես՝ ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը մուտքագրվում են դիմողի ներկայությամբ եւ գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում, որից հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ նշելով դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը եւ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:
Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում դրանք պահվում են թղթային եւ էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:
2. Ակնկալվող արդյունքը
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման վարույթի հարուցման հիմք է իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կողմից անշարժ գույքի պետական ռեգիստրի որեւէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) ներկայացված դիմումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Այսինքն, չնայած Օրենքում կատարված փոփոխություններին, անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու առաջնային եւ հիմնական տարբերակը այս դրույթի համաձայն շարունակում է մնալ սպասարկման գրասենյակ ներկայանալը, իսկ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգով դիմում ներկայացնելը ձեւակերպված է որպես բացառություն:
Վերոգրյալի հաշվառմամբ Օրենքի արդեն իսկ գործող կարգավորումներին համընթաց անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ նախատեսել նաեւ Օրենքի 24-րդ հոդվածում: Նշվածի հիմքով Նախագծով փոփոխություն է կատարվում Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում՝ ամրագրելով, որ անշարժ գույքի պետական ռեգիստր դիմելու համար որպես առաջնային եւ հիմնական տարբերակ դիտարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգը, իսկ սպասարկման գրասենյակ այցելելը՝ որպես բացառություն Օրենքով հստակ սահմանված դեպքերի համար:
Միեւնույն ժամանակ, ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների մեծացումը, ինչպես նաեւ թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ ներկայումս առաջնահերթ է դարձել Oրենքի նախագծի մշակումը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաեւ հստակ սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի թղթայի տարբերակով ներկայացման եւ դրանք էլեկտրոնային տարբերակի վերածելու կարգը, մասնավորապես՝ դիմողի ինքնությունը ստուգվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի կամ սահմանված կարգով հաստատված պատճենի հիման վրա եւ համապատասխան տեխնիկական միջոցներով իրականացված լուսանկարի հիման վրա հավաստվելու է նրա ներկայությունը, առանց որոնց դիմում չի ընդունվելու, որոնց համար դիմողը հաստատելու է անձնական տվյալները մշակելու համար պահանջվող գրավոր համաձայնությունը: Ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը տեսաներածվելու եւ մուտքագրվելու են պետական գրանցման էլեկտրոնային համակարգ: Դիմողը համապատասխան էլեկտրոնային ստորագրության սարքի միջոցով իր ստորագրությամբ հավաստելու է ներկայացված փաստաթղթերի եւ տեսաներածված փաստաթղթերի համապատասխանությունը, որի արդյունքում վերջիններս ձեռք են բերելու հավասար իրավաբանական ուժ ներկայացված փաստաթղթերի հետ, այնուհետեւ դիմողին են վերադարձվելու վերջինիս կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը: Դիմումի մուտքագրումից հետո դիմողին տրամադրվելու է համակարգի կողմից ձեւավորված շտրիխ կոդ պարունակող քաղվածք, որում նշվում են դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը եւ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:
Նախագծով կատարվող փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի եւ դրանց մյուս օրինակների միջեւ հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերին: Նշված դրույթը սահմանելիս հաշվի է առնվել գործող նմանատիպ օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես՝ «Նոտարիատի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ պարբերությունը, որի համաձայն՝ վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, սակայն նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի եւ մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին: Բացի այդ, անհրաժեշտ է ընդգծել, որ տվյալ նորմի սահմանումը դիտարկվել է որպես լրացուցիչ զսպող մեխանիզմ, նպատակ ունենալով նվազեցնելու այն հնարավոր բոլոր ռիսկերը, որոնք հետագայում կարող են ի հայտ գալ, օրինակ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղեկատվական բանկում առկա եւ հետագայում դրան հակասող նմանօրինակ այլ փաստաթղթի ներկայացման դեպքերը, որոնք էլ իրենց հերթին կարող են դատական վեճերի առարկա հանդիսանալ:
Միեւնույն ժամանակ, սահմանվում է, որ պետական գրանցման էլեկտրոնային համակարգ դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի մուտքագրման եւ տեխնիկական միջոցներով դիմումատուի լուսանկարման կարգը, ինչպես նաեւ դիմողին տրամադրվող շտրիխ կոդ պարունակող քաղվածքի ձեւաթուղթը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
Նախագծով նախատեսվում է նաեւ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել դրույթ առ այն, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված եւ կազմված բոլոր փաստաթղթերը պահվելու են միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:
3.Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10.6-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում