Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10954-02.06.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմնի գույքը ձեւավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) շարժական գույքից եւ Կառավարության սահմանված կարգով վարձակալած անշարժ գույքից:».

2) 6-րդ մասում «հանձնվում է» բառից հետո լրացնել «կամ վարձակալությամբ է տրամադրվում» բառերը.

3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7. Սույն օրենքով սահմանված կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնին, ենթակա պետական մարմնի համար ձեռք բերված շարժական գույքը եւ այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ Կառավարության սահմանված կարգի համաձայն դադարեցնել անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:».

4) 8-րդ մասում «իրենց հանձնված» բառերից հետո լրացնել «կամ վարձակալած» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետում «ամրացված կամ օգտագործման հանձնված» բառերը փոխարինել «հանձնված կամ վարձակալության տրամադրված» բառով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Պետական մարմնին, ենթակա պետական մարմնին հանձնված շարժական, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի կազմը եւ չափը որոշում է Կառավարությունը: Կառավարությունը որոշում է նաեւ հանձնվող կամ վարձակալությամբ տրամադրվող գույքի օգտագործման եւ տիրապետման կարգը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված կամ վարձակալած» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված կամ վարձակալած» բառերով:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «ամրացված» բառը փոխարինել «հանձնված» բառով:

Հոդված 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի հունվարի 10-ը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը Հայատանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաեւ համապատասխան պայամանագրերի գործողությունների դադարեցման գործընթացը:

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 10-ից:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը եւ նպատակը

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու համար հիմք ընդունել պետական գույքի արդյունավետ կառավարման սկզբունքները, որը քննարկվել եւ հավանության է արժանացել Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 26.03.2024թ. նիստում:

Պետական գույքի արդյունավետ կառավարումը հանդիսանում է պետական ֆինանսների կայունության եւ պետական ռեսուրսների թափանցիկ բաշխման կարեւոր բաղադրիչ: Գործող կարգավորումները, որոնք թույլ են տալիս պետական մարմիններին պետական գույքը օգտագործել անհատույց, իրենց մեջ ներառում են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ թափանցիկության պակաս, վերահսկողության սահմանափակում եւ պետական բյուջեի եկամուտների հնարավոր կորուստ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից կատարված մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք դեպքերում պետական մարմիններն ու կազմակերպությունները պետական սեփականություն հանդիսացող տարածքները օգտագործում են ոչ ամբողջ ծավալով, մի շարք դեպքերում էլ տրամադրում են վարձակալության առանց իրավական հիմքերի, իսկ պետությունը զրկվում է այդ տարածքներից եկամուտ ստանալու հնարավորությունից: Մինչդեռ վարձակալության տրամադրման պարագայում պետական մարմինները եւ կազմակերպությունները տարածքները վարձակալելու են հիմք ընդունելով մոտարկված կադաստրային արժեքը, իսկ արդյունքում ազատված տարածքները կամ օտարվելու են կամ տրամադրվելու են վարձակալությամբ շուկայական գնահատման եւ սակարկությունների արդյունքում ձեւավորված արժեքի հիման վրա, ինչն էլ հանդիսանալու է պետական բյուջեի միջոցների ավելացման աղբյուր: Որպես պետական բյուջեի միջոցների ավելացման աղբյուր է ծառայելու նաեւ պետական ոչ առեւտրային եւ առեւտրային կազմակերպություններից գանձվող վարձակալական վճարները, քանի որ գրեթե բոլոր դեպքերում, վերջիններս գումարները վճարելու են ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված միջոցներից:

Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ Շվեդիայի, Ֆինլանդիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի (կից ներկայացվում է) եւ տնտեսական արդյունավետության պահանջները՝ նպատակահարմար է օրենսդրական փոփոխություն իրականացնել, որի արդյունքում պետական մարմինները պետական գույքը կվարձակալեն պետությունից անհատույց օգտագործման փոխարեն: Միջազգային փորձի ուսումնասիրությունը բերում է այն եզրահանգման, որ Վարձակալության վրա հիմնված կառավարման հիմնական առավելություններն են.

1. Ծախսերի փոխհատուցումը. գույքի կառավարման գործառնությունների ֆինանսավորում` առանց պետական բյուջեների վրա հենվելու:

2. Արդյունավետ տարածքի օգտագործումը. մարմինները նվազագույնի են հասցնում ավելորդ տարածքը՝ վարձակալության ծախսերը նվազեցնելու համար:

3. Հստակ հաշվետվողականությունը. ծախսերը թափանցիկ են եւ կապված են գործակալությունների բյուջեների հետ:

4. Խրախուսված սպասարկումը. մարմինները ֆինանսական շահաբաժին ունեն իրենց վարձակալած տարածքները արդյունավետորեն պահպանելու հարցում:

Այս մոդելները ցույց են տալիս, թե ինչպես են վարձակալության վրա հիմնված համակարգերը խթանում պետական գույքի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը

Առաջարկվող Նախագծի ընդունման նպատակներն են.

բարձրացնել պետական գույքի օգտագործման թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը,

ապահովել բյուջետային լրացուցիչ եկամուտների հոսք,

նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ շահերի բախման հնարավորությունները,

ապահովել պետական մարմինների պատշաճ պատասխանատվությունը գույքի պահպանման եւ օգտագործման համար:

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Գործող անհատույց օգտագործման համակարգում առկա են հետեւյալ խնդիրները.

Թափանցիկության պակաս՝ գույքի օգտագործման գործընթացները հաճախ չեն ենթարկվում պատշաճ վերահսկողության, իսկ իրականացման համար համապատասխան լիազոր մարմինները չունեն բավարար ռեսուրս:

Կոռուպցիոն ռիսկեր՝ անհատույց օգտագործման պայմանները կարող են նպաստել ոչ նպատակային եւ անարդյունավետ օգտագործմանը:

Պատասխանատվության ցածր մակարդակ՝ օգտագործող պետական մարմինները չունեն պատշաճ ֆինանսական պարտավորություններ գույքի պահպանման եւ արդյունավետ օգտագործման համար:

Պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալելու գորընթացը կանոնակարգելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն իրականացրել է համապատասխան իրավական ակտերի ուսումնասիրություն:

Մասնավորապես.

- համաձայն «Գնահատման գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի՝ գնահատումը պարտադիր է պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի,

- համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝ պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաեւ ենթակա պետական մարմնի գույքը ձեւավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Պետական մարմնի գույքը հանձնվում է՝ իրավական ակտին համապատասխան, որը Կառավարության սահմանած կարգով հաշվառվում է նրա հաշվեկշռում: Կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնի, ենթակա պետական մարմնի համար ձեռք բերված գույքը եւ այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը,

- համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝

1. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:

2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:

3. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Պետական կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:

Վարձակալության չհանձնված ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ:

Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

4. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպության ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

5. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»,

- համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ ընկերության հիմնադիրները կնքում են ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է տեղեկություններ ընկերության կանոնադրական կապիտալի չափի վերաբերյալ, որն իր մեջ ներառում է նաեւ կազմակերպության գույքը, ինչ վերաբերում է ընկերություններին ամրացվող անշարժ գույքին, ապա դա իրականացվում է համապատասխան կառավարության որոշումների հիման վրա: Ընկերություններին գույքի ամրացման կամ վարձակալությամբ ձեռքբերման գործընթացները առանձին կարգավորված չեն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով,

- համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի 8-րդ հոդվածի՝ հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական եւ (կամ) ֆինանսական միջոցները: Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով: Հիմնադրամի գույքի ձեւավորման աղբյուրները եւս սահմանված են օրենքով: Հիմնադրամների մասով եւս անհրաժեշտություն է առաջանալու սահմանել համապատասխան կարգավորումներ: Հիմնադրամներին գույքի ամրացման կամ վարձակալությամբ ձեռքբերման գործընթացները եւս առանձին կարգավորված չեն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով:

- համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30 հոդվածի հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պետական գույքն անհատույց օգտագործման է հանձնվում հիմնադրամներին: Այս հանգամանքով պայմանավորված փոփոխություններ է կատարվել է Օրենքում, մասնավորապես՝ Օրենքի 29-րդ հոդվածը վերաշարադրվել է, սահմանվել են պետական գույքի վարձակալության սուբյեկտները եւ վարձակալության տրամադրման եղանակները, ինչպես նաեւ հստակեցվել են պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական իրավական ակտերի վերաբերող դրույթները, իսկ 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «եւ հիմնադրամներին» բառերից հետո լրացվել է «բացառությամբ պետական ոչ առեւտրային կազմակերպություններից վերակազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների» բառերով, հաշվի առնելով, որ վերջիններիս գույքն անհատույց օգտագործմամբ չի տրամադրվելու:

- համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի՝

Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման են տրամադրվում`

1) պետական կամ համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.

Նախագծով նախատեսվում է 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կատարվել է լրացում եւ փոփոխություն, իսկ 76 րդ հոդվածը, որով կանոնակարգված է՝ պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը, Նախագծով նախատեսված է 4-րդ մասը լրացնել նոր 5-րդ կետով:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Վերոնշյալ իրավական ակտերի ուսումնասիրության հիմքով առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նշված օրենսդրական իրավական ակտերում, իսկ 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների եւ հիմնադրամների մասով համապատասխան կարգավորումներ են սահմանվել: Օրենսդրական իրավական ակտերի փոփոխությունների ընդունման հիմքով համապատասխան կարգավորումներ կսահմանել նաեւ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության եւ անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերում:

Այս նպատակով, ինչպես նաեւ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 26.05.2024թ. նիստի N ԿԱ/93-2024 արձանագրության 7.1 բ) ենթակետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է նշված օրենսդրական իրավական ակտերի նախագծերը:

2. Ակնկալվող արդյունքը

Վարձակալության պայմանագրերը հնարավորություն են տալիս պետությանը հաշվարկել, թե որքան գումար է ծախսվում տվյալ տարածքի համար, թեեւ այն պետական մարմինների օգտագործման համար է տրամադրվում: Այսպիսով, պետական մարմինները պետք է վճարեն վարձը, ինչը տանում է ծախսերի ճանաչման եւ հաշվառման գործընթացի բարելավման: Վարձակալության գումարը կարելի է պլանավորել պետական բյուջեում՝ ինչպես այլ ծախսեր, ինչպիսիք են վարձակալության համար պահանջվող ներդրումները կամ սպասարկման ծախսերը:

Եթե տարածքները վարձակալվում են, ապա պետությունը կարող է գործել որպես ծախսի մոնիտորինգի եւ հաշվետվությունների տրամադրման տեսանկյունից, քանզի վարձավճարները թույլ են տալիս պետությանը ավելի կոնկրետ կերպով վերահսկել ֆինանսական միջոցների ուղղումը: Ներդրումները, որոնք կատարվում են այդ տարածքների համար, պետք է ակնհայտ լինեն՝ հեշտությամբ գնահատելի տարբերակների միջոցով:

1. Ծախսերի հստակ հաշվառում

Վարձակալության դեպքում հնարավոր կլինի ճշգրիտ գնահատել, թե ինչքան գումար է անհրաժեշտ տարածքների պահպանման եւ օգտագործման համար: Այդ տվյալները կօգնեն ավելի ճիշտ պլանավորել բյուջեն եւ նվազեցնել չարդարացված ծախսերը: Անհատույց տրամադրման դեպքում այդ ծախսերը հաճախ թաքնվում են ընդհանուր բյուջետային հոդվածներում:

2. Պատասխանատվության խթանում

Վարձակալության պայմաններում պետական մարմինները ստիպված կլինեն ավելի պատասխանատու կերպով վերաբերվել տարածքների օգտագործմանը: Նրանք կգիտակցեն, որ այդ տարածքները ունեն հաշվարկային արժեք, եւ դա կօգնի խուսափել տարածքների անարդյունավետ կամ չարաշահված օգտագործումից:

Յուրաքանչյուր պետական մարմին կտեղեկացնի, թե որքան է վճարում տարածքների վարձակալության համար, ինչի արդյունքում հանրությունը կկարողանա հետեւել պետական ֆինանսների կառավարմանը:

Այսպիսով, նույնիսկ եթե վարձակալության գումարը պետությունն է վճարում, այս մոդելը կարող է նպաստել պետության բյուջեի ավելի հստակ եւ պատասխանատու կառավարմանը, ինչպես նաեւ արդյունավետության բարձրացմանը:

Ակնկալվող արդյունքը ներկայացնենք նաեւ հաշվի առնելով միջազգային փորձի վերլուծությունը՝

Շվեդիայում պետական գույքի վարձակալության պայմանագրերը հրապարակվում են հանրային եւ վարձակալող մարմինները պարբերաբար հաշվետվություն են ներկայացնում գույքի օգտագործման արդյունավետության վերաբերյալ:

Վարձավճարը հաճախ հիմնվում է շուկայական գների վրա, ինչը խթանում է արդար եւ մրցակցային միջավայր: Անհատույց օգտագործման դեպքում չկան շուկայական արժեքի հետ կապված մեխանիզմներ, ինչը կարող է հանգեցնել ռեսուրսների անարդյունավետ բաշխման: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում պետական մարմինները վարձակալում են գույք շուկայական արժեքներին մոտեցված սակագներով, իսկ վարձակալության պայմանները եւ գները սահմանվում են անկախ գնահատողների կողմից: Բոլոր գործարքները թափանցիկ են եւ ենթակա են աուդիտի:

Իրավական ակտերի ընդունման դեպքում կկանոնակարգվի պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալությամբ տրամադրելու գորընթացը, որի նպատակն է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձացումը՝ չօգտագործվող տարածքների բացահայտումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն